Ո՛Չ ԱՆՈՒՆՆ ԵՄ ՀԻՇՈՒՄ, Ո՛Չ ՔԻՄԻԿՆԵՐԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 8-ին գրել էր, որ Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա ներում է շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի է` գտնվում է անազատության մեջ: Ներում են ստացել «Քիմիկների գործով» մեղադրյալներ Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեպեջյանը, Սամվել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար:

Հատկապես այս վերջին գործի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին դիմել է «Քիմիկների գործով» մեղադրյալներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով: Բանն այն է, որ Սամվել Խաչատրյանի ընտանիքը քավոր- սանիկական հարաբերութունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների հետ: Ուստի չի բացառվում, որ երկրորդ նախագահի ընտանիքը դիմել է արդարադատության նախարարին, որ նա անձամբ Սերժ Սարգսյանին դիմի եւ Սամվել Խաչատրյանի համար ներում խնդրի: Սամվել Խաչատրյանը 2010 թվականից անազատության մեջ է եւ առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել 12 տարի ժամկետով: Ասել է, թե Խաչատրյանը արդեն 8 տարի է, ինչ կրում է իր պատիժը, եւ նրա պատժի կրմանը մնացել է ընդամենը 4 տարի:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ զրուցեց այս եւ այլ թեմաների շուրջ:
-Պարո՛ն Հարությունյան, տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Սերժ Սարգսյանը կոնկրետ անձանց ներում է շնորհել, Ձեզ Սերժ Սարգսյանի կողմից դիմում չի ներկայացվե՞լ, որ կոնկրետ աձանց ազատ արձակեք, քանի որ նրանք արժանացել են Սերժ Սարգսյանի ներմանը:
-Նախագահը պարբերաբար ներմում է շնորհում տարբեր անձանց, եւ այդ պրոցեսը ավտոմատիզմ է, առանց նախարարի մասնակցության, անմիջապես այն կատարվում է քրեակատարողական ծառայության կողմից, նախագահի իրավասությունն է ներում շնորհել:
-Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Դուք դատապարտյալներից մեկին ներում շնորհելու համար անձամբ Սերժ Սարգսյանին եք դիմել: Ո՞ւմ համար եք միջնորդել:
-Որեւէ մեկի հետ կապված ներման հարցով չեմ դիմել:
-Բայց մենք անգամ լուրեր ունենք, թե Դուք կոնկրետ որ դատապարտյալի համար եք Սերժ Սարգսյանին դիմել. 2010 թվականին «Քիմիկների գործ» անվանումը ստացած քրեական գործով դատապարտյալ Սամվել Խաչատրյանի համար:
-Կասեք` ո՞րն է քիմիկների գործը:
-«Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար, եւ Սամվել Խաչատրյանը այս գործով մեղադրյալներից մեկն է:
-Ո՛չ անունն եմ հիշում, ո՛չ քիմիկների գործն եմ հիշում:
-Այսինքն` երբեւէ որեւէ մեկի համար չե՞ք միջնորդել, որ ներում շնորհեն, մեր տեղեկությունները հավաստի են:
-Շատ լավ է, որ Ձեր տեղեկությունը հիմնավոր է, բայց ես Սամվել Խաչատրյան բարեկամ ունեմ, որը երբեւէ դատապարտված չի եղել եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Կրկնում եմ` չեմ հիշում նման մարդ, չեմ հիշում նման քրեական գործ եւ որեւէ մեկ անգամ որեւէ մեկին չեմ դիմել նման հարցով:
-Ձեր թույլտվությամբ կցանկանայի անդրադառնալ վերջերս կատարված ԱԱԾ բացահայտմանը, 400.000 դրամի կաշառքի համար ձերբակալվել էր ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության, Երեւան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն: Նա այդ քայլին գնացել էր` դատապարտյալին պատժի կրումից ազատելու համար: Կոնկրետ Ձեր ենթակայության տակ գտնվող ծառայությունում նման դեպքերը բացառելու համար ի՞նչ մեխանիզմներ եք պատրաստվում ներդնել, որ պետերը դատապարտյալների հետ գործարքի չգնան:
-Գիտեք` յուրաքանչյուր նման դեպք չէ, որ մեզ ստիպում է մշակել պաշտպանիչ միջացառումներ, եւ նմապատիպ միջացառումներ տարվում են: Օրինակ` եթե անձը չի վճարում տուգանք, պրոբացիոն ծառայողը որեւէ կերպով չի կարող ազդել գործընթացի վրա, այլ պարտավոր է գործերն ուղարկել դատարան, եւ վերահսկողական մեխանիզմով ստուգում ենք` արդյո՞ք նա կատարում է իր հրահանգը, թե՞ ոչ: Այսինքն` հրահանգներ, որոնք նվազեցնում են անձանց հայեցողությունը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

«ՔՐՈՋԴ ԽԱԹԵՐ ԲԱՑ ԿԹՈՂԵՆՔ»
Արդեն ծեծված քաղաքացուն Հրազդան քաղաքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործով բացահայտումները շարունակվում են: Հիշեցնենք՝ կալանավոր Էդգար Ասատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2018թ.-ի հունվարի 1-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության Հրազդանի աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել բաժին` պահանջելով ցուցմունք տալ կատարվածի մասին, այնուհետեւ ծեծել: Իսկ ահա Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանն էլ պնդում է, թե քաղաքացին է հարվածել ոստիկանին եւ կոտրել նրա քիթը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կալանավոված Էդգար Ասատրյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ուշագրավ մանրամասներ պատմեց կատարվածից: Ըստ պաշտպանի` 2018 թվականի հունվարի 1-ին Դիլիջան քաղաքում բնակվող Էդգար Ասատրյանը քրոջ հետ գնացել է Հրազդան քաղաք` իրենց մտերիմներից մեկի Նոր տարին շնորհավորելու. «Հրազդան քաղաքում ճանապարհին Էդգարի մեքենային հանդիպակաց մեքենա է եկել, ու լույսերը կուրացրել են նրա աչքերը: Նա ազդանշան է տվել, ու մեքենան աջ թեքելով` հարվածել է: Այդ ամենից հետո Էդգարը իջել է մեքենայից, ու այդ ժամանակ նրան են մոտեցել 3-4 անծանոթ տղաներ` ռուսական համարաներով, սկսել են ծեծի ենթարկել, որից հետո թողել, հեռացել են»:
Ըստ պաշտպանի` կարճ ժամանակ անց ծեծված էդգարին է մոտեցել ոստիկանության մեքենան, ոստիկաններն ասել են, որ ահազանգ ունեն, թե մարդ ու կին ծեծում են իրար, ուստի իրենց պետք է տանեն բաժին: Արդյունքում` Էդգարը հրաժարվել է գնալ, սակայն Էդգարին եւ նրա քրոջը հարկադրաբար տարել են ոստիկանության Հրազդանի բաժին.«Բաժնում Էդգարն ասում է, որ չգիտի` ովքեր են իրեն ծեծի ենթարկողները, քանի որ հրազդանցիներին ծանոթ չէ: Բաժնում սկսվում է հրմշտոց, աստիճանների վրա Էդգարին հարվածում են: Հարվածում են դեմքին, գլխին, ոտքերին, էդգարը ուշագնաց է լինում: Մի խոսքով, կալանավորում են, քույրը ասում է` էս ինչ եք անում, ասում են` քո քրոջ խաթեր քեզ բաց կթողնենք: Բայց առավոտյան ասում են, թե չեն կարող նրան բաց թողնել»,- ասաց նա:
Ըստ պաշտպանի` այդ դեպքով երեք քրեական գործ կա հարուցված, որոնցից մեկով էդգարը տուժող է ճանաչվել. «Ցանկացած պայմաններում, եթե ոստիկանության շենքում հանկարծ ձեւակերպվում է, թե իբր քաղաքացին դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին, եւ հոդված են դնում, սա արդեն հեղինակազրկում է ոստիկանության արժանապատվությունը: Ո՞նց կարող է քաղաքացին ոստիկանության շենքում դիմադրություն ցույց տալ, երբ 4-5 աշխատակից են եղել, նշանակում է` ծառայողական քննություն պետք է նշանակեն, բոլորին էլ հեռացնեն աշխատանքից»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԱՐԿՈՎ ՋԵՐՄՈՑ, ՊԱՐՏՔՈՎ ԾԱԽՍԵՐ

«Հողի վրա փող պիտի ծախսես, որ փող վերցնես»,- ասում է Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Միքայել Գյուլամիրյանն ու պարզաբանում, որ իրեն մի մեքենա ոչխարի չոր գոմաղբ է հարկավոր հիմա` հողը պարարտացնելու համար. «Բայց այդ 100 հազար դրամն այսօր ես չունեմ, որ առնեմ, իսկ հողը թուլությունից հիվանդանում է, եթե չես պարարտացնում: Դու չես տալիս հողին, հողն էլ քեզ չի տալիս»:

Միքայելը 2017թ. սարքել է 500 քմ մոմլաթով ծածկվող նոր տիպի ջերմոց, որը վերջին տարիներին հաճախ կիրառելի է Արարատյան դաշտում: Նախկին` ավանդական ջերմոցների համեմատ ավելի բարձր են` մինչեւ 7 մ, առավել մեծ` 1000 քմ, մինչ 2000 քմ եւ ավելի, հատկապես ֆերմերների տնտեսություններում: «Վարկով եմ սարքել, հին ջերմոցների մետաղե ձողերն ու խողովակներն էլ եմ օգտագործել, իսկ աշխատանքները բացառապես մենք ենք արել անցած գարնան ու ամռան ամիսներին, եթե վարպետի տայինք, չէինք կարող վճարել: Նման ջերմոցի ծախսը 4-5 մլն դրամ է նստում: Մոտ 1,5 մլն վարկ եմ վերցրել, տնից էլ ենք փող դրել, իմ ու տղաներիս աշխատածից, բայց դեռ վերջնական տեսքի չեմ բերել»,- ասում է Գյուլամիրյանն ու հավելում, որ նորից է դիմել բանկին վարկի համար, որպեսզի աշխատանքներն ավարտի: Բացի այդ` ուզում է եւս 120 քմ մեծացնել ջերմոցը, քանի որ տնամերձում համապատասխան չափով տեղ ունի, սակայն. «Բանկը վարկ չի տրամադրում, ասում է` մեծացրու, աշխատանքներն ավարտի, շուկայի համար էլ բերք ունեցի, նոր կտամ: Իսկ հիմա ես ջերմոցի կեսն եմ մշակում անավարտ լինելու պատճառով: Եթե պիտի իմ ուժերով աշխատանքներն ավարտեմ, էլ ինչո՞ւ եմ վարկ վերցնում»:
Ջերմոցի մի մասը մոմլաթով ծածկած չէ, ասում է, որ ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում, որպեսզի պղպեղի թաղար դնի. «Թաղարն ինքս եմ աճեցրել, 70 հազար դրամի գազ, նույնքան էլ հոսանք եմ ծախսել, այս տարի դեռ տաք էր, քիչ վառեցինք»: Նշում է, որ ամռանը մոտ 300 քմ քրիզանթեմ էր սածիլել ջերմոցում եւ դեկտեմբերին արդեն ծաղիկ ուներ. «Բայց այնքան էժան էր, որ կարելի է ասել` ծախսն ու չարչարանքը չարժեր ստացած եկամուտին: Հիմա չգիտեմ, թե պղպեղն ինչ գին կունենա ապրիլ-մայիս ամսին, երբ արդեն մշակածս բերքը հանեմ շուկա»:
Արարատյան դաշտի ջերմոցագործը խոսքի մեջ Թումանյանինն էլ է հիշատակում, թե մեր ունեցածն ինչ է` մի կտոր չոր հաց, էն էլ, հրեն հա, երկնքից կախված. «Իսկ այսօր մեր այդ մի կտոր հացը շուկայից է կախված, գներից»:
Տարվա տաք լինելն իր ջերմային առավելությամբ հանդերձ նաեւ տագնապներ հարուցող թերություններ ունի: «Արդեն լվիճն ու տիզը խեղդում են բույսին: Երեկ 2500 դրամի թույն եմ առել` սածիլը սրսկելու համար, իսկ արդեն մարգերում դրած ժամանակ ավելի շատ թույն ենք սրսկում` ամեն անգամ զգալի գումար ծախսելով: Չգիտեմ էլ, թե այս տարի, այս շոգի պայմաններում, ինչքան թույնի փող կտամ»,- ասում է Միքայելն ու իր ջերմոցային հաշվարկը ներկայացնում. սեմը հողը գցելու պահից մինչեւ բերքը շուկա տանելը մոտ 1000 դոլարի ծախս է նախատեսվում, ամիսը մոտ 200 հազար դրամ: Չգիտի էլ, թե տարին ինչպիսին կլինի, շուկայում ինչ գներ կլինեն, արդյո՞ք ստացված եկամուտը կարդարացնի ներդրված ծախսը, որ առայժմ պարտքով է անում:

ՖԵԼԻՔՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Արարատ




Լրահոս