Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհությունները դեռ ավելանում են: Բացի այս` լուրջ մտահոգություններ կան նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ որոշումից:
Այս թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, պոլիկլինիկայի ծառայությունների գծով, մեծահասակների պոլիկլինիկայի վարիչ, պետական բժշկական քոլեջի տնօրեն, բ. գ. դ., պրոֆեսոր Սպարտակ Միրզոյանի հետ: «Միշտ էլ դեղերը դեղատոմսերով են դուրս գրվել: Բժիշկ-հիվանդ փոխհարաբերության մեջ դեղատոմսը միշտ եղել է: Միայն 4-րդ դեղատոմսը, որը քրոնիկ հիվանդներին հերթերում երկար չկանգնելու համար է, ունեն կտրոնային ձեւ, ինչի պարագայում հնարավոր է վեց անգամ նույն դեղատոմսով դեղ գնել: Կարծում եմ` սա ճիշտ չէ: Քանի որ այն հնարավորություն է տալիս քրոնիկ հիվանդին ավելի ուշ հանդիպել իրեն բուժող բժշկին: Նրա խորհրդատվությունը ավելի ուշանում է. բայց հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում կարիք կա դեղի չափաբաժինը փոխելու կամ մեկ այլ դեղով փոխարինելու»,- ներկայացրեց Ս. Միրզոյանը:
Նրա ներկայացմամբ` դժգոհությունների պատճառներից մեկն էլ կապված է աչքի որոշ կաթիլների հետ: Բանն այն է, որ դրանց մի մասը պարունակում է հակաբիոտիկ եւ, բնականաբար, նոր կարգի համաձայն` առանց դեղատոմսի դեղատներում չեն վաճառվում: Սա խիստ անհանգստություն է պատճառում աչքի կաթիլների կարիք ունեցող հիվանդներին, քանի որ նրանք ժամանակի կորուստ են ունենում մինչեւ բժշկին դիմելը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետը նաեւ մտահոգվեց, որ դեղերի ցանկը ծանրաբեռնված է: Ապա առաջարկեց այն վերանայել, քանակն ավելի նվազեցնել: «Դեղերի ցանկի ծանրաբեռնված լինելը մտահոգիչ է նաեւ բժիշկների համար: Բացի այս` պետք չէ բժիշկներին զրկել կոնկրետ դեղի անունը գրելու իրավունքից: Չէ՞ որ բժիշկն ինքը ավելի լավ է տիրապետում, թե որ ընկերության դեղորայքը կարող է արդյունավետ լինել: Ավելի լարվածություն է ստեղծվում. կա՛մ բժիշկը դեղատոմսի վրա դեղի բաղադրությունը գրելուց բացի առանձին թղթի վրա պետք է գրի նաեւ ընկերության դեղորայքի անունը, կա՛մ էլ հիվանդին բանավոր կհուշի»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց պոլիկլինիկայի վարիչը:
Մեր զրուցակիցը դեղերի հետ կապված եւս մեկ խնդրի շուրջ բարձրաձայնեց` նշելով, որ այժմ իրենց արգելվել է հաշմանդամներին եւ սոցիալապես անապահով խմբի քաղաքացիներին անվճար դեղեր տրամադրել: Խոսքը ավելի քան 50 պացիենտի մասին է: Ի դեպ, այդ պացիենտների շարքում են ոչ միայն հաշմանդամություն, այլեւ սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիները: Պատճառը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի` վերջերս արձակած հրամանն է: «Մինչ այժմ մենք կարողանում էինք մեր` տնօրենի եւ ադմինիստրատիվ խորհրդի ներքին որոշումով մեր սպասարկման տարածքի հիվանդներին դեղորայքով պապահովել: Այժմ դա մեզ իրավաբանորեն արգելվել է: Նախարարի երկու տողանոց հրամանով արգելվել է դեղերի ցանկից դուրս հիվանդներին դեղորայքով սպասարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բուժհաստատությունը քաղաքացիներին հիմնականում անվճար տրամադրել է օմնիկ, նեբիլետ, էսենցիալ, նորիպրիլ եւ այլ դեղեր:
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի ծառայությունների գծով փոխտնօրեն Սպարտակ Միրզոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսեց նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումից: Ինչպես հայտնի է` մարտի 6-ից էլեկտրոնային առողջապահական համակարգին միացել են նաեւ պոլիկլինիկաները, դեղատները, ատամնաբուժարանները, լաբորատորիաները: Ի դեպ, մի քանի օր է, ինչ ստոմատոլոգները բողոքի ակցիաներ են անցկացնում: Պատճառն այն է, որ համակարգին միանալը լրացուցիչ ֆինանսական բեռ է, քանի որ աշխատող պետք է վարձեն, համակարգիչներ գնեն: Փաստորեն նման ֆինանսական բեռի տակ ընկնելու են նաեւ պոլիկլինիկաները:
«Մեր բոլոր բժիշկները պետք է ապահովված լինեն ինտերնետային կապով, համակարգիչ ունենան: Նրանցից գոնե 3-4 բժիշկ պետք է մի օպերատոր ունենա, իսկ դա նույնպես լրացուցիչ ծախս է: Ես պետք է նշեմ, որ նմանօրինակ գործընթացի հապշտապությունը շատ սխալ է: Դա ավելի լուրջ անհանգստություն կարող է առաջացնել ե՛ւ բժիշկների, ե՛ւ հիվանդների մոտ: Տարիքով բժիշկների կարեւորությունն ու անհրաժեշտությունը առողջապահության բնագավառում այսօր կա: Նրանք մեծ գործ են անում իրենց ակտիվ աշխատանքով ու իմացությամբ: Բայց պատկերացրեք, որ այդ տարիքի մարդկանց համար դժվարություններ կլինեն համակարգչից օգտվելիս: Ստացվում է, որ խիստ անհրաժեշտ բժիշկների այդ բանակի չաշխատելու համար արհեստականորեն պայմաններ ենք ստեղծում»,- մեծ ափսոսանքով նկատեց Սպարտակ Միրզոյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԸ «ՏՈՀՄԻԿ» ՄԱՔՍԱՅԻՆ Է
Մարտի 14-ին հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, թե Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել` առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու եւ հայտարարագրելու, ինչպես նաեւ առանց մաքսատուրքի վճարման թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել եւ ստացել է կաշառք:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ մաքսային տեսուչը` դրան օժանդակելու կասկածանքով: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի բնակիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձերբակալված մաքսային տեսուչներից մեկը` 1984թ. ծնված Արթուր Մարգարյանը, այդ գյուղի բնակիչ է: Նա ամուսնացած է, բնակվում է Երեւանում, սակայն հաշվառված է Բագրատաշենում: Բագրատաշենում գտնվող իրենց տանը բնակվում են Արթուրի ծնողները: Արթուրի հայրը` Կարապետ Մարգարյանը, այժմ կենսաթոշակառու է, նախկինում աշխատել է Բագրատաշենի մաքսակետում, ասել է, թե Արթուրը «տոհմիկ» մաքսային աշխատող է: Արթուր Մարգարյանը Բագրատաշենի մաքսային կետում աշխատող բագրատաշենցի միակ մաքսային ծառայողն էր, այդ մաքսակետում աշխատում են նաեւ բագրատաշենցի բանվորներ: Վերջին ժամանակաշրջանում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ մաքսային ծառայողների գերակշիռ մասին Բագրատաշենի մաքսակետից ազատել են: Դա կապված է այն բանի հետ, որ մաքսային ոլորտում թուլացել են Տավուշի մարզպետ, նախկինում Բագրատաշենի մաքսակետի երկարամյա պետ Հովիկ Աբովյանի դիրքերը: Մաքսակետից կրճատված նոյեմբերյանցի աշխատողները Հովիկ Աբովյանի կադրերն են: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները, ովքեր հաճախ հատում են հայ-վրացական սահմանը, գործի բնույթով շփվում Բագրատաշենի մաքսակետի աշխատողների հետ, ասում են, որ մաքսակետում կոռուպցիան ամենեւին էլ չի նվազել, որքան էլ այդ մասին մաքսային ոլորտի պատասխանատուները տարփողում են: Իրավիճակին իրազեկ անձինք վկայում են, որ այդ մաքսակետում աշխատանքի ընդունվածները պատահական մարդիկ չեն, նրանք ունեն հզոր ծանոթներ, որոնց միջնորդությամբ են գործի տեղավորվել: Մաքսակետի աշխատողների զգալի մասը Երեւանի կամ Արարատյան դաշտի բնակիչներ են, նրանցից շատերը 200 կմ կտրելով` Բագրատաշեն են հասնում տաքսիներով: «Չոր» աշխատավարձով յոլա գնալու դեպքում այդ աշխատողները պարբերաբար Երեւանից Վրաստանի սահման չէին հասնի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ