«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Տնից հեռու» հեռուստանախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանի հետ։ Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրին նրա՝ Աֆրիկայում նկարահանած հաղորդումները վայրի ցեղերի հետ։ Այժմ արդեն Վարդանը նշել է, որ մտադիր է ավելի վտանգավոր երկիր մեկնել եւ ռիսկային նկարահանումներ իրականացնել նույնիսկ մարդակերների հետ։ Նա նշել է, որ չի վախենում հնարավոր վտանգներից եւ պատրաստ է հանուն լավ հաղորդման անել անհնարինը։ Հաղորդավարը պատմել է նաեւ, որ պատրաստվում է աստղերի հետ նկարահանումները շարունակական դարձնել։

-Վարդա՛ն, առաջիկայում ի՞նչ նոր երկրներ եք այցելելու, ի՞նչ անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին։
-Երբ նկարահանումներ ունեցանք Եթովպիայում, ես չէի սպասում, որ այդտեղի թողարկումները նման մեծ արձագանք կունենան։ Շատերը հետաքրքրությամբ դիտել են ծրագրերը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրներում։ Այդ ամենն ինձ շատ է ոգեւորել։ Արդեն ուզում եմ մեկնել ավելի վտանգավոր երկիր, որտեղ նույնիսկ մարդ են ուտում։ Գիտեմ, որ դա ռիսկային քայլ կլինի, բայց ինձ համար միեւնույն է։ Այս պահին դեռ չեմ ուզում տվյալ երկրի անունը տալ, քանի որ ամեն բան չէ, որ հաստատված է, հուսամ՝ կստացվի նպատակս իրականացնել։
-Եթովպիայում, օրինակ, ի՞նչ վտանգավոր դեպքեր են գրանցվել։ Գիտենք, որ վայրի ցեղերը հարձակվել են Ձեզ վրա։
-Իհարկե, վտանգավոր դեպքեր շատ են եղել, հատկապես այն ցեղերի մոտ, որոնց կանայք ափսեներ են տեղադրում ներքեւի շրթունքին։ Եղել են դեպքեր, երբ վայրի ցեղերը քարեր են գցել մեզ վրա, եւ դա այն դեպքում, երբ մեր կողքին անվտանգության աշխատակիցներ էին, որոնք հետեւում էին մեզ։ Նկարահանումները վտանգավոր էին նաեւ մոծակների առումով, քանի որ այդ տեղանքներում մի շարք հիվանդություններ են տարածված։ Ուստի մեր նկարահանող խումբը մեկնելուց առաջ պատվաստվել էր։ Գործնական պրոցեսը դժվարացնում էր նաեւ հյուրանոցների բավական թանկ լինելը։ Բացի այդ՝ գյուղերում, որտեղ կանգ էինք առնում, հոսանքն օրվա ընթացքում տալիս էին միայն մի քանի ժամով։ Պատկերացրեք՝ մենք՝ մթության մեջ, հյուրանոցում, միայն կենդանիների ձայներ էինք լսում։ Բայց, իհարկե, ամենավտանգավորն այն էր, որ մենք այդ օրերին ապրեցինք վայրի ցեղերի հետ։
-Օպերատորները չեն հրաժարվո՞ւմ նման փորձությունների մասնակիցը դառնալուց: Պատկերացնո՞ւմ եք, որ եթե մարդակերների շրջանում հայտնվեք, դա որքան ռիսկային կլինի:
-Գիտեք՝ մենք նկարահանման ժամանակ վտանգների մասին բացարձակ չենք մտածում։ Մեզ համար ամենակարեւորը լավ կադրեր ստանալն է։ Օպերատորը եւս չի վախենում. չէ՞ որ այն, ինչ նկարահանում ենք, հետաքրքիր է, իսկ դա ամենակարեւորն է։
-Երբ Դուք Ձեր ծրագրի շրջանակում հանդիպեցիք «Մերժվածը» սերիալի հերոսներից մեկի՝ Տապասիային մարմնավորող Ռեշամի Դեսայիի հետ, հանրությունը բավական բուռն արձագանքեց դրան։ Առաջիկայում որեւէ հայտնի հեռուստաաստղի հետ նոր հանդիպում սպասվո՞ւմ է։
-Ինձ շատ են խնդրում գնալ Հարավային Կորեա եւ նկարահանել այնտեղի աստղերին։ Կփորձեմ դա անել, բայց չգիտեմ՝ որքանով կստացվի։ Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ հիմնականում կարողանում եմ նկարահանել այն, ինչ ցանկանում եմ։
Նշենք, որ Վարդան Սարգսյանը «Տնից հեռու» հաղորդաշարի շրջանակում ճամփորդում է երկրեերկիր եւ բացահայտում տեղի մշակույթը, տեսարժան վայրերը, ավանդույթները, զրուցում է ամենատարբեր աստղերի հետ: Ամիսներ առաջ մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ նրա այցը Թաիլանդ, մասնավորապես երկարավիզ կանանց գյուղ՝ Կարեն։ Ինչ վերաբերում է աստղերի հետ հանդիպումներին, ապա բացի Ռեշամի Դեսայիից՝ Վարդան Սարգսյանը նկարահանվել է նաեւ հնդկական կինոյի դերասանուհի Մանդակինիի հետ։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՄԵՐԳ՝ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Այս տարի լրանում է դուդուկահար Ջիվան Գասպարյանի 90-ամյակը։ Այդ առթիվ հոբելյարը եւ նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, հոկտեմբերին հանդես կգան համատեղ համերգով։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ջիվան Գասպարյան կրտսերն ասաց. «Ուզում եմ Հայաստանում ակտիվացնել ելույթներս, նախորդ տարի, օրինակ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ունեցա համերգ, իսկ այս տարի Ջիվան Գասպարյանի 90-ամյակի առթիվ համերգով հանդես կգանք արդեն միասին»:
Դուդուկահարը նաեւ նշեց, որ ինքն ու մի քանի այլ երաժիշտներ մտադիր են բենդ ստեղծել եւ ստուդիա բացել. «Խմբում ընդգրկված կլինեն նաեւ հարվածային գործիքներ, բաս-կիթառ, կիթառ նվագող երաժիշտներ, հավանաբար՝ 4 հոգի։ Դա շատ հետաքրքիր նորություն կլինի։ Մենք կկատարենք մեր գրած գործերը։ Աստված տա՝ այս տարի կարողանանք կյանքի կոչել այդ նպատակը»։
Ջիվան Գասպարյան կրտսերը համագործակցում է արտերկրի մի շարք երաժիշտների, խմբերի ու դիջեյների հետ։ Նրանց թվում են դիջեյ Կաշմիրը, «Վիզա» խումբը։
««Վիզա» խմբի հետ, օրինակ, ալբոմ ենք ձայնագրել, պատրաստվում ենք մեկնել համերգների»,-ասաց մեր զրուցակիցը։
Դուդուկահարը նաեւ պատմեց, որ շարունակում է թողարկել ջազային, բլյուզային ռիթմերի ուղեկցությամբ եւ կենդանի նվագակցությամբ գործեր։
«Դա ինձ համար բոլորովին նոր մոտեցում է, նոր հնչողության ապահովում, իմպրովիզացիա։ Արվում է հնարավորը, որ գեղեցիկ մելոդիաներ ստանանք»,-շեշտեց Ջիվան Գասպարյան կրտսերը։
Հարցին, թե ավելի շատ Հայաստանում է լինում, թե Միացյալ Նահանգներում, դուդուկահարը պատասխանեց. «Գնում-գալիս եմ, ժամանակը գիտի։ Բայց տունս, միանշանակ, Հայաստանն է»։
Մենք հետաքրքրվեցինք՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում կա՞ն արդյոք նոր, թարմ մոտեցում ունեցող դուդուկահարներ. «Իհարկե, ունենք հետաքրքիր մտքերով երիտասարդներ, որոնք աշխատում են իրենց վրա, նրանց խորհուրդ կտամ, որ լսեն տարբեր երաժիշտների ու ամեն մեկից մի բան սովորեն»,-եզրափակեց նա։

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԱԶՆԱՎՈՒՐԸ` ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՐ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում, բացվել է «Ֆեբիոֆեստ» միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր եւ դերասան Շարլ Ազնավուրը:
Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվեց նաեւ նրա խաղացած ֆիլմերից մի տեսաշար, իսկ «Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունել է Շարլ Ազնավուրին: Նա խոստացավ կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային. շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ջերմ ծափահարությունների համար:
Հիշեցնենք, որ ըստ 1998թ. CNN ամերիկյան հեռուստակայանի` Ազնավուրը համարվել է հարյուրամյակի լավագույն արվեստագետ, ինչպես Էլվիս Պրեսլին եւ Ֆրանկ Սինատրան: Ազնավուրն առաջին անգամ ֆիլմում նկարհանվել է 1936թ.` «Տղաների կռիվ»-ը ֆիլմում, իսկ վերջինը` 2006թ. «Իմ գնդապետ»-ը ֆիլմում:




Լրահոս