Մեկ դիմումով մի քանի ամսվա փոխանցում կատարելու հանձնարարական կտրվի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25 հազար դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Մինչև այս տարվա մայիսի 1–ը դիմելու դեպքում 25 հազարական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2018 թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի 1 տարին լրանում է 2018 թ. փետրվարին, մինչև մայիսի 1–ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ և ապրիլ ամսվա համար: Մայիսի 1–ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1–ից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային վարչության գլխավոր մասնագետ Տաթև Միքայելյանի տեղեկացմամբ՝ որոշումը երեք ամսով կասեցված է եղել: Արդեն մի քանի տարի շարունակ այս որոշումը ամեն տարվա սկզբին կառավարությունն ընդունում է մեկ տարի ժամկետով:

«Կառավարության որոշմամբ սահմանված լիազորություններ կան մինչև երեխայի 18 տարին լրանալը ընտանեկան դրամագլխի գումարը անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով օգտագործելու մասին: Գոյություն ունի ամսական ոչ ավել քան 25 հազար դրամ այլ բանկային հաշվին փոխանցելու տարբերակ, որն ամեն տարի սահմանվում է մեկ տարով: Նախորդ տարվա ժամկետը դեկտեմբերին ավարտվեց և այս տարվա մարտին կառավարությունը կրկին որոշեց մինչև 2018 թ. դեկտեմբերի 1–ը ևս հնարավորություն տալ տնօրինել այդ գումարը՝ ամսական ոչ ավել, քան 25 հազար դրամ փոխանցել այլ բանկային հաշվին»,– նշեց նա:

Եթե ամեն տարի նման որոշում է լինում, այդ դեպքում հնարավոր չէ որոշումն անընդհատ գործի, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ տնօրինել գումարը և չսպասել ժամանակացույցի: Սրան ի պատասխան Տաթև Դանիելյանը շեշտեց, որ այդ գումարը նպատակը ի սկզբանե երեխայի՝ չափահաս դառնալուց հետո անձամբ տնօրինելն է: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 3–րդ և 4–րդ երեխաների դեպքում մեկ միլիոն դրամը, իսկ 5–րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 1,5 միլիոն դրամը, մի մասն արդեն անմիջապես հնարավոր է լինում օգտագործել: Խոսքը 500 հազար դրամի մասին է, իսկ նպաստի մնացորդը ձևավորում է ընտանեկան դրամագլուխը:

«Ի սկզբանե կառավարությունը իրավասություն է վերցրել իր վրա այդ գումարը՝ որպես ընտանեկան դրամագլուխ, թողնել բանկում, որպեսզի երեխայի չափահասության տարիքը լրանալուց հետո վերջինս գումարն ու դրա տոկոսները իր սոցիալական կարիքների համար օգտագործի:

Բայց ելնելով բնակչության սոցիալական վիճակից ու պահանջարկից, ամեն տարի գնահատվում է շահառուների պահանջը այդ 25 հազար դրամների մասով: Եթե պահանջը մեծ է լինում, երկարացվում է ևս մեկ տարով: Սա փորձնական, պիլոտային ծրագիր է: Ուղղակի ամեն տարի կարիքը գնահատելով՝ երկարացվում է:

Այս տարվա փոփոխությունն այն է, որ նախորդ տարիներին ծնողը ամեն ամիս գնում էր բանկ և դիմում գրում, որ իրեն 25 հազար դրամ գումար փոխանցեն: Հիմա արդեն հնարավորություն կա մեկ դիմումով բանկին հանձնարարություն տալ, որ այն 5,6 կամ 7 ամսվա գումար ամեն ամիս փոխանցի շահառուի հաշվեհամարին»,– նշեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս