Լուսանկարն արվել է Ծարավ Աղբյուրի փողոցում
Չնայած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «ավելի մաքուր Երեւան» խոստմանը, Երեւանի բուսաբանական այգում` «Աթենք» գործարանի կողքին, Ծարավ Աղբյուր փողոցին հարող տարածքում աղբը գնալով ավելանում է` ծխախոտի մնացուկներ, թղթե բաժակներ, ցելոֆանե տոպրակներ եւ այլն: Այնտեղ կայանող տաքսու վարորդներն անարգել աղտոտում են տարածքը եւ չեն պատժվում դրա համար:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` կոնկրետ ովքե՞ր են պարտավոր վճարել հողի հարկ: Եվ խնդրում եմ ասել` հողի հարկի չափը կախվա՞ծ է արդյոք հողի հարկ վճարողների տնտեսական գործունեությունից:
Աննա Պողոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
ՀԱՐՑ. Ես բացմիցս դիմել եմ սոցապ բաժին` ժամանակից շուտ կենսաթոշակի անցնելու համար, սակայն մերժել են: 05.09.1973թ. մինչեւ 15.09.2000թ. աշխատել են «Տիգրան Մեծ հրատարակչություն»-ում: 1975թ. ինձ տրվել է 4-րդ կարգի գրաշար շարվածք անողի որակավորում, որը համարվում է թունավոր կետի աշխատող: 2000թ. ազատվել եմ աշխատանքից: Ինձ շարունակ մերժում են` ասելով` համարվում եմ 2 աշխատանք անող: 27-28 տարի աշխատել եմ, իսկ հիմա չգիտես` ինչ պատճառաբանություններ են մեջբերում: Խնդրում եմ պարզաբանել հարցը:
Ռազմելլա Դանիելյան (տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Դանիելյանի հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին` եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (թիվ 2 ցուցակ):
Ելնելով վերոգրյալից` քաղաքացուն արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու հարցը հնարավոր է քննարկել աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում: Ըստ այդմ, առաջարկվում է խնդրո առարկա հարցով քաղաքացին դիմի ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակիցները կենսաթոշակների վերաբերյալ տալիս են կամայական պատասխաններ: Այս դեպքում խմբագրություն դիմած քաղաքացուն խորհուրդ ենք տալիս` գոնե թերթի հրապարակումից հետո համապատասխան փաստաթղթերով ներկայանա սոցիալական ապահովության պետական ծառայություն: Հուսանք` այս անգամ սոցիալական բաժնի աշխատակիցները հարցին կմոտենան հնարավորինս լուրջ: