Պետք է պայքարը տեղափոխել խորհրդարան. ՀՀԿ-ում չեն անհանգստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը, կոպիտ ասած, հրապարակում գցած է լինելու: Ժողովրդին մնում է գնալ ու վերցնել այն»: Այս տեսակետի շուրջ, ինչպես նաեւ ՔՊ կողմից նախաձեռնած պայքարի արդյունավետության թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ:

-Պարո՛ն Մախմուդյան, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը հրապարակում գցած է լինելու. ժողովրդին մնում է գնալ ու վերցնել այն, ինչպե՞ս կմեկնաբանեք: Իշխանությունը գցա՞ծ է լինելու հրապարակում:

-Գիտեք ինչ, ինձ համար հասկանալի չէ նրա արտահայտությունը: Եվ ցանկություն էլ չունեմ դա մեկնաբանելու: Ավելի քաղաքակիրթ հարթակ կա, դա խորհրդարանն է, ու մենք միշտ հորդորել ենք, որ պետք է պայքարը տեղափոխել խորհրդարան:

-Իսկ ի՞նչ եք կարծում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած պայքարը` ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության, կհաջողի՞:

-Ես կարծում եմ, որ այդ պայքարը ոչ մի արդյունավետություն չի ունենա: Իրենց պետք է հարցնել, թե ինչու են որոշել այդ ձեւով պայքարել: Բայց եթե ձախողում ունենան, պետք է ասեն, որ դա իրենց մեղքն է:

-Ի՞նչն է Ձեզ հուշում, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարն արդյունք չի տա:

-Ոչինչ չի հուշում, եւ ես հակված չեմ կանխատեսում անելու այդ հարցով: Բայց այդպես եմ կարծում, քանի որ այս պահին տեսանելի ոչինչ չկա իրենց կողմից, միայն հայտարարություններ են: Իրենք ասում են` գնալու ենք փողոց, մենք էլ հորդորում ենք, որ դա չէ հարցերը բարձրաձայնելու լավագույն տարբերակը: Ես ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի` հորդորում եմ այլ ձեւաչափ ընտրել պայքարի համար:

-Ստացվում է` ՀՀԿ-ում որեւէ անհանգստություն չկա՞ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված պայքարի հետ, որի համար հատուկ ճանապարհային քարտեզ է մշակվել:

-Ես այսպես ասեմ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը ոչ մի պարագայում չի կարող անհանգստություն ունենալ, քանի որ պատճառ չի կարող ունենալ: Ես` որպես այս քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարծում եմ, որ իրենց պայքարի օգտակար գործողության գործակիցը ցածր է լինելու:

-Իսկ այն, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշեց ՔՊ-ից առանձին պայքարել եւ դա անել խորհրդարանում, ընդունելի՞ է Ձեզ համար:

-Չէի ասի` ընդունելի կամ ոչ, բայց դա ավելի նախընտրելի տարբերակ է: Մեր երկրում շատ խնդիրներ կան. խաղաղության, կայունության խնդիր կա, ունենք վատ հարեւաններ` Թուրքիա, Ադրբեջան, եւ այս ամենը պետք է ստիպի, որ իրար ավելի շատ սիրենք ու հարգենք: Ընդդիմությունը խորհրդարանում հնարավորություն ունի լսումներ կազմակերպելու, ազատ արտահայտելու իր դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ, եւ սա է ճիշտ մոտեցումը: Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու պայմաններում ճիշտ է, որպեսզի հարցերը քննարկվեն խորհրդարանում, եւ այս ձեւով դրանց մասին բարձրաձայնվի: Իսկ թե մարդիկ դուրս կգան` մասնակցելու իրենց պայքարին, դա ես չգիտեմ: Այդ հարցն արդեն ժողովուրդը պետք է որոշի:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս