Պետական բյուջեի տզրուկները. միլիոններ են ստանում, սակայն գործ չեն անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին կարելի է գրանցել գինեսի ռեկորդների գրքում. իր գոյության վեց տարիների ընթացքում հանձնաժողովը մատնված է եղել բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որպեսզի բյուջեից ահռելի գումարներ ստանան` միլիոնների հասնող աշխատավարձեր:

Հիշեցնենք` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է 6 տարի առաջ՝ 2012 թվականին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով: 2012 թվականի հունվարին, հանդիպելով հանձնաժողովի նորանշանակ անդամներին, Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ նոր կառույցի պարտականությունն է բարձրաստիճան պաշտոնյանների «շահերի բախման դեպքերի եւ էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը եւ կոնկրետ տեղեկատվության հրապարակումը»:

Լրատվամիջոցներում բազմաթիվ են հրապարակումները բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների կամ ունեցվածքի մասին, որոնք գրանցված են նրանց ընտանիքի անդամների կամ ազգականների անուններով: Դրանց մի մասի վերաբերյալ հանձնաժողովն անգամ ուսումնասիրություններ է կատարել, սակայն նախորդ տարիների ընթացքում որեւէ դեպք չի եղել, երբ հայտարարվի, որ պարզել են՝ տվյալ բարձրաստիճան պաշտոնյան հարստացել է՝ չարաշահելով իր դիրքը կամ ներկայացրել է կեղծ հայտարարագիր:
«Հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»,- սրանք Սերժ Սարգսյանի խոսքերն են 2012թ. հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Հանձնաժողովի 6 տարիների գործունեության մասին կոռուպցիայի կանխարգելման մասին կարող է հուշել ընդամենը մի հաշվետվություն, այն էլ ոչ թե վերլուծություն է կոռուպցիայի վիճակի, այլ կոռուպցիայի կանխարգելման մասնագիտացված մարմինների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության մասին փաստաթուղթ:

Չնայած կառույցի անդամները մշտապես հայտարարում են, թե այն բաց է աշխատում եւ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում աշխատանքի մասին եւ այն տեղադրում պաշտոնական կայքում, սակայն 2017 թվականի աշխատանքի մասին հաշվետվությունն այդպես էլ առկա չէ, չնայած այն վաղուց ավարտվել է: Վերջին հաշվետվությունը վերաբերում է 2016 թվականին: Սակայն 2012 թվականից մինչ 2016 թվականը եղած հաշվետվությունները եւս բավարար են` համոզվելու համար, որ կառույցն իսկապես անգործության է մատնված:
2012-2013 թվականներին հանձնաժողով ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերել է դատական ակտերի վերանայմանը: Էթիկայի կանոնների խախտման կամ շահերի բախման է վերաբերել շուրջ 10 դիմում: Դրանց քննարկման արդյունքում հարուցվել է չորս վարույթ, իսկ մեկ դիմում էլ վերահասցեավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությանը, ինչի արդյունքում էլ 2 ոստիկանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Հետաքրքրական է, որ հաջորդ տարիների կտրվածքով դիմումների մեծ մասի պատասխանը եղել է այն, թե դրանք դուրս են հանձնաժողովի իրավասության շրջանակից:

2013թ. հանձնաժողովը վարույթ է հարուցել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա՝ ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից էթիկայի կանոնների խախտման եւ նրան կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ: Հանձնաժողովը որոշել է, որ Ս. Դարբինյանի գործողությունների շղթան գտնվում է էթիկայի կանոնների շրջանակում: Հաջորդը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի դիմումն էր՝ 2013թ.-ին ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի վերաբերյալ: Հանձնաժողովը դիմել էր Գագիկ Խաչատրյանին, ստացել պարզաբանում ու արձանագրել, որ ներկայացված հրապարակումներում նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում: 2013թ.-ին Վարուժան Հոկտանյանը կրկին դիմել է հանձնաժողովին, այս անգամ ներքաղաքային տրանսպորտի ուղերվարձը բարձրացնելիս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ: Հանձնաժողովը կրկին վարույթ է հարուցել դիմումն ու գտել, որ ոչ մի շահերի բախում չկա:

2014 թվականին ներկայացված չորս դիմումից երեքի մասով կրկին իրավասության շրջանակից դուրս լինելու մասին դիմում է ստացվել: Եվ դրանցից ընդամենը մեկ դիմումի վերաբերյալ է վարույթ հարուցվել եւ արձանագրվել էթիկայի կանոնների խախտում: Այդ մեկն էլ վերաբերում էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պահվածքին, նա ակտիվիստին սպառնացել էր՝ ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակո՛տ»։ Հանձնաժողովն այս միակ հարցով որոշում է կայացրել հօգուտ դիմողի, գտել է, որ պաշտոնյան թույլ է տվել էթիկայի կանոնի խախտում:
2015 թվականին ընդունված հինգ դիմումներից էլ միայն մեկի մասով է վարույթ հարուցվել: 2016 թվականին հանձնաժողովը ֆիզիակական եւ իրավաբանական անձանցից ստացել է 11 դիմում (2՝ քաղաքացիներից, 3-ը՝ լրագրողներից, 6-ը՝ հասարակական կազմակերպություններից): Դիմումներից 5-ը վերաբերել են էթիկայի խախտմանը, չորսը՝ շահերի բաշխման, իսկ մյուս երկուսն էլ, համաձայն հաշվետվության, հասցեագրվել են այլ մարմինների:

Նշենք, որ հանձնաժողովն ունի 5 անդամ, իսկ նախագահն էլ Սիրանույշ Սահակյանն է: Ընդ որում, թե՛ հանձնաժողովի անդամները, թե՛ աշխատակազմը պետբյուջեի հաշվին բարձր աշխատավարձ են ստանում: Քանի որ կառույցը ստեղծվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ապա հանձնաժողովի 5 անդամներն էլ աշխատավարձ են ստանում այդ օրենքի համաձայն: Մասնավորապես օրենքի 42-րդ հոդվածում ամրագրված է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով, նախագահի տեղակալինը` տասնվեցապատիկի չափով, նախագահինը` տասնյոթապատիկի չափով»։ Ասել է, թե այս հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ստանում է մոտ 1 մլն 200 հազար դրամ, նրա տեղակալ Արմեն Խուդավերդյանը` 1 մլն 120 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամներ Արտակ Սարգսյանը, Էդգար Շաթիրյանը եւ Լիլիթ Պետրոսյանը` 1 մլն 50 հազար դրամի չափով: Համաձայնեք` Հայաստանի նման պետության համար, որտեղ գումարների սղության պատճառով կառավարությունը ստիպված կրճատել է ծախսերը, նման կերպ գործող հանձնաժողովի գոյությունը շռայլություն է ամենամեղմ բառերով ասած:

Հ.Գ. Առաջիկայում նախատեսվում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այլեւս առանձին կառույց գործելու եւ լինելու է կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի կազմում: Հետաքրքիր է՝ այսքան անիմաստ կառույց լինելուց եւ անօգուտ աշխատելուց հետո ինչպես են նրանք գործելու հանձնաժողովի կազմում` բացի, իհարկե, ԵՄ-ից ու այլ միջազգային կառույցներից հսկայական դրամաշնորհներ ստանալուց եւ դրանք վատնելուց:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս