Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Իջեւանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստի կապակցությամբ քրեական գործ է քննվում: Այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում): Սույն հոդվածը նախատեսում է 2-6 տարի ժամկետով ազատազրկում` որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Հավելենք, որ 2018թ. փետրվարի 12-ին մահացած, Իջեւանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Ստեփան Ստեփանյանի մահվան փաստով եւս քրեական գործը հարուցվել է 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ ՀՀ քննչական կոմիտեից ստացված տեղեկատվության` փետրվարի 11-ին` ժամը 23:15-ի սահմաններում, Ստեփան Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջեւանի բժշկական կենտրոն` բուժօգնության: Հաջորդ օրը` փետրվարի 11-ին` ժամը 07:30-ին, Ս. Ստեփանյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւան, ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ուր փետրվարի 12-ին` ժամը 17:30-ին, մահացել է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ
Լուսանկարը` med-practic.com-ի