ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ ակնկալվում էր, նախօրեին պաշտոնանկ արեց նաեւ իր ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերին: Պետքարտուղար Թիլլերսոնից ազատվելուց հետո ՄըքՄասթերը համարվում էր Թրամփի հաջորդ զոհը: Նրան փոխարինող է նշանակվել Ջոն Բոլթոնը, որը հայտնի է արտաքին քաղաքականության ոլորտում ագրեսիվ հոսանքի ներկայացուցչի համբավով: Այսպիսով` ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուներ են նշանակվում մարդիկ, որոնք ռազմական ճանապարհով հարցերի լուծման կողմնակից են եւ հատկապես բացասաբար են տրամադրված Իրանի նկատմամբ:
Ռեքս Թիլլերսոնի հեռացումից եւ միաժամանակ Կենտրոնական ԿՀՎ (CIA) պետ Մայք Պոմպեոյի նշանակումից հետո ամերիկյան պաշտոնական շրջանակներում հիմնավոր կարծիք էր ձեւավորվել, որ հաջորդը պաշտոնին հրաժեշտ կտա նախագահի անվտանգության խորհրդականը: Թրամփը Թիլլերսոնի հեռացումը բացատրելիս առաջին հերթին շեշտել էր Իրանի հարցում նախագահ-պետքարտուղար տարաձայնությունները` միաժամանակ նկատելով, որ Պոմպեոյի դեպքում նման խնդիր չկա: Պոմպեոն Իրանի հետ համաձայնագրի չեղարկման ակտիվ ջատագովներից է: Բնական է, որ Իրանի դեմ այդքան ծայրահեղորեն չտրամադրված ազգային անվտանգության գծով խորհրդականից նույնպես պետք էր ազատվել: ՄըքՄասթերը թեպետ նույնպես կոշտ դիրքորոշում ուներ Իրանի հարցում, սակայն հասկանում էր, որ Օբամայի կառավարությունը լուրջ հաջողության էր հասել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմամբ: Եվ մեկ հարվածով տարիների ջանքերը չի կարել ջուրը նետել: Ուստի եւ նա ներդաշնակում էր Թիլլերսոնին այս հարցում` չհամաձայնելով Իրանի հետ համաձայնագրի չեղարկմանը:
ՄըքՄասթերը, հայտարելով իր հրաժարականի մասին, միաժամանակ շեշտել է, որ հեռանում է նաեւ հասարակական-քաղաքական կյանքից: Ըստ էության, ամերիկյան ռազմա-քաղաքական շրջանակներում լուրջ հարգանք վայելելով` գեներալի համար չափազանց խորթ ու տհաճ է թվացել վաշինգտոնյան օրակարգն ու քաղաքական հարաբերությունների մակարդակը: Նա այդ պաշտոնը ստանձնեց բարդ պայմաններում, երբ հրաժարական էր տվել գեներալ Ֆլինը` կապված ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննության հետ: ՄըքՄասթերին հաջողվեց վերականգնել ազգային անվտանգության խորհրդականի ինստիտուտը, կազմակերպել դրա բնականոն աշխատանքը ամերիկյան պետական այլ գերատեսչությունների հետ: ԱՄՆ կառավարության ներսում ձեւավորվել էր Թիլլերսոն-ՄըքՄասթեր-Մեթիս եռապետությունը, որոնք հակակշռում էին Թրամփին ու հաջողեցնում էին պետական իշխանության քաղաքականության ծայրահեղացումը պահել կառավարելիության սահմաններում: Հակառակվելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Հեյլիին, ԿՀՎ ղեկավար Պոմպեոյին եւ ագրեսիվ քաղաքականության մի շարք այլ ազդեցիկ ջատագովներին` սույն եռյակը պահպանում էր հավասարակշռությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում: Սակայն նրանցից այժմ մնացել է միայն պաշտպանության պետքարտուղար Մեթիսը, որը նույնպես հավանաբար չի պաշտոնավարի մինչեւ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ավարտը:
Փոխզիջման կողմնակիցների հեռացմանը զուգահեռ` ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը հանձնվում է արմատականներին: Պոմպեոյի ու Հեյլիի կողքին այսօր հայտվում է Բոլթոնը: Վերջինս 2003թ. Իրաքի պատերազմի ակտիվ կողմնակիցներից էր, Ջորջ Բուշ Կրտսերի ու ամերիկյան պահպանողականների մերձավորարեւելյան խառնաշփոթի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Բոլթոնի թեկնածությունն անգամ ժամանակին քննարկվում էր պետքարտուղարի պաշտոնի համար, սակայն հաշվի առնելով նրա անցյալը` Թրամփը ձեռնպահ էր մնացել նման քայլից: Այժմ Բոլթոնը նշանակվում է պետքարտուղարի պաշտոնից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մշակող, իր նշանակությամբ երկրորդ պաշտոնին: Հաշվի առնելով հանգամանքը, որ կարեւորագույն հարցերում (Իրան, Հս. Կորեա, Ռուսաստան) Պոմպեոն, Բոլթոնը եւ Հեյլին նույն հոսանքին են պատկանում, Թրամփը իրեն շրջապատել է բացառապես արմատականներով` առանց նրանց հակառակվող լուրջ կարծիքի: Այդպես խախտվում է պետության ներսում կարեւորագույն հակակշիռներից մեկը: Իր բնավորության համաձայն` Թրամփը անկարող է աշխատել իր կարծիքից տարբերվող ու իրեն ընդդիմացող անձանց հետ: Ընդունելով հանդերձ նախագահի արտոնությունը արտաքին հարաբերությունները վարելու հարցում եւ մեկ հստակ ուղղվածությամբ քաղաքականության անհրաժեշտությունը` չի կարելի չնշել, որ այս հարցում Թրամփը լրջագույնս անհետեւողական է: Ի վերջո, ամբողջ նախընտրական քարոզարշավի շրջանում հայտարարելով, որ 2003թ. իրաքյան պատերազմը մեծագույն սխալ էր, այսօր Թրամփը իր անվտանգության գծով խորհրդական է նշանակում թե՛ այդ պատերազմի ճարտարապետներից մեկին, թե՛ այդ պատերազմը այսօր անգամ շատ ճիշտ համարող անձին:
Արձանագրելի է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը այս նշանակումներով զգալիորեն ագրեսիվանալու է հատկապես Մերձավոր Արեւելքում: Ձգտելով Ռուսաստանի հետ հարաբերությունները եթե ոչ բարելավել, ապա գոնե չլարել, վերոնշյալ անձինք կփորձեն քաղաքական շահեր որոնել Իրանի հարցում: Հատկապես հաշվի առնելով Հս. Կորեայի հետ բանակցությունների հավանականությունը` ԱՄՆ-ի համար որպես հիմնական թշնամի կարող է ծառայել Իրանը: Բարեբախտաբար, ԱՄՆ-ն ունի կառավարման հարուստ ավանդույթներ ու հակակշիռների փայլուն պետական մեխանիզմներ, որոնց շնորհիվ գործադիրին հակակշռող ԱՄՆ Կոնգրեսը անհրաժեշտ պահին կկարողանա վիժեցնել Իրանի դեմ հնարավոր արկածախնդրական գործողությունները: Այդ Հայաստանում է, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին բոլոր հարցերը վճռում եւ իրագործում է միայն Սերժ Սարգսյանը, որին Ազգային ժողովը ոչ միայն չի կարող խեթ հայացքով նայել, այլեւ պարտավոր կլինի առաջիկա օրերին համազգային աղաչանքով դիմելու:
Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ