Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-1974թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ:
1977-1978թթ. աշխատել է Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում գլխավոր ինժեներ: 1978-1979թթ. աշխատել է Էլեկտրատեխնիկական գործարանում, իսկ 1979-1990թթ.՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում:
1995 և 1999թթ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը: 2000թ. նշանակվել է ՀՀ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը:
Ա.Մարգարյանը, որպես ՀՀ վարչապետ, շարունակել է պաշտոնավարել նաև 2003թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966թ.-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում:
1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին գործող Ազգային Միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974թ. ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ:
Անդրանիկ Մարգարյանը առանցքային է դիտել ՀՀ տնտեսության զարգացումը՝ որպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովման երաշխիք: Ա.Մարգարյանը հանդես է գալիս տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները շարունակելու և խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն»,ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալ, «Վազգեն Սարգսյան» ԵԿՄ մեդալներով։
1992թ. հունիսի 9-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀՀԿ) անդամ է:
1992թ. հոկտեմբերին, 1993թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 1993թ. դեկտեմբերին, 1994թ., 1995թ. դեկտեմբերի 2-ին ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ:
1999թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ: