Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 25-ին տոնելու է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ինչպես տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

Ծաղկազարդի տոնին Արարատյան Հայրապետական թեմում մարտի 25-ին նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տիկնանց և երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական միջոցառում մուլտհերոսների մասնակցությամբ, կավճանկար և տոնական տորթի հյուրասիրություն:

Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում կկատարվի համայնքի բոլոր մանկապարտեզների սաների օրհնության կարգ:

Ս. Երրորդություն եկեղեցու բակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան սաների և Ս. Երրորդություն եկեղեցու պարի խմբերի ու երգչախմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու բակում տեղի կունենա ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կտրվի համայնքի կարիքավոր ընտանիքներին (զինվորների ընտանիքներ):

Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տների սաները: Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում փոքրիկ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում:

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցում կարիքավոր ընտանիքի երեխաներին կբաշխվեն տոնական նվերներ:

Էրեբունի համայնքի կենտրոնական այգում ժամը 17:00-ին տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ:

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:

Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում համայնքի անդամները տոնի մասին թատերական բեմադրություն կներկայացնեն:

Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։




Լրահոս