Առերեսման ժամանակ վկաներից մեկի դեմքին առկա են եղել կապտուկներ. նոր մանրամասներ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ դեպքի գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը:

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի հետ կապված միջադեպին. ըստ այդմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել Ռաֆայել Մխիթարյանի վրա եւ առեւանգել: Մխիթարյանը մեզ պատմել էր, որ պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է, որը որպես պարտք իրենից պահանջում է Համլետ Ներսիսյանը: Իսկ ահա Ռաֆայել Մխիթարյանը պնդում է, որ ինքը որեւէ մեկին որեւէ գումար պարտք չէ: Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է: Այս միջադեպից հետո Ռաֆայել Մխիթարյանը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի` ինքնիրավչության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Սակայն մինչ ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչությունում այս մասով քննություն էր ընթացել, Ռաֆայել Մխիթարյանը դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ հայտնել, որ վկաներին վախեցնում են, դեպքի վայրի տեսախցիկների նյութերը վերացնում են` այս ճանապարհով փորձելով գործը կարճել տալ: Ավելին` Ռաֆայել Մխիթարյանը ՀՀ գլխավոր դատախազին հայտնել է. «Առերեսման ժամանակ վկաներից մեկի դեմքին առկա են եղել կապտուկներ, եւ իմ միջնորդությամբ նշանակվել է փորձաքննություն, եւ փորձաքննությունը ապացուցել է, որ առկա են եղել բռնության հետքեր, սակայն վկան ասում է, թե թոռնուհին է հարվածել, բայց ակնհայտ է այն փաստը, որ վկաների վրա ճնշում է գործադրել, որ սուտ ցուցմունք տան…»:

Արդյունքում` «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է` սույն քրեական գործը ներկայացնեն իրեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչին ի պատասխան` հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ներքին վերահսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ամեն օր մարզային դատախազությունների դատախազների հսկողության ներքո գտնվող, քննվող բազմաթիվ քրեական գործեր են պահանջվում ուսումնասիրման համար, եւ այդ համատեքստում տվյալ քրեական գործը եւս պահանջվել է»:

Մնում է տեսնել, թե գլխավոր դատախազությունը ուսումնասիրման արդյունքում ինչ որոշում կկայացնի, գործը կտեղափոխվի ՀՔԾ, թե կրկին կքննվի Արմավիրի մարզի քննչական վարչությունում:

Ք. Մանուկյան




Լրահոս