Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն աօսր՝ մարտի 25-ին, արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետեւանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին:
«Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմանվել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգ ռեժիմով մինչեւ 22.30 եւ կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես մեր աշխատակազմին, այնպես էլ բոլոր ծառայություններին համատեղ աչալուրջ աշխատանքի համար»,- խորհրդակցության սկզբում նշել է Շիրակի մարզպետը:
Նախնական տվյալներով՝ վնասներ արձանագրվել են Շիրակի մարզի 16 համայնքների 26 բնակավայրերում:
Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը նախնական տվյալներ ներկայացնելիս նշել է, որ ահազանգեր ստացվել են ժամը 15.00-ի սահմաններից, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ահազանգերն հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարանների, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաեւ հրդեհների դեպքեր:
ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ:Վաղ առավոտից մասնագետները սկսել են վթարավերականգնողական աշխատանքները, ժամը 12.30-ի դրությամբ 45 բնակավայրերից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Նշենք, որ Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի, երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում:
«Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում: Մեր բնակիչները պետք է հստակ իմանան, որ դժվարության մեջ մենակ չեն, սակայն պետք է բացառել վնասների տվյալների ուռճացումը»,- նշել է մարզպետը: