Ռուսական Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 5 մարդ, որոնցից 4-ը երեխաներ են եղել: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 30 մարդ:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի օջախը եղել է վերին հարկում, որտեղ կան կինոսրահներ, մանկական ժամանցային վայրեր և կենդանաբանական այգի, որտեղի մոտ 200 կենդանիները, ըստ տեղի աշխատակցի, ամենայն հավանականությամբ սատկել են:
Հրդեհի տարածքը կազմել է 1500 քառակուսի մետր: Դեպքի վայրում աշխատել է 230 հրշեջ-փրկարար և 50 միավոր տեխնիկա: Արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի տարածքային վարչությունից РБК-ին հայտնել են 35 անհետ կորածների մասին, որոնց հարազատները ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ:
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Արդեն իսկ հարցաքննվել են առևտրի կենտրոնի, առևտրի կետերի սեփականատերերը, վարձակալները, միջադեպին ականատես տարբեր անձինք: