Նախարարները դեռեւս խուսափում են անդրադառնալ հարցին, թե արդյո՞ք իրենց երաշխիքներ տրվել են առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմում ընդգրկելու առումով: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հարցին` իր համար Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի նախընտրելի թեկնածու, թե՞ Կարեն Կարապետյանը, ասաց. «Հարցը… կուսակցությունն ինչպես որոշի` ում առաջադրի, նա էլ կլինի»:
Իսկ հաշվի առնելով այն ծրագրերը, որ Կարեն Կարապետյանն իրականացրել է, արժի՞, որ շարունակի, շա՞տ գործ է արվել, այս կապակցությամբ Մարտիրոսյանն ասաց. «Գործերը բոլորը ներկայացվում են ժամանակի ընթացքում: Գործերը կատարվում են, եւ արդյունավետությունը կարող եք Դուք գնահատել: Ժողովուրդը պետք է գնահատի: Գիտեք, պարտադիր չի` մեկը գա, մի բան անի, ուրիշը գա` ուրիշ բան անի, երրորդը գա` ուրիշ բան: Գործերը շարունակական են»:
Իսկ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, Մարտիրոսյանի կարծիքով` արդյո՞ք ինքը կլինի այդ կառավարությունում, նախարարը նշեց. «Ինչպես կուսակցությունը որոշի»: Մարտիրոսյանն անգամ չցանկացավ բարձրաձայնել իր ցանկության մասին` ուզո՞ւմ է մնալ նախարարի պաշտոնում, թե՞ ոչ, այլ այս դեպքում նույնպես վկայակոչեց կուսակցության որոշումը: