Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մոտ ժամանակներս կքննարկի և կներկայացնի ՀՀ վարչապետի իր թեկնածուին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք մոտ ժամանակներս կտանք այս հարցի հանգուցալուծումը, կկայացնենք որոշում և կհայտարարենք մեր թեկնածուի անունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել: «Եթե քննարկումների արդյունքում կորոշենք, որ մեր թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, մենք դրա հիմնավորումները կներկայացնենք»:
Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ այս պահին կա գործող նախագահ, ընտրված նախագահ, վարչապետ, որի աշխատանքից իրենք շատ գոհ են, իսկ երբ գա ժամանակը, կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին: