Մարտի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։
Կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և նախանշել փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Խորհրդակցությունների շրջանակներում Աշոտ Հովակիմյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Արցախի արտգործնախարարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և կարևորել նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը՝ արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համաձայնեցված քաղաքականության վարման և համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման տեսանկյունից։