
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:
«Հրդեհի վայրում հայտնաբերվել է 54 դի»,-նշել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
Զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա: Անհետ կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա:
ria.ru-ն հավելում է, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Ականատեսների խոսքով՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: