
Դեղերը դեղատոմսերով գնելու թեմայով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում անընդունելի համարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի բացակայությունը:
Նա զգուշացրեց, որ ապրիլի 9-ից, երբ նոր Սահմանադրությունը լիարժեք կմտնի ուժի մեջ, հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել կառավարության առանձին անդամների հրաժարականը, և այդ հնարավորությունից «Ծառուկյան» խմբակցությունը կօգտվի:
«Այն նախարարները, ովքեր ուղակիորեն իրենց պատվից ցածր են համարում գալ այստեղ, պատասխանել լրջագույն հարցրերին, նմանօրինակ նախարարների հրաժարականի հարցն անպայման կքննարկենք և կբարձրաձայնենք»,- հայտարարեց նա:
«Ես կասկած ունեմ, որ սրանով մենք դեղի մաֆիայի համար կանաչ ճանապարհ ենք բացել, որովհետև գաղտնիք չէ, որ ունենք բազմաթիվ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, հիվանդանոցներ ունեն, ապտեկաներ իրենց հիվանդանոցներում: Ո՞վ չի հասկանում` ինչ մոնոպոլիայի է տարվելու այս համակարգը»,- նշեց նա։