ՀՀ ԲՆԱԿԻՉ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երեւանում եւ Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլեւ ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն: ՈՒ պարզվում է՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվը տարեցտարի գնալով ավելանում է: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին վեց տարում՝ 2012-2017թթ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 հոգի, եւ գրեթե բոլորն ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Այլ կերպ ասած` մարդիկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում եւ ՌԴ քաղաքացիություն են ընդունում ոչ միայն արտագաղթելուց հետո, այլեւ հենց Հայաստանում բնակվելիս: Մարդիկ գերադասում են ՌԴ քաղաքացիությունն իրենց արու զավակներին ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից «փախցնելու», նաեւ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով: Համաձայնեք, պատկերն իրոք լուրջ Է: Եւ այս ամենը խոսուն վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացու մեջ սպանել են քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի: Սոսկալի հարված, որ սպառնում է պետության եւ պետականության հիմքերի խարխլմանը:

 

 

Սերժ Սարգսյանը երեկ մեկնաբանելով իր հետագա պաշտոնավարման թեման` ասել է. «Ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի ՀՀ նախագահ։ …Այո՛, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։… Եթե, ի վերջո, որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով …»: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը փորձում է իր վարչապետ դառնալը «ազգովին խնդրելու» ծրագրի շրջանակներում տեղավորել: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ տարիներ առաջ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա եւ ստանձնի վարչապետի պաշտոնը: Ու նա կվերադառնա կառավարության ղեկավարի պաշտոնում: Հիմա «Ժողովուրդ» օրաթերթի գրած տեղեկությունները հերթով իրականություն են դառնում:

 

 

 

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որ մշակվում էր շուրջ երեք տարի, եւ կառավարությունը համարել էր անհետաձգելի, վերջին պահին հանվել է այսօր մեկնարկվող ԱԺ նիստերի օրակարգից: Կառավարությունը որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել ապրիլին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս նախագիծը կառավարությունից ԱԺ ճանապարհին ու ԱԺ-ում ահռելի փոփոխությունների է ենթարկվել: Ի սկզբանե ամրագրված է եղել, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն: Սակայն ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, չդիմանալով գայթակղությանը, առաջարկել է` տասը անդամ ունենալու դեպքում կառավարման խորհրդի անդամներից մեկը, իսկ 10-ից ավելիի դեպքում՝ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել: Կառավարման խորհուրդների կազմն էլ, ըստ նախագծի, հաստատելու է վարչապետը: Այսինքն` անգամ այս լիազորությունն են վերապահում նոր Սահմանադրությամբ ապագա վարչապետին:

 

 

 

Երեւանի ավագանու փետրվարյան հայտնի նիստից հետո ՀՀԿ խմբակցության անդամներից Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, հայտարարել էր, թե «Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին եղած կոյուղաջրերով լի տարայի մեջ կիսլատա՝ ազոտական թթու է եղել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նաիրա Նահապետյանը պնդել է իր հայտարարությունը: Հարցին, թե ունի՞ ապացույցներ, ՀՀԿ-ական տիկինն ասել է, թե ծանոթ է «անալիզներին» եւ որ այդ տեղեկությունը ստացել է իրավապահ մարմիններից: Նկատենք՝ կոյուղաջուրը քրեական գործի շրջանակներում ուղարկվել է փորձաքննության: Բայց այդ փորձաքննության արդյունքները գոնե Նահապետյանին հայտնի չպետք է լինեին, քանի որ գոյություն ունի «նախաքննական գաղտնիք» հասկացությունը, իսկ նա այս գործով վկայի կարգավիճակ ունի, հետեւաբար իրեն հասու չպետք է լիներ ինֆորմացիան: Ու հետաքրքիր է՝ ո՞վ է խախտել նախաքննական գաղտնիքը: Չի բացառվում, որ իրականում որեւէ մեկը Նահապետյանին որեւէ տեղեկություն չի տրամադրել, այլ ՀՀԿ-ական տիկինը երեկ որոշել էր պարզապես ստել:

 

 

 

ԻՅԱ, ԻՐՈ՞Ք…
Սերժ Սարգսյանը երեկվա հայտարարություններով վերջնականապես փակեց ապագա վարչապետի թեման: Այլեւս որեւէ կասկած չկա` նախագահի լիազորությունների ավարտից հետո ինքը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրության պարագայում եւս մնալով երկրի փաստացի ղեկավարը: Սերժ Սարգսյանը, իհարկե, այս ամենը ուղիղ տեքստով չի հայտարարել, բայց շատ պարզ հասկացրել է սպասվող իրադարձությունների մասին:
Հիշում եք 2014թ. սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս նրա ելույթը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»:
Երեկ Ս. Սարգսյանը, մեկնաբանելով իր խոսքերը, ասել է. «Ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի ՀՀ նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում եւ խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ …Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ …Խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն եւ կառավարություն ձեւավորելու լիազորություն ստանձնած ՀՀԿ եւ կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձեւաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում… Եթե, ի վերջո, որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ` ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»։
Ուշադրություն դարձրեք նրա ձեւակերպումներին. Ս. Սարգսյանը շարունակում է պնդել, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին: Բայց Ս. Սարգսյանը պարտաճանաչ կուսակցական է: Կուսակցությունն էլ, հիշում եք` իր հայտնի ձեւակերպումը. «ոհմակ չէ», եւ «կուսակցականը պետք է հաշվի նստի կուսակցության որոշումների հետ»: Այնպես որ, եթե ՀՀԿ-ն որոշի իրեն «ազգովի խնդրել» եւ վարչապետի պաշտոնում առաջադրել, ստիպված կհամաձայնի: Դե, իհարկե, հանուն ազգի եւ հայրենիքի. չէ՞ որ ինքը «պատասխանատվություն ունի երկրի սահուն ընթացքի համար»:




Լրահոս