ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ՕԳՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած նախագահի ընտրություններում Վլադիմիր Պուտինը ընտրվել է ձայների մեծ թվով տարբերությամբ: Նա ստացել է ձայների 76.67 տոկոսը: Նախորդ ոչ մի ընտրության ժամանակ նա այդպիսի ճնշող առավելությամբ հաղթող չէր դարձել: Ռուս փորձագետ Օլեգ Պահոլկովն այդպիսի բարձր ձայների պատճառը տեսնում է Արեւմուտքի հռետորաբանության մեջ:

-Պարո՛ն Պահոլկով, որքանո՞վ էին ՌԴ նախագահի ընտրություններում գրանցված արդյունքները սպասելի Ձեզ համար:
-Գիտեք, այն որ Վլադիմիր Պուտինն է հաղթանակ տանելու, կասկած չէր առաջացնում շատերի մոտ: Չնայած վերջին շրջանում աճում էր Գրուդինիի վարկանիշը, որը ինչ-որ պահի կարող էր փոխել իրավիճակը: Ընդ որում, ամեն ինչ ավելի լուրջ հետեւանքների մասին էր խոսում, եւ մի պահ թվում էր, թե նույնիսկ կարող է ընտրությունների երկրորդ փուլ լինել: Ամեն դեպքում Գրուդինինի սրընթաց աճող վարկանիշը դրա մասին էր վկայում: Սակայն վերջին 2-3 շաբաթներին մեր արեւմտյան գործընկերները շատ մեծ օգուտ բերեցին Վլադիմիր Պուտինին: Դա ե՛ւ բրիտանացիների պահվածքն էր, ե՛ւ Օլիմպիադայի ժամանակ առաջացած խնդիրները, ե՛ւ Պորոշենկոյի ելույթը: Եվ այս դեպքում Պավել Գրուդինինի վարկանիշը սկսեց անկում ապրել: Իհարկե, նա նորություն էր ռուս իրականության մեջ, սակայն նա միլիարդատեր է եւ ելակների առեւտրով է զբաղվում: Եվ երբ սկսվեց ագրեսիվ հռետորաբանություն ՌԴ-ի հանդեպ, իհարկե, Պուտինն այդ դեպքում ընկալվում է որպես համայն ռուսների պաշտպան, այդ պատճառով էլ նման ձայների քանակ ստացվեց: Ընդ որում, աննախադեպ էր նաեւ մասնակցության թիվը: Ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցրեց նրան, որ ռուսները սկսեցին հավատալ, թե Պուտինը փրկիչ է եւ կարող է պաշտպանել նրանց:
-Դուք մի անգամ ասել էիք, թե Քսենիա Սոբչակը երկրորդ տեղն է զբաղեցնելու: Հիասթափվա՞ծ եք: Ինչո՞ւ նա չընդունվեց:
-Անկեղծ ասած, ես շատ խորը հիասթափված եմ Սոբչակի արդյունքներից: Դա զարմանալի էր ինձ համար, եւ ես կարծում եմ, որ դա իր նախընտրական շտաբի անձնական խնդիրներն էին: Նա սխալ թիմ հավաքեց իր շուրջը եւ ոչինչ չկարողացավ անել այս հարցում, չնայած շատերը հավատում էին, որ նրա կողքը կարող են բազմաթիվ մարդիկ հավաքվել: Սակայն նա ոչինչ չկարողացավ անել, եւ ես կրկնում եմ, որ այդ ամենը նրա շտաբի պատճառով եղավ: Նա առաջին անգամ էր քաղաքականության մեջ, եւ իր թիմը չկարողացավ ոչինչ անել, միայն մեծ գումարներ վատնեց: Բացի նրանից, որ Սոբչակը խելացի է, ուրիշ ոչինչ անել չկարողացավ: Նա ուներ բոլոր հնարավորությունները` ավելի շատ ձայներ հավաքելու:
-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են անցել ընտրությունները:
-Զարմանալի կերպով ընտրությունները շատ հանգիստ են անցել, ինչի մասին վկայում են նաեւ դիտորդները: Մարդիկ, ինչպես երբեւէ, իսկապես եկել էին ընտրության, եւ այդ առումով ռեկորդ է գրանցվել: Ես կրկին ասում եմ, որ այդ ամենին նպաստել է Արեւմուտքը: Դեռեւս մեր միջազգային գործընկերներին պետք է շնորհակալություն հայտնեն` մարդկանց այդպես մոբիլիզացնելու համար Պուտինի շուրջ: Իհարկե, նորի հանդեպ ձգտումը կա բոլոր վայրերում, այդ թվում Ռուսաստանում, եւ Գրուդինինը սկզբում դարձավ այդ նորը, նրա վարկանիշն անգամ տոկոսի էր հասնում, սակայն երբ արեւմտյան գործընկերները մեծացրին ճնշումը, Գրուդինինը կորցրեց վստահությունը: Մարդիկ հասկացան, որ դժվար պայմաններում պետք է վստահել ռազմական մարդու, այլ ոչ թե ելակներ աճեցնող գործարարի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

«ԵԼՔ»-ՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ ԿՊԱՅՔԱՐԵՆ

Մի քանի օր տեւած քննարկումներից հետո «Ելք» դաշինքում գործող երեք կուսակցություններն այդպես էլ չկարողացան ընդհանուր լեզու գտնել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ուղիների հարցում:

«Ելք»-ի ներկայացուցիչները պնդում են՝ Սերժ Սարգսյանի հետագա վերարտադրությունը կանխելու ուղղությամբ պայքարելու հարցում իրենց ներսում կա համաձայնություն, սակայն տարաձայնություններ ունեն պայքարի ուղիների հետ կապված: ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզը, այն է` փողոցային պայքարի միջոցով կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, այդպես էլ հավանություն չգտավ դաշինքի մյուս անդամների, մասնավորապես «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների կողմից: «Ելք»-ի անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շեշտել էր, որ ամեն պարագայում կլինի Փաշինյանի կողքին` Ազատության հրապարակում: Իսկ ԼՀ ներկայացուցիչները նման ցանկություն չունեն:
Օրեր առաջ ԼՀ-ից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը շեշտել էր, թե դաշինքի մեծամասնությունը դեմ է ՔՊ-ի առաջարկած ճանապարհային քարտեզին, նաեւ ասել, թե Սերժ Սարգսյանի հեռացումն ինքնանպատակ չպիտի լինի: Իսկ ՔՊ-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել էր Գորգիսյանի խոսքերը, որ Փաշինյանի դիրքորոշումները «Ելք»-ում մեծամասամբ չեն կիսում: Նազարյանը վստահեցնում էր, որ համբերատար լսում, քննարկում են գործընկերների դիտարկումներն ու առաջարկները` ընդհանուր հայտարարի գալու համար: Սակայն, ինչպես տեսանք, այդպես էլ միասնական կարծիք չձեւավորվեց:
«Ելք» դաշինքում ընդգրկված 3 կուսակցությունները՝ «Քաղացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», առանձին կգործեն` Սերժ Սարգսյանի վերարտադրությունը վարչապետի պաշտոնում կանխելու համար. նման որոշում են նրանք ընդունել երեկ ԱԺ խմբակցության նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԼՀ անդամ Մանե Թանդիլյանը վստահեցրեց. «Այդ ճանապարհային քարտեզի եւ դրա հաջողության հավանականության շուրջ մտահոգություն ունեն թե՛ Լուսավորը Հայաստանը, թե՛ Հանրապետությունը, թե՛ ՔՊ-ի մեր գործընկերներից ոմանք: Այս նույն ճանապարհով գնացել ու չեն հաջողել բոլոր ընդդիմադիրները»:
Մանե Թանդիլյանը նաեւ նշեց, թե որեւէ անձի երրորդ պաշտոնավարմանը հակադրվելու ճանապարհը սեփական թեկնածու առաջադրելն է, որպեսզի հանրությունը ականատես լինի ՀՀԿ-ի սնանկությանը: Իսկ հարցին, թե ԼՀ-ի ո՞ր առաջարկն է հատկապես մերժվում ՔՊ-ի կողմից, Թանդիլյանն արձագանքեց. «Խնդիրը մերժելը չէ, այլ «Ելք»-ի երեք կուսակցությունների միասնական դիրքորոշման՝ գործողությունների արդյունավետության եւ դրանց քաղաքական հետեւանքների ընկալման մեջ է»:
ԼՀ կուսակցության նախագահ Է. Մարուքյանն էլ ֆրակցիայի նիստից հետո նշել էր, թե «3 կուսակցություն, 3 ճանապարհային քարտեզ կա, բայց այդ 3 քարտեզները չեն գալիս, մեկ քարտեզ դառնում: Չի դառնում այնպես, որ մեկ ծրագիր լինի, որովհետեւ մի մասը մի գործողության հետ է խնդիր տեսնում, չի հավատում այդ գործողության արդյունավետությանը, մյուս մասը՝ մյուսի»: Իսկ ՔՊ կուսակցության նախագահ Ն. Փաշինյանն ասել էր` որոշել են, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ եւ իրագործել: Ավելի ուշ ՔՊ-ն առանձին քննարկում էր իրականացրել, որից հետո տարածած հաղորդագրության մեջ ասվում էր` որոշում են կայացրել նախաձեռնել քաղաքական շարժում` ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:
Նկատենք` թեեւ «Ելք»-ի անդամները համոզում են, թե դաշինքը չի փլուզվել, բայց ճաքերն իսկապես գնալով խորանում են` տանելով փլուզման:
Հ.Գ. Ավելի ուշ ՔՊ-ն հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենց հետագա պայքարի ճանապարհային քարտեզը կհրապարակվի մարտի 31-ին: Իսկ ապրիլին նրանք հանրահավաքների շարք են նախատեսում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՉԷ
Բազմաթիվ ՀՀԿ-ականներ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին անփոխարինելի թեկնածու են համարում: Սակայն ոչ բոլորը: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց՝ արդյո՞ք քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ կան: «Ընդհանրապես, ոչ մի տեղ չկա անփոխարինելի մարդ: Ինձ թվում է` անփոխարինելի միայն ծնողներն են: Մյուսները, բոլորն էլ, իհարկե, փոխարինելի են»,- եղավ պատասխանը:

 

 

ՀԱՄԱԿԱՐԳԸ ԽԱՓԱՆՎԵԼ Է
Էլեկտրոնային առողջապահության նոր կարգը պարզապես գլխացավանք է դարձել առաջին հերթին բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների, նաեւ բժիշկների համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր ստացավ տարբեր բուժհաստատություններ այցելած անձանցից: Մասնավորապես երեկ` ամբողջ օրը, էլեկտրոնային առողջապահական ծրագիրը մի քանի հիվանդանոցներում չի գործել, ինչը հանգեցրել է աշխատանքի խափանման: Այսինքն` հիվանդները չեն կարողացել գրանցվել, որպեսզի նույն օրը կամ հաջորդ օրերին բուժօգնություն ստանան: Հատկապես վատ վիճակում են այն մարդիկ, որոնք վիրահատության կարիք ունեն: Չնայած հիվանդանոցներում խառնաշփոթային իրավիճակին, առողջապահության նախարարությունում, ինչպես միշտ, հանգիստ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նախ նշեց, թե ինքը տեղյակ չէ նման խափանումների մասին, ապա հավելեց, թե էլեկտրոնային համակարգի խափանումը չի կարող աշխատանքի դադարի պատճառ դառնալ՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցներում այդ դեպքերում մատյաններում են գրանցում, ապա ընդգրկում համակարգի կազմում: Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունում այլ իրականություն է, հիվանդանոցներում՝ այլ:

 

 

ՄԱՍ Է ԱՆՋԱՏՎԵԼ
2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից տրանսպորտային կեղծ կտրոններ վաճառելու գործով դատարանում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է` կեղծ կտրոնների գործով կալանավորվել էր 6 անձ, որոնց մեջ էր Սամվել Բարխոյանը՝ հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրը: Այս գործով արդեն մեկ տարի է՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննություն է ընթանում, սակայն նկատենք, որ մեկ տարվա մեջ գործը դոփում է տեղում, եւ որոշում է կայացվել մեղադրյալների մասով գործը անջատել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կեղծ կտրոններ պատրաստելու գործով կալանավորվածներից շատերը չեն ընդունում իրենց մեղադրանքը, իսկ մյուս մասն, ընդհակառակը, ընդունել է մեղադրանքը: Ու հիմա նրանց տարբեր մոտեցումների պատճառով դատարանը որոշել է գործերն առանձնացնել ու քննել անջատ: Դատարանն այս քայլին գնացել է նաեւ` դատավորներին ծանրաբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու եւ կոնկրետ գործերով որոշումներ կայացնելու համար:




Լրահոս