Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հենց Ամերիկայում հարուցված քրեական գործով նոր զարգացումներ են տեղի ունենում: Բանն այն է, որ հայտնի հայ երգիչ-երգչուհիները, որոնք առնչություն են ունեցել հաղորդավարուհու կամ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի կողմից կազմակերպված համերգների հետ, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ:
Նախապատմություն
Ինչպես հայտնի է` ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը` Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Այս իրավիճակին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ ամեն ինչ կանեն` պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ-ում այս աղմկահարույց գործի շրջանակներում սպասվում են ձերբակալություններ. Ակոպովնան, հնարավոր է, կալանավորվի: Բանն այն է, որ Դինա Ակոպովնային ՀՀ-ում պատասխանատվության կանչելը կապված է մեկ հանգամանքով. ԱՄՆ իրավապահները սպասում են գործով մեղադրյալների ցուցմունքներին, որից հետո պարզ կլինի առհասարակ Հայաստանում այս գործընթացի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը:
Ու մինչ ԱՄՆ-ում քննությունը շարունակվում է, հաղորդավարուհին, անդրադառնալով իր անվան շուրջ ԱՄՆ իրավապահների մեղադրանքին, վստահաբար պնդել էր. «Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին` համերգային ծրագրով, որպես մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը` Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ եւ հայտնի կատարողներ` Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո եւ այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան եւ դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեեւ ունեի մուտքի արտոնագիր: Իսկ տվյալ կնոջ` Ստելլա Բոյաջյանի հետ գործնական շփումը եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած` առաջին ու վերջին անգամը, որից հետո երբեւէ նրա հետ անելիք չեմ ունեցել, եւ ոչ էլ շփման առիթ է եղել»: Այս գրառումն էլ ճակատագրական է դարձել շատերի համար:
Նոր իրավիճակ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ աղմկահարույց այս գործի շրջանակներում երգիչ-երգչուհիներ են փաստի առաջ կանգնել: Բանն այն է, որ այն հայ երգիչ-երգչուհիները, որոնք համերգային ծրագրի կազմակերպիչ Ստելլա Բոյաջյանի կամ հաղորդավարուհի Ակոպովնայի հետ առնչություն են ունեցել կամ մասնակցել են նրանց կողմից կազմակերպված համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես ըստ մեզ հասած տեղեկությունների` ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:
Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` ԱՄՆ դեսպանատունը շատ երգիչ-երգչուհիների եւ, առհասարակ, նրանց, ովքեր կապ են ունեցել վերոնշյալ անձանց հետ, ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել է 99 տարով: Ասել է, թե ցմահ. նրանք այլեւս Ամերիկայի Միացյալ Նահագների «երեսը չեն տեսնի»:
ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը
«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Խնդրել էինք տեղեկացնել, թե արդյո՞ք բոլոր այն հայ երգիչ-երգչուհիները, որոնք Դինա Ակոպովնայի կամ Ստելլա Բոյաջյանի միջոցով համերգային շրջագայության են մեկնել ԱՄՆ, այս օրերին հրավիրվում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ դեսպանատան պահանջով վերադարձնում են իրենց ԱՄՆ մուտքի արտոնագրերը: Հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք դեսպանատունը ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել է վերոհիշյալ երգիչ-երգչուհիներին: Ավելին` ԱՄՆ դեսպանատնից հետաքրքրվել էինք` բացի վերոնշյալ անձանցից` ովքեր են այն մյուս երգիչ-երգչուհիները, որոնք վերոնշյալ խարդախության գործով զրկվել են իրենց արտոնագրերից: Ի պատասխան մեր հարցադրումների` ԱՄՆ դեսպանատնից մեզ հայտնել են. «ԱՄՆ ներգաղթային օրենսդրությունն արգելում է դեսպանատանը տրամադրել մանրամասներ վիզայի հետ կապված կոնկրետ գործերի վերաբերյալ: ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաները վիզայի դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ու կանոնակարգերի պահանջների լիակատար ապահովմամբ»:
Ինչ են ասում հայտնիները
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց երգչուհի Աիդա Սարգսյանի հետ, որը այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ նահանգներում:
-Տիկի՛ն Սարգսյան, Դուք ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված ի՞նչ խնդիր ունեք, տեղեկություններ կան, որ Ձեզ 99 տարով զրկել են, քանի որ Դուք առնչություն եք ունեցել ԱՄՆ-ում համերգային ծրագրի կազմակերպիչ Ստելլա Բոյաջյանի, հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետ, իսկ նրանք ԱՄՆ իրավապահների կողմից մեղադրվում են ԱՄՆ մուտքի վիզաների խարդախության մեջ:
-Բացարձակ նման խնդրի հետ չեմ առնչվել, ես չգիտեմ` ոնց են կապում, բոլոր երգիչ-երգչուհիներն էլ, եթե որեւէ մի բան է լինում, կապում են մի բանի հետ:
-Կոնկրետ վերոնշյալ անձինք են կազմակերպել, Դուք իրենց կազմակերպած միջոցառումներին մասնակցե՞լ եք:
-Այո՛, կազմակերպվել է, մասնակցել ենք, բայց նման պահով ես չեմ առնչվել ոչ մեկի հետ:
-Այսինքն` Ձեզ չե՞ն կանչել Ձեր մուտքի արտոնագրի հետ կապված, օրինակ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն:
-Չէ՛, բացարձակ, նման խնդիր չունեմ:
Պարզեցինք, որ երգիչ Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն, այս օրերին համերգային շրջագայության է: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիս որդուց` Հրաչո Ղեւոնդյանից, հետաքրքրվեց, թե արդյո՞ք իր հայրիկի ձեռքից վերցրել են ԱՄՆ մուտքի արտոնագիրը, վերջինս ասած, որ ոչինչ իր հայրիկի փոխարեն չի կարող հայտնել, իսկ ահա հայրը համերգային շրջագայության է, սակայն ոչ ԱՄՆ-ում:
Հետախուզումից մինչեւ նկարահանում
Այս պատմության մեջ ուշագրավն այն է որ մինչ ԱՄՆ-ում քննություն է գնում, եւ դեռ ավելին` խնդրի մասին բավականին լուրջ հայտարարությամբ է հանդես գալիս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, երգչուհի Դինա Ակոպովնան իր առօրյա գործունեությամբ է զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել հաղորդավարուհու հետ, սակայն հաղորդավարուհին ասաց. «Դուք ինձ անհանգստացնում եք, ես նկարահանման եմ»:
Այս գործի շրջանակներում շրջանառվում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի անունը եւս, թեեւ նա էլ հերքում է իր առնչությունը կատարվածին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴԴԵՄ «ՍԱՍ» ԳՐՈՒՊԻ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին` «ՍԱՍ»-ի Արտակին պատկանող ընկերության դեմ դատական հայցերը շարունակվում են: Այս անգամ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ գումար բռնագանձելու պահանջով դատական հայց է ներկայացրել Ավանում գտնվող «ՀՍՌ Ֆարինա» ալրաղացը, որը հիմա սննկացել է: Պարզվում է` ալրաղացը ալյուր է մատակարարել Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությանը եւ հիմա դատարանի միջոցով է ցանկանում ստանալ մատակարարված ապրանքի գումարը: Ի դեպ, նշենք, որ այս գործով դատարանում պատասխանող հանդես են գալիս նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ սնանկացած ընկերությունները դատի են տալիս «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին, մասնավորապես «Աշտակար կաթը» եւս գումար էր պահանջել, եւ մեկ տարի տեւած քննության արդյունքում դատարանը մերժել էր «Աշտակար կաթ» ՍՊԸ-ի հայցը:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ «ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏ»-ԻՆ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ» դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի` ընկերությունից գումար պահանջելով: Նշենք, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Գրել էինք, որ փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ սպիտակ էջով վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին:
ԵՎՍ 3 ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ քննչական կոմիտեում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս երեք պահաբաժինների անտառապահների: Հիշեցնենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ` հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014թ.:
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Մխիթարյանը պահանջել է վերանայել իր վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2018թ. դատավճիռը: Մ. Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրել է, որ ընդամենը 2 օր առաջ է ստացել գործով դատական ակտը եւ առաջիկայում պատրաստվում է ինքը եւս վերաքննիչ բողոք ներկայացնել, եւ քանի որ օրենքը թույլ է տալիս, ամբաստանյալը եւս որոշել է առանձին վերաքննիչ բողոք ներկայացնել: Մուշեղ Մխիթարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ ցուցմունք է տվել, որ 2015թ. օգոստոսի 4-ին հանդիպել է Աննա Միսակյանին, վերջինս` իմանալով, որ ինքը այցելելու է Անի Մաջնունյանին, խնդրել է բախտագուշակություն կատարելու նպատակով իր հետ այցելել նրան, սակայն ինքն առաջարկել է փոխանցել էքստրասենսի հեռախոսահամարը: Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին եւ ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած եւ կտրած, թափանցող եւ չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Անի Մաջնունյանի մահվան: