ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը երեկ դատապարտվեց 10 տարի, հինգ ամսվա ազատազրկման: Ըստ այդմ, դատավորն ապացուցված համարեց, որ ՍԷֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով: Իսկ հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: Միայն թե, նկատենք, Սէֆիլյանին դատապարտել են մի արարքի համար, որը ինքն ըստ էության չի կատարել՝ խոսքը զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ շենքեր-շինություններ գրավելու մասին է:

«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե իշխանությունները Սէֆիլյանի հետ այս կերպ փորձում են հաշվեհարդար տեսնել եւ դրա համար իրենց պատճառներն ունեն: «Ամենաառաջինն այն է, որ ի տարբերություն մեծ թվով քաղաքական գործիչների` Սէֆիլյանը միշտ եղել է աննկուն, սակարկությունների չգնացող անձնավորություն: Սէֆիլյանը վաճառվողներից չի եղել: Սերժ Սարգսյանին երբեք չի հաջողվել գնել Սէֆիլյանին», – նշեց նա:
Մեղադրող դատախազը պահանջել էր 11 տարվա ազատազրկման դատապարտել Սեֆիլյանին` որպես ապացույց վկայակոչելով, օրինակ, «տարաբնույթ սադրիչ ելույթները, կոչերը»: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ մեղադրական եզրակացությունում նշված է, թե Սէֆիլյանն անկախ իր կամքից ավարտին չի հասցրել մտադրությունները, սակայն այդպես էլ մանրամասնած չէ, թե ինչու: Օրինակ` նշված է, թե 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նա Նորքի հեռուստաաշտարակը գրավելու փոխարեն ընդամենը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում:
Ենիգոմշյանի խոսքով` Սէֆիլյանը բազմաթիվ անգամ ապացուցել է այս իշխանությունների իրական դեմքը, եւ բավական է հիշել 800 հեկտարի պատմությունը, երբ նրան բոլորը հերքեցին, սակայն օրեր անց հաստատեցին անգամ Սերժ Սարգսյանի շուրթերով: Դիտարկմանը` ինչից են վախենում իշխանությունները, Ենիգոմշյանը նկատեց. «Այս կերպ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ է լինում այնպիսի մարդկանց հետ, ովքեր փորձում են պայքարել հանուն ժողովրդի: Սէֆիլյանի նկատմամբ այս «պատիժը» նաեւ օրինակ ծառայելու նպատակ է հետապնդում»:
Սակայն Ժիրայր Սէֆիլյանն այդպես էլ ցուցմունք չի տվել, ճառով հանդես չի եկել, նույնիսկ վերջին խոսքի իրավունք չի ունեցել: Ուշագրավն այն է, որ երկար ձգված դատավարության կեսից ավելիին Սէֆիլյանը նույնիսկ չի էլ մասնակցել, քանի որ նրան մշտապես այս կամ այն պատճառով հեռացնում էին նիստերի դահլիճից: Դատական ամբողջ գործընթացն ուղեկցված է եղել բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բազմաթիվ սանկցիաներ է կիրառել մեղադրյալների, փաստաբանների, նույնիսկ դատավարությանը ներկա լինող Սէֆիլյանի համակիրների հանդեպ:
Սէֆիլյանի գործով անցնող Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Այստեղ դատարանն ազնիվ գտնվեց եւ հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գեւորգ Սաֆարյանը, ըստ էության, դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Սաֆարյանի նկատմամբ պատիժը Ենիգոմշյանը եւս իշխանությունների կողմից մյուսներին ուղղված ազդակ է համարում, հատկապես երիտասարդներին:
Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը եւ Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման: Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման պատժի արժանացավ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Նա միակն է, որ դատարանում Սէֆիլյանի դեմ ցուցմունք է տվել: Մյուս մեղադրյալները պնդել են, որ գործը շինծու է, բարձրաձայնել են, որ ճնշումների են ենթարկվել քննիչների կողմից, իրավապահները փորձել են ցուցմունքներ կորզել Սէֆիլյանի դեմ, ոմանք նույնիսկ հայտարարել են, որ անձամբ չեն ճանաչում Սէֆիլյանին եւ միայն հեռուստացույցով են տեսել:
Հավելենք, որ Ժիրայր Սէֆիլյանը բարձրագույն պետական պարգեւի՝ Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ է: Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2007 թվականին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեղադրանքով: Հետագայում Եվրոպական դատարանը վճռեց, որ Սէֆիլյանի իրավունքները խախտվել են: Ընդ որում, նրա անունը գրված է եղել նաեւ պատմության դասագրքերում, սակայն վերջին երկու տարում այն պարզապես հանվել է: «Դա մանրահոգության փայլուն օրինակ է: Իշխանությունները պատրաստ են անգամ պատմությունը կեղծել»,- մեզ հետ զրույցում արձանագրեց Ենիգոմշյանը` հավելելով, թե իշխանություններին վախեցրել են նաեւ ժողովրդին մոբիլիզացնելու Սէֆիլյանի հնարավորությունները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԱՔՑՐԵԼ Է ԱՆՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր, թե ինչպես է Տավուշի մարզպետի որոշմամբ ֆինանսական օգնություն տրամադրվել քաղաքացիներին: Հիշեցնենք` ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով «Քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում» հոդվածով Տավուշի մարզպետարանին հատկացվել է 30 միլիոն 459 հազար 400 հազար դրամ, որից մարզպետարանի աշխատողների պարգեւատրման գումարը կազմել է 30 միլիոն 299 հազար 200 դրամ:
«Ժողովուրդ»-ը նաեւ գրել էր, որ հանրությունը չի իմանում, թե մարզպետարանի աշխատակիցներից ովքե՞ր են պարգեւատրվել, ինչքա՞ն գումարով, ի տարբերություն դրա, մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են պետական բյուջեից որպես սոցիալական օգնություն դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանունները եւ նրանց ստացած գումարների չափերը: Եվ ահա մարզպետ Հովիկ Աբովյանը այդ տարբերակումը վերացրել է, մարզպետարանի պարգեւատրում ստացած աշխատողների անուն-ազգանունները չեն հրապարակվել, այլ դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանուններն այլեւս չեն հրապարակվում:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. փետրվարի 26-ին մարզպետը որոշել է պետական բյուջեից սոցիալական աջակցության նպատակով 62 քաղաքացու հատկացնել 2 միլիոն 560 հազար դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ մարտի 14-ին նույն կերպ 55 քաղաքացու տրվել է 2 միլիոն 770 հազար դրամ օգնություն: Այդ որոշումների մեջ նշված է, որ դրամական օգնությունները տրվում են համաձայն հավելվածի, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում հավելվածները չեն հրապարակված, թեեւ նախկինում դրանք հրապարակվում էին: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում մարզպետարանի հաստիքացուցակը ներկայացված է 2017թ. օգոստոսի 7-ի դրությամբ: Այնտեղ նշված են 113 պաշտոն եւ դրանք զբաղեցնող պաշտոնյաների անունները: 113 հաստիքից 8-ը նշված է որպես թափուր: Անցյալ տարվա նշված ժամանակահատվածում 105 աշխատակից ունեցած մարզպետարանի աշխատողներին պարգեւատրելու համար 2017թ. պետբյուջեից հատկացվել է 30 միլիոն 299 հազար 200 դրամ, իսկ մարզպետի 2018թ. փետրվարի 26-ի եւ մարտի 14-ի որոշումներով սոցիալական եւ առողջական խնդիրներ ունեցող ընդհանուր թվով 117 քաղաքացիներին օգնելու համար` ընդհանուր առմամբ 5 միլիոն 330 հազար դրամ: Եթե նկատի ունենանք, որ մարզպետարանի ոչ բոլոր աշխատողներն են պարգեւատրվել, իսկ սոցիալական եւ առողջական խնդիրներ ունեցող տավուշցիները դրամական աջակցության որքան կարիք ունեն, ապա պետբյուջեից մարզպետարանի աշխատողներին եւ մարզի հասարակ քաղաքացիներին տրվող գումարների չափերի տարբերությունն ավելի ակնառու է դառնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՍԵՎ, ՄՈՒԹ ԱՄՊԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթ են ահազանգել Տավուշի մարզի բնակիչները, որոնց զավակները սովորել են «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, պարտաճանաչ վճարել ուսման վարձը, սակայն այդպես էլ կրթության վկայական չեն ստացել: Այդ կապակցությամբ մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական ծառայություն, ի պատասխան` օրերս ստացել ենք գրավոր պատասխան, ուր նշված է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի ներկայացուցչության տնօրենի կողմից 2013-2014 ուսումնական տարում նույն քաղաքի բնակչի կողմից ստացված «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ընդունվելու եւ սովորելու պատրվակով մաս-մաս, որպես վարձավճար վերցված գումարը յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում: Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ»: Ուշագրավ է, որ 4-5 տարի առաջ կատարված ապօրինության վերաբերյալ մեծածավալ քննչական գործողությունները դեռեւս արդյունք չեն տվել, քննությունը չի ավարտվել, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Դա այն դեպքում, երբ մեղադրյալները եւ մեղադրանքն ակնհայտ են:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ԲԱՐԵԿԱՐԳԵԼՈՒ ԵՆ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման, բնապահպանության վարչությունների եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սկսել Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքները: «Այս այգու վերակառուցման եւ բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է, ու պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունքում ունենանք իսկապես հարմարավետ ու պատշաճ կահավորված եւս մեկ հանգստի գոտի», – նշել է նա: Կոմիտասի անվան պանթեոնի հանդեպ Տարոն Մարգարյանի ուշադրությունը, թերեւս, պատահական չէ. ինչպես հայտնի է` Պանթեոնում է թաղված նաեւ Մարգարյանի հայրը` երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:




Լրահոս