«ՀԱՐՄԱՐՎՈՂ ԵՄ, ԴՐԱ ՇՆՈՐՀԻՎ ԷԼ ՈՒՆԵՄ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց նվիրված միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը կանացի թեմաների շուրջ զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։ Նա նշել է, որ հայ կին լինելը բավական բարդ է եւ պարտավորեցնող, քանի որ վերջինս ինքնազոհաբերվող տեսակ է։ Երգչուհին անդրադարձել է նաեւ տղամարդ ծնվելու իր երազանքին, տղամարդկանց հետ ընկերություն անելուն, նրանց կանացից շատ վստահելուն եւ ամուր ընտանիք ունենալու իր գաղտնիքներին։

-Սոնա՛, հե՞շտ, թե՞ դժվար է հայ կին լինելը։
-Դժվար, քանի որ մեր կանայք սովորաբար մեծապես նվիրվում են իրենց ամուսիններին եւ երեխաներին։ Դա, իհարկե, միայն ողջունելի է, բայց դրան զուգահեռ կանայք չպետք է մոռանան իրենք իրենց նվիրվելու, խնամելու մասին։ Թեեւ կա մի զանգված, որ իրեն լավ հետեւում է, եւ դա ինձ դուր է գալիս։ Արտասահմանում, օրինակ, կանայք ավելի շատ իրենք իրենց են սիրում. ես դա էլ չեմ ընդունում։ Որքան էլ գնահատենք եվրոպական արժեքները, հարկավոր է, որ մենք մեր տեսակին հավատարիմ մնանք։
-Ո՞րն է, ըստ Ձեզ, ամուր ընտանիք ունենալու գաղտնիքը։ Դուք Ձեր բանաձեւն ունե՞ք։
-Ես շատ հարմարվող եմ, դրա շնորհիվ էլ ունեմ ամուր ընտանիք, շատ բաներ զոհաբերում եմ, շատ բաներ իմ մեջ եմ պահում, պարփակվում եմ, առհասարակ, դժգոհող տեսակ չեմ։
-Տարիներ առաջ երբեւէ կպատկերացնեի՞ք, որ այսպիսին կլինեք ընտանիքում, թե՞ Ձեզ այլ կերպարում եք տեսել։
-Միանշանակ, պատկերացրել եմ։ Իհարկե, ինչպես բոլորի, իմ կյանքում էլ ամեն ինչ հարյուր տոկոսանոց չէ, բայց ես սիրում եմ այն մարդկանց, որոնք պահում են իրենց ընտանիքը. բաժանվելը հեշտ է, բայց դա լավ բան չէ։ Հարաբերությունների վրա դրական է անդրադառնում նաեւ այն հանգամանքը, որ հասուն տարիքում եմ ընտանիք կազմել. սխալվելու իրավունք չունեի։
-Կնոջ լավագույն հատկությունները որո՞նք եք համարում։
-Հավատարմությունը, անկեղծությունը, փոխզիջող լինելը։ Դրանք ամենակարեւորներն են։
-Իսկ ո՞րն է որպես կին՝ Ձեր թույլ կողմը։
-Ես շատ փխրուն եմ եղել, շատ հավատացող, բայց հիմա փոխվել եմ, մի փոքր այլ կերպ եմ կյանքին նայում։ Երեւի այսպես ավելի լավ է։
-Սոնա՛, իսկ եղե՞լ է, որ երազեք տղամարդ լինելու մասին։ Շատերը երազում են գոնե մեկ օրով հակառակ սեռի դրության մեջ մտնել։
-Այո՛, շատ եմ երազել այդ մասին։ Թեեւ դուրս այնքան էլ չի գալիս «տղամարդ-կին» արտահայտությունը, բայց ես, կարելի է ասել, այդպիսին եմ, ինձ ռիսկով եւ թասիբով կին եմ համարում։ Կռվարար չեմ, բայց եթե պահը գա, կարող եմ նաեւ միջամտել խնդիրներին եւ դրանց լուծում տալ։ Պատկերացնում եմ, որ եթե տղամարդ ծնված լինեի, էլի աշխատասեր ու թասիբով կլինեի։ Իմ մեջ կան նման հատկանիշներ։ Ասեմ նաեւ, որ միշտ առանձնակի սիրել եմ ֆուտբոլը։ Հորեղբայրս հայտնի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է, ով շատ երկար ճանապարհ է անցել։ Ֆուտբոլի հանդեպ սերս նաեւ նրա հետ շփումի արդյունք է։
-Իսկ Ձեր ընկերների շրջանում տղամարդի՞կ են շատ, թե՞ կանայք։
-Իմ շրջապատում տղա ընկերներն ավելի շատ են։ Նրանք ե՛ւ հուսալի գործընկեր են, ե՛ւ հավատարիմ ուղեկիցներ, ավելի հավատարիմ, քան կին ընկերները։ Բայց ես բոլորի հետ էլ շփվում եմ, առհասարակ, այդ առումով խնդիրներ չունեմ ո՛չ շոու-բիզնեսում, ո՛չ էլ դրանից դուրս։
-Բայց ոմանք ասում են, որ Դուք գոռոզ եք։
-Ընդհանրապես այդպիսին չեմ։ Գոռոզ են նրանք, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Փառքի հասած, բայց տաղանդավոր մարդիկ, սովորաբար, իրենց երբեք այդպես չեն պահում։ Դրա վառ օրինակը Մհեր Մկրտչյանն է։
-Եվ վերջում՝ միամսյակի առթիվ ի՞նչ կմաղթեք մեր կանանց։
-Ճիշտն ասած, միամսյակը շատ չեմ սիրում, որովհետեւ այն համոզման եմ, որ կանանց պետք է ուշադրություն դարձնել ոչ թե մեկ ամիս, այլ յուրաքանչյուր վայրկյան։ Ամեն դեպքում, մեր կանանց մաղթում եմ, որ միշտ իրենց ամուսինների կողքին լինեն, ամուր պահեն իրենց ընտանիքն ու դժգոհելու առիթներ չունենան։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պորտուգալիայի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ: 33-ամյա ֆուտբոլիստն ավելի շատ ձայն է ստացել, քան «Սպորտինգ»-ի դարպասապահ Ռույ Պատրիսիուն եւ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան: Հիշեցնենք, որ «Ժիրոնա»-ի հետ վերջին խաղում Ռոնալդուն դարձել էր պոկերի հեղինակ:

 

 

ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար, եւ նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: «Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզիչիս` Ուլլի Վեգների հետ, եւ նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` իմ մարտարվեստի երկրպագուների համար դիտարժան մրցելույթ ցուցադրելու»,- ասել է նա:

 

 

 

ՄՏԱԴԻՐ ՉԷ
Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաց թողնել եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին: Լիվերպուլցիները կմերժեն 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ ցանկացած առաջարկ` անկախ գումարից:
Սալահը «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծրագրերի առանցքային դերակատարներից է լինելու հաջորդ մրցաշրջանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ եգիպտացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա 30 խաղում խփել է 28 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

 

 

ՊԻԵՍ՝ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Գյումրու դրամատիկական թատրոնը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացում՝ նվիրված Ապրիլյան պատերազմին։ Պիեսը, որի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, հիմնված է Գյումրիում մի երիտասարդի հետ տեղի ունեցած իրական պատմության վրա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նույն թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Պիեսի բեմադրիչը թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է, նկարչական ձեւավորումն արել է Գարիկ Եվանգուլյանը, իսկ երաժշտությունը գրել է Հայկոն։

«Սա կլինի 2018-ին մեր թատրոնի համար այցեքարտային ներկայացումներից մեկը։ Այն մեր կողմից շնորհակալության ժեստ է Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին գծում ծառայած զինվորներին»,-նշեց Տիգրանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ թատրոնում տարվում են վերանորոգման աշխատանքներ, իրականացվում է տեխնիկական վերազինում. «Հուսով եմ՝ կկարողանանք մի քանի տարում ունենալ լուսային այն տեխնիկան, որը համապատասխանում է 21-րդ դարի թատրոնի պահանջներին»,-շեշտեց տնօրենը։
Մենք հետաքրքրվեցինք՝ թատրոնի մաս կազմող «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում բեմադրվո՞ւմ են արդյոք ներկայացումներ. «Այո, այդ բեմում խաղում ենք Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», եւ տոմսերն օրեր առաջ սպառված են լինում։ Ի դեպ, այդ ներկայացմամբ առաջիկայում հանդես կգանք Երեւանում եւ Վանաձորում»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Իսկ հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում թատրոնը հանդիսատեսի համար առավել հետաքրքիր դարձնելու ուղղությամբ, Տիգրանը պատասխանեց. «Մենք 2017-ին ունեցել ենք 42 հազար հանդիսատես։ Սա, կարծում եմ, խոսուն ցուցանիշ է։ Մեր թատրոնն այս տարվանից հրաժարվել է հաստիքային ռեժիսորներից. բեմադրություններ կանեն հրավիրյալ ռեժիսորները։ Այդ հանգամանքը ստեղծագործական թարմ շունչ կմտցնի մեր գործունեության մեջ։ Շուտով մեր թատրոնում ներկայացումներ կբեմադրեն Վահե Շահվերդյանն ու Արշալույս Հարությունյանը»։ Նշենք, որ Գյումրիի դրամատիկական թատրոնում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց «Լիր Արքա» բեմադրությունը. ներկայացումից օրեր առաջ արդեն տոմսերը վաճառված էին, եւ դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինում. մարդիկ անգամ կանգնած էին դիտում այն, կամ աստիճաններին նստած:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս