Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից երեկ անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հասցեին: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է Կարապետյանի` 2017թ. դեկտեմբերի 27-ի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե ապագա վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում նաեւ բիզնեսի վրա: Հիմա ի՞նչ կարծիքի եք՝ հարցին Կարեն Կարապետյանը վերահաստատել է մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը` ասելով. «Ես ընդունում եմ փաստը, որ մարդիկ կան, բիզնես կա, որը դրա վրա արձագանքում ա: Ես ասել եմ, որ դա այդպես է: Եվ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է»: Փաստորեն, Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մեղադրում է բիզնեսի կայացմանը խանգարելու մեջ: Ի վերջո, ապագա վարչապետի թեկնածուին որոշելու է իշխող ՀՀԿ-ն, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն: Բայց հետաքրքիրն այն է, որ Կարեն Կարապետյանն էլ նույն այդ ՀՀԿ-ում ամենավերջին դեմքը չէ. նա այդ կուսակցության առաջին փոխնախագահն է, հետեւաբար ինքն էլ անմասն չէ այդ գործընթացներից:
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիության արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինը նշանակել է կրկնակի փորձաքննություն, քանի որ կասկածներ են եղել, որ դատախազության պաշտոնատար անձինք ազդել են փորձաքննության արդյունքների վրա: Առաջին փորձաքննության պատասխանները եղել են երկիմաստ, եւ իրավապահներն այդ փորձաքննության արդյունքների հիման վրա դժվարացել են միանշանակ եզրակացության հանգել: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազության կողմից փորձագետների վրա ճնշում չի եղել:
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում: Փոխարենը հնարավոր է` նախարար դառնան հին կադրերը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ ճակատագրական ապրիլից հետո հնարավոր է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերադառնա կառավարություն՝ կա՛մ ՀՀ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնում: Հիշեցնենք, որ նա ժամանակին զբաղեցրել է երկու պորտֆելներն էլ: Իսկ Գրիգորյանի հանդեպ Սերժ Սարգսյանը բարեհաճ է գտնվելու, որովհետեւ նա եւ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ԱԺ վերջին ընտրություններին ՀՀԿ-ին ահռելի ծառայություններ մատուցեցին՝ ապահովելով մեծ ձայներով: Իսկ մինչ այդ, Արամայիս Գրիգորյանը բավական ակտիվ է համացանցում՝ հոգալով, որ իր ամենօրյա գործունեությունն ակտիվորեն լուսաբանվի, եւ տպավորություն ստեղծվի, թե ամենալավ նախարարներից մեկն է:
ԱԺ-ն երեկ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որով արգելվում է ուսուցիչներին եւ բուժաշխատողներին նախընտրական շրջանում աշխատանքի ժամանակ զբաղվել քարոզչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ասել է, թե ուսուցիչներն ու բուժաշխատողները մինչեւ հիմա ստիպված են նախընտրական քարոզչությամբ զբաղվել: «Երբեւէ չհավատաք, որ որեւէ մանկավարժ բան ու գործ չունի եւ իր հիմնական գործը թողած` կզբաղվի ուրիշ բանով: Եթե անում են այդ խախտումը, ուրեմն այսպես, թե այնպես պարտադրվում է դա»,- նշել է նա: Մեր դիտարկմանը, թե իշխանություններին ի՞նչն էր խանգարում օրենսդրական այս փոփոխություններն անել ԱԺ ընտրություններից առաջ, Բոստանջյանն արձագանքել է. «Կարելի էր այդպես անել, բայց ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից` չարեց դա: Իրենց համար նպատակահարմար չէր ընտրություններից առաջ դա անել: Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները չափազանց վատ ընտրություններ էին»:
ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ
Խորհրդարանում ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունը խոսուն էր: Նա անդրադարձել է Հայաստանում աշխատավարձի եւ կենսաթոշակների բարձրացման հնարավորությանը` ասելով, թե շատ վտանգավոր է այդ քայլին գնալը, քանի որ հետո կարող է պարզվել՝ հնարավոր չէ այդ գումարները վճարել, ու ստիպված կլինեն պարտքեր կուտակել: Արամյանը թվաբանական որոշ վերլուծություն է ներկայացրել, ըստ որի` միայն նվազագույն աշխատավարձը 5 հազար դրամով բարձրացնելու դեպքում բյուջեի վրա 30 մլրդ դրամի լրացուցիչ ծախս կավելանա: Այսքանից հետո Արամյանը շտապել է փափուկ բարձ դնել, թե «հնարավոր չէ ապագայում մենք չդիտարկենք թոշակների, աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, դա ազդելու է ե՛ւ կենսամակարդակի, ե՛ւ աղքատության ցուցանիշի վրա: Մյուս կողմից` մենք պետք է գործողություններ պահենք եւ մեր դիտակետում պահենք, թե ինչպես ենք մենք դա ֆինանսավորելու»: Ըստ նրա` այդ հարցը իրենց ուշադրության կենտրոնում կլինի առաջիկա 3-4 տարիների ընթացքում:
Սկսենք նրանից, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն էր մեկ տարի առաջ հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ խոստացել 2018 թվականից բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, բայց հիմա կառավարության անդամները դեմքի հրեշտակային արտահայտությամբ արդարանում են՝ «փող չկա»: Այսինքն՝ իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով պարզապես խաբել են հասարակությանը:
Բայց Արամյանի երեկվա հայտարարություններն ուշագրավ էին այն առումով, որ ֆինանսների նախարարը անուղղակի խոստովանել է՝ վստահ չեն, որ կկարողանան նախատեսված չափով ապահովել բյուջեի մուտքերը` ըստ այդմ, ապահովելով ծախսերը: Ի վերջո, թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնելուց առաջ կառավարությունը պետք է իմանա, թե որտեղից կարող է տրամադրել համապատասխան գումարները: Ու եթե կառավարությունը որոշում է ավելացնել ծախսերը, նշանակում է՝ գտել է նաեւ ֆինանսական միջոցները: Մինչդեռ երեկ Արամյանը նշել է, թե սա ռիսկային է` չբացառելով, որ միգուցե չկարողանան վճարել: Իսկ չեն կարողանա բյուջեն չհավաքագրելու դեպքում: Այսինքն՝ ամեն րոպե առկա է ֆինանսական կոլապսի հավանականությունը:
Եւ վերջապես, Արամյանը խոստացել է այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում պահել առաջիկա 3-4 տարիների ընթացքում: Ժողովրդական խոսքով ասած. «Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա»: Ի վերջո, չպետք է մոռանալ տարեկան նվազագույնը 4 տոկոս գնաճի մասին, եւ ահա չնայած գնաճին` քաղաքացիների եկամուտներն այդպես էլ չեն ավելանալու առնվազն 3-4 տարիների ընթացքում: Թե դրանից հետո ի՞նչ կլինի, ոչ ոք չի կարող ասել: