ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիության արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինը նշանակել է կրկնակի փորձաքննություն, քանի որ կասկածներ են եղել, որ դատախազության պաշտոնատար անձինք ազդել են փորձաքննության արդյունքների վրա:

Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը ուսումնասիրել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության եւ դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում` ապօրինի աբորտ կատարելու համար իշխանազանցության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Մասնավորապես պարզվել էր, որ ՊՆ պաշտոնատար անձինք մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ.Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ եւ ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում: Վերջինս էլ, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, կատարել է հղիության արհեստական ընդհատում:
ՊՆ-ում այս դեպքը դարձել էր լուրջ քննարկման պատճառ, եւ ՊՆ պաշտոնատար անձինք զեկուցել էին իրենց ղեկավարությանը, որ նման բան չկա, ավելին` ՊՆ-ում լուրեր էին տարածվել, որ իրավապահների այս գործընթացը պայմանավորված է մեկ հանգամանքով, որ ՀՀ դատախազության կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ անձնական վրեժխնդրությունից ելնելով` նրա գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել: Այդ թեմային անդրադարձել էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Եւ ահա, մեր հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ստուգել, թե արդյո՞ք դատախազության կին դատախազներից որեւէ մեկը խնդիր է ունեցել գինեկոլոգ Տ.Թ-ի հետ: Արդյունքում` ըստ մեզ հասած լուրերի` գինեկոլոգի եւ կին դատախազի միջեւ հնարավոր լարվածության կամ վրեժխնդրության որեւէ դրվագ իրավապահ մարմինը չի հայտնաբերել: Ասել է, թե ՊՆ-ում քրեական գործի պատճառների մասին միանգամայն սուտ տեղեկություններ են շրջանառվել:
Մինչ այդ նկատենք՝ 5 ամիս տեւող քննությունը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համար պատուհաս է դարձել: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունը այս գործով կրկնակի փորձաքննություն է նշանակել՝ պարզելու համար, թե գինեկոլոգ Տ,Թ-ն խախտե՞լ է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները` կատարելով հղիության արհեստական ընդհատումներ, թե՞ ոչ:
Բանն այն է, որ առաջին փորձաքննության մեջ առաջադրված հարցերին հստակ պատասխան չի տրվել. փորձաքննության մեջ նշվել է, թե գինեկոլոգը ե՛ւ կարող էր, ե՛ւ չէր կարող դա անել: Ըստ այդմ, իրավապահները, հենվելով փորձաքննության արդյունքների վրա, չեն կարող ճիշտ որոշում կայացնել:
Թե ինչ եզրակացություն կտա կրկնակի փորձաքննությունը, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է մեկ բան, որ մինչ օրս այս գործով մեղադրյալ չկա, ավելին` ապացույց չկա, որ ՊՆ պաշտոնատար անձինք կամ գինեկոլոգը նման գործարքների են գնացել, ուստի կասկածներն ավելի են խորանում, որ այս պատմությունը խորը արմատեր ունի, եւ ՀՀ կենտրոնական դատախազության ու ՊՆ-ի միջեւ խորը անդունդ կա:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխպան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունները որտեղից են ի հայտ գալիս, բայց իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում: Նշանակված է եղել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը կա: Փորձագետների նկատմամբ որեւէ ճնշում չկա եւ չի կարող լինել: Դրա մասին անգամ ավելորդ է խոսել: Այդ գործով նախաքննությունն ընթացքի մեջ է: Նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն, այդ շրջանակում նաեւ անհրաժեշտությունից ելնելով` քննիչին տրվում են համապատասխան գրավոր ցուցումներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հանգամանքները լիարժեք, բազմակողմանի եւ օբյեկտիվորեն պարզելու, այդ քրեական գործով անցնող անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը:
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի հետ կապված միջադեպին. ըստ այդմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել Ռաֆայել Մխիթարյանի վրա եւ առեւանգել: Մխիթարյանը մեզ պատմել էր, որ պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է, որը որպես պարտք իրենից պահանջում է Համլետ Ներսիսյանը: Իսկ ահա Ռաֆայել Մխիթարյանը պնդում է, որ ինքը որեւէ մեկին որեւէ գումար պարտք չէ: Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է: Այս միջադեպից հետո Ռաֆայել Մխիթարյանը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի` ինքնիրավչության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Սակայն մինչ ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչությունում այս մասով քննություն էր ընթացել, Ռաֆայել Մխիթարյանը դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ հայտնել, որ վկաներին վախեցնում են, դեպքի վայրի տեսախցիկների նյութերը վերացնում են` այս ճանապարհով փորձելով գործը կարճել տալ: Ավելին` Ռաֆայել Մխիթարյանը ՀՀ գլխավոր դատախազին հայտնել է. «Առերեսման ժամանակ վկաներից մեկի դեմքին առկա են եղել կապտուկներ, եւ իմ միջնորդությամբ նշանակվել է փորձաքննություն, եւ փորձաքննությունը ապացուցել է, որ առկա են եղել բռնության հետքեր, սակայն վկան ասում է, թե թոռնուհին է հարվածել, բայց ակնհայտ է այն փաստը, որ վկաների վրա ճնշում է գործադրել, որ սուտ ցուցմունք տան…»:
Արդյունքում` «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է` սույն քրեական գործը ներկայացնեն իրեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչին ի պատասխան` հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Ներքին վերահսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ամեն օր մարզային դատախազությունների դատախազների հսկողության ներքո գտնվող, քննվող բազմաթիվ քրեական գործեր են պահանջվում ուսումնասիրման համար, եւ այդ համատեքստում տվյալ քրեական գործը եւս պահանջվել է»:
Մնում է տեսնել, թե գլխավոր դատախազությունը ուսումնասիրման արդյունքում ինչ որոշում կկայացնի, գործը կտեղափոխվի ՀՔԾ, թե կրկին կքննվի Արմավիրի մարզի քննչական վարչությունում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այցի առիթը «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսին մասնակցությունն է: Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թթ. ընթացքում ՀՀ-ում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ:

 

 

ԵԱՏՄ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ծաղկաձորում հունիսի 1-4-ը կկայանա «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան` համագործակցություն» խորագրով գործարար համաժողովը: Այն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ՀՀ կառավարության համակարգմամբ` ԵԱՏՄ երկրների կառավարությունների աջակցությամբ: Համաժողովի քննարկման հիմնական թեման լինելու է ԵԱՏՄ երկրների անցումն արտաքին աշխարհի հետ փոխգործակցության նոր մակարդակի: Միջոցառման կազմակերպիչները Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատներն են, Ղազախստանի արտահանման եւ ներդրումների ազգային գործակալությունը: Հավանաբար գործարար համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի կառավարությունների, տարբեր միությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ընկերությունների ղեկավարներ:

 

 

ՄԱՔՈՒՐ ՀՐԱՅՐԸ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանին, ասել է. «Հրայրը մաքուր տղա ա: Հրայրն էնքան ազնիվ տղա ա, որ միշտ անելու ա էն, ինչ ճիշտ է»: Նա ասել է, որ ՍԴ նախագահին քաղաքական պատվեր չի տրվում: Անդրադառնալով Հրայր Թովմասյանի կուսակցական լինելուն` պատգամավորը նշել է. «Բոլորս մի ճանապարհ պիտի անցնեիք, թե չէ, հո Սահմանադրական դատարանի նախագահն օդից չէր ընկնելու»:




Լրահոս