ԲԵՐԵՑ ՕՐԱԿԱՐԳ, ՈՐ ՀԵՏՈ ՄԵՐԺԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ ձայների 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը: Ինչպես եւ սպասելի էր` իշխող Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց նախագծին, «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը, իսկ իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն էլ ձեռնպահ մնաց:

Հիշեցնենք, որ «Ելք»-ը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը»: «Ելք»-ը հայտարարության նախագծով նաեւ առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։
Սակայն հայտարարության նախագիծն ուշագրավ վայրիվերումների ենթարկվեց. ԱԺ պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովում այն բացասական եզրակացություն էր ստացել, սակայն ավելի ուշ խորհրդարանական իշխող մեծամասնությունը համաձայնեց հարցը ներառել օրակարգ եւ քննարկել: Անգամ իշխանությունները համաձայնեցին մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումների անցկացմանը` այդ հարցում օգնելով «Ելք»-ին: Բայց ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ-ն պետք է մերժեր ներկայացված հայտարարությունն անկախ այն հանգամանքից, որ հարցի քննարկումը ներառվել է ԱԺ նիստերի օրակարգ:
Թե ինչ էր նշանակում այս ամենը, դժվար չէ պատկերացնել: Ակնհայտ էր, որ ԱԺ-ում մարտի 1-ի թեման կրկին արծարծվեց, այն էլ մի քանի էտապով, Սերժ Սարգսյանի համաձայնությամբ: Իսկ Ս. Սարգսյանը համաձայնեց այս թեման կրկին քննարկման առարկա դարձնելուն՝ Ռոբերտ Քոչարյանին մեսիջներ ուղարկելու եւ մարտի 1-ի դեպքերին իր առնչակցության մասին հիշեցնելու համար:
Պատահական չէ, որ ԱԺ-ում տարիներ առաջ ձեւավորված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իր ելույթում հիշեց Քոչարյանին` նրան անուղղակի մեղադրելով ստախոսության՝ ընդդիմության հասցեին զրպարտելու մեջ, երբ ասել էր, որ ընդդիմադիրները կրակում էին ոստիկանների վրա: Մյուս ՀՀԿ-ականները եւս իրենց ելույթներում չէին վարանում անուղղակի ակնարկներ անելուց: Երեկ էլ, նախքան քվեարկությունը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հարցին: «Ի վերջո, արձանագրվեց, որ նախաքննության մարմնի տակ եւ, ընդհանրապես, որեւէ տեղ չկա որեւէ ապացույց, որ, ինչպես 2008 թվականի մարտին հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարներն ավտոմեքենայի հետեւից դուրս են եկել, կրակել զինվորների վրա եւ թաքնվել, այսպիսի ապացույց չկա եւ չի կարող լինել, հետեւաբար Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», – հայտարարեց Փաշինյանը։
Բացի այդ` ԱԺ-ում այս թեմայի բարձրաձայնումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարեց հատուկ քննչական ծառայությանն ուսումնասիրել մարտի 1-ին զինված ուժերի մասնակցության վերաբերյալ նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը: Եվ որքան էլ այս ամենը կարող է ձեւական բնույթ կրել, սակայն զարգացումներ, նոր հարցաքննություններ կամ բացահայտումներ պետք է ակնկալենք:
Մեկ փաստ էլ, ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ-ում մարտի 1-ի առնչությամբ բազմաթիվ գործեր են առկա, եւ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ մեկ կամ երկու վճիռներ կլինեն: Եվ բոլորս ենք հասկանում, որ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված ոչ մի վճիռ ՀՀ իշխանությունները չեն կարող չկատարել: Եվ յուրաքանչյուր այդպիսի վճիռ իր հետ կարող է բերել որեւէ գործի քննության վերանայում կամ վերաբացում, որն էլ նոր հանգամանքների բացահայտման հիմք կարող է դառնալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՈՉ ԹԵ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԵՆՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ

Շուտով կլրանա ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը: Պատերազմին հաջորդած օրերին շատերը փորձեցին օգնության ձեռք մեկնել կռվի դաշտում արիաբար զոհված զինծառայողների ընտանիքներին, ոմանք ազնիվ մղումներից ելնելով, ոմանք էլ իրենց սեփական PR-ի շրջանակներում հոգալով, որ ամենաչնչին նվիրատվությունը ներկայացվի որպես անձնուրաց արարք: Բայց պարզվում է` պատերազմից երկու տարի անց նույն այդ հերոս նահատակների ընտանիքի անդամներին իշխանությունները մոռացել են, իսկ տրված խոստումները մնացել օդից կախ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ի՞նչ պայմաններում են ապրում զոհերի ընտանիքի անդամները, որքանո՞վ գնահատված:

Պատերազմից հետո պատմում էին մարտի դաշտում արիաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի մասին: Նա կարողացել էր կյանքի գնով կասեցնել հակառակորդի տանկերի առաջխաղացումը: Աբգարյանն իր տանկով մխրճվել եւ խոցել էր հակառակորդի երեք տանկ եւ վերջում ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ:
Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, մեր հարցին, թե արդյո՞ք պետությունը որեւէ օժանդակություն տվել է իրենց ընտանիքին, Ժորան պատասխանեց. «Ես ոչ մի օգնություն չեմ ակնկալում որեւէ մեկից, սա Հայաստանն է, լավ է` ամեն ինչ անեմ ինքս, կարծում եմ` դա է ճիշտը: Պետությունից ակնկալում եմ միայն վերաբերմունք, թեկուզ մի զանգ, որ գոնե զանգեն, հարցնեն` ոնց ենք»: Նա պատմեց, որ տանը միայն մայրն է աշխատում. «Մայրս աշխատում է այն ուսումնարանում, որտեղ Տիգրանն էր սովորում։ Հայրս չի աշխատում: Պետական կառույցներից գալիս էին ինձ ու հորս աշխատանք էին խոստանում, բայց այդ խոստումները պարզապես խոստումներ էլ մնացին»: Աբգարյանի խոսքերով` ինքը հիմա փորձում է կրթություն ստանալ. «Ինքս սովորում եմ միաժամանակ մի քանի տեղում՝ Գյումրու պոլիտեխնիկական համալսարանում, ISTC ստարտապ ակադեմիա Երեւանում, նաեւ 3D մոդելավորում եմ սովորում: Եթե մինչեւ այժմ պետության կողմից որեւէ օժանդակություն չի եղել, ապա հիմա ի՞նչ ակնկալեմ։ Եթե սպասում են, որ մենք պետք է գնանք, դիմենք, ապա մենք միանշանակ չենք դիմելու,- ասաց նա` հավելելով,-պետությունից, այսինքն՝ պաշտպանության նախարարությունից ստացել ենք գումար պանթեոնի ծախսերի համար, ստացել ենք օգնություն որոշ անհատներից, այդ միջոցներով կառուցել ենք հուշահամալիրը: Մեկ տարուց ավելի է` ոչ ոք չի գալիս-գնում, չնայած էնպես չէ, որ առաջ հաճախ էին գալիս»:

ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն Տավուշի մարզպետարանի դեմ գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Սիմա Իսկանդարյանն այդ հայցը վարույթ է ընդունել եւ նախնական դատական նիստ նշանակել 2018 թվականի մարտի 21-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումով դիմել էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին` «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին Տավուշի մարզպետարանի ունեցած պարտքի վերաբերյալ:
Մարտի 16-ին ստացված պատասխանում մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը հայտնել է. ««Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորման» հետ պայմանագրային հիմունքներով ազոտական պարարտանյութի տրամադրման դիմաց «Արծվաբերդի ֆերմերների եւ սերմ արտադրողների» ՀԿ-ի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով գոյացել է պարտք, եւ գումարի չափը կազմում է 549.900 դրամ»: Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը գումարի բռնագանձման հայցով, Տավուշի մարզպետարանի դեմ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել:
Դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումը ընդունել է դատարանի վարույթ: 2017 թվականի մայիսի 11-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում են սույն հայցով նախնական դատական նիստեր: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2012-2015 թվականներին Տավուշի մարզին հատկացված 1-ին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց ձեւավորված պարտքը կազմել է 110 մլն 178 հազ 240 ՀՀ դրամ: Մարզպետարանից նաեւ հայտնել են, որ կառավարությունում արդեն մշակվել է որոշման նախագիծ վերոհիշյալ պարտքի հնարավոր զիջման վերաբերյալ: Նախագիծը գտնվում է քննարկման փուլում, հավանության արժանանալու դեպքում այն կընդունվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է
ԱԺ-ում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է Շիրակի համալսարանում երկու դասախոսների աշխատանքից ազատման խնդրին: Նա նշել է, որ շաբաթ օրն իրենք գնալու են Շիրակի համալսարան: «Լինելու է հիմնադրամի խորհրդի նիստ, քանի որ Շիրակի համալսարանը հիմնադրամ է: Աշխատանքային ազատման բոլոր խնդիրներն այնտեղ կքննարկվեն: Այս հարցերն աշխատանքային օրենսգրքի սահմաններում են, եթե խախտում է կատարվել, խորհուրդը կարող է վարչական խորհրդատվության դիմել, կամ ազատվողները կարող են դիմել դատարան»,- ասել է նախարարը:




Լրահոս