Հիանալի է վերադառնալ Եվրոպա. Յուրա Մովսիսյանն անդրադարձել է «Յուրգորդեն» տեղափոխությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբից շվեդական «Յուրգորդեն» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գոհունակություն է հայտնել Եվրոպա վերադառնալու կապակցությամբ:

«Ես դեռ սովորում եմ, թե ինչպես է պետք արտասանել թիմի անունը: Ստոկհոլմն էլ շատ գեղեցիկ քաղաք է: Շվեդ կիսապաշտպան Կիմ Չելստրյոմի հետ «Սպարտակ»-ում միասին ենք խաղացել: Իհարկե, Շվեդիայի մասին շատ բան գիտեմ դեռ Դանիայում խաղալու տարիներից: Կիմի հետ ժամանակին խոսել եմ Շվեդիայի առաջնության մասին: Վերջին 5 տարիների ընթացքում Շվեդիայի առաջնությունը զգալի առաջընթաց է ունեցել: Շվեդական թիմերին հաճախ տեսնում ենք Չեմպիոնների լիգայի և հատկապես Եվրոպայի լիգայի խաղարկություններում: «Յուրգորդեն»-ը խաղալու է Եվրոպայի լիգայում: Շատ լավ ակումբ է, գերազանց մարզադաշտ ունի: Սա մեծ հնարավորություն է ինձ համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Մովսիսյանը:

Նկարագրելով իր խաղաոճը՝ Մովսիսյանն ասել է, որ հարձակվող գոլահար է, սիրում է արագ խաղ, գոլեր խփել, օգնել թիմակիցներին, մարզիչին, կատարել նրա առաջադրանքները: «Այստեղ եմ թիմին օգնելու համար և հուսով եմ՝ կկարողանանք նվաճել չեմպիոնությունը»,- նշել է 30-ամյա հարձակվողը:

Ֆուտբոլիստը տեղեկացրել է, որ «Յուրգորդեն» է տեղափոխվել վեց ամիս ժամկետով՝ վարձավճարով: «Բայց պայմանագրում կա կետ այն երկարաձգելու մասին և հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա, ու ես ամբողջ մրցաշրջանն այստեղ կանցկացնեմ: Հույս ունեմ, որ մրցաշրջանը կավարտենք չեմպիոնությամբ: Պետք է հարմարվեմ թիմին, ճանաչեմ թիմակիցներիս ու սկսեմ խաղալ: Գիտեմ, թե ինչ կրքոտ երկրպագուներ ունի թիմը: Ես խաղացել եմ այնպիսի թիմերում, որոնք հիասքանչ երկրպագուներ են ունեցել, և սա նորույթ չէ ինձ համար: Այնպես որ շատ ոգևորված եմ, և անհամբեր սպասում եմ «Յուրգորդենի» կազմում այս հիասքանչ մարզադաշտում և Շվեդիայի լավագույն երկրպագուների առաջ խաղալուն»,- ավելացրել է Մովսիսյանը:




Լրահոս