«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ կազմում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Հանգստյան օրերին Աղվերանում անցկացված ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ժամանակ ընտրված ԳՄ կազմում տեղ չեն գտել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորներն ու նախարարները: Նոր ԳՄ-ն ունի հետեւյալ կազմը՝ Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ԳՄ ներկայացուցիչ էլ ընտրվել է Արսեն Համբարձումյանը՝ փոխարինելով Աղվան Վարդանյանին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կատարվածը մեկնաբանել է սերնդափոխությամբ:
«Դա մեր ընդհանուր որոշումն էր, որ այս փուլում գործադիրի եւ օրենսդիրի անդամները չլինեն ԳՄ-ում, որովհետեւ յուրաքանչյուրս մեր տեղում ծանրաբեռնված ենք: Եվ դա եղավ մեր առաջարկությամբ: Ամենակարեւորը նաեւ սերնդափոխության հարցն է, մենք ուզում էինք նոր մարդկանց ներգրավել եւ կարծում ենք` շատ ճիշտ որոշում ենք կայացրել»,- ասել է նա: Թեեւ, նկատենք, որ այս կազմը այնքան էլ սերնդափոխության մասին չի վկայում. պարզապես օրենսդիր եւ գործադիր մարմնի ՀՅԴ-ական ներկայացուցիչները չկան, բայց եւ հին դեմքերն են:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: