
Իշխող ՀՀԿ-ն հերթական անգամ մերժել է կոալիցիոն գործընկերոջ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրինագծում առաջարկել է դրույթ, ըստ որի` այդ հանձնաժողովում յոթ անդամներից մեկի թեկնածությունն առաջադրի խորհրդարանական ընդդիմությունը:
Նախագծին դեմ է եղել ոչ միայն ՀՀԿ խմբակցությունը, այլեւ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նա հայտարարել է, որ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն կարող է իր գործունեության ընթացքում քաղաքական շահեր պաշտպանել, իսկ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է: Սակայն նույն Շաբոյանը մոռանում է իր կուսակցական պատկանելիության մասին. նա ՀՀԿ խորհրդի անդամ է: Փաստորեն, նախկինում ընդդիմադիր, հիմա կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն որոշել է մեկ ու մեջ պաշտպանել ընդդիմությանը: