Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Ֆորբսը (նստավայրը՝ Սոֆիա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպան Ֆորբսը ջանք չի խնայի ակտիվացնելու հայ-իռլանդական քաղաքական երկխոսությունը, ընդլայնելու համագործակցությունը՝ միտված երկու երկրների հարաբերություններում առկա ներուժի լիարժեք բացահայտմանը: Հայաստանի և Իռլանդիայի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից Նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը: Ընդգծելով, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են միջազգային կառույցներում` Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել և ավելի ակտիվացնել այդ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով Նախագահին ընդունելության համար՝ դեսպան Մայքլ Ֆորբսն ընդգծել է, որ համագործակցությունը զարգացնելու՝ Նախագահի նշած ուղղություններն իր գործունեության առաջնահերթություններից են, և իր նպատակն է պաշտոնավարման ժամանակահատվածում երկկողմ հարաբերությունների առաջմղումն ու քաղաքական երկխոսության ակտիվացումը, որպեսզի հնարավոր լինի բարեկամական և փոխվստահության մթնոլորտում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Դեսպան Ֆորբսը ևս գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, Հայաստանի և Իռլանդիայի արդյունավետ համագործակցության մասին և ընդգծել, որ ի թիվս բազմաթիվ ոլորտների՝ հաջողությամբ կարող են զարգանալ նաև հայ-իռլանդական միջխորհրդարանական կապերը, փոխգործակցությունը ԵՄ-ի շրջանակներում՝ նկատի առնելով ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած գործընկերության համաձայնագիրը:




Լրահոս