Ոռոգման սեզոնին ջրի բացակայությունը լուրջ մտահոգություններ է պատճառել Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների: Հողօգտագործողներն անհանգստացած են տեղումների բացակայությունից, եւ մեծ մասն անգամ հրաժարվել է այս տարի հող մշակելուց. հողատարածք ջրելը կապված է ծախսերի հետ, ինչը նրանք չեն կարող թույլ տալ:
Գյուղացիների այս մտահոգությունները փոխանցվել են գործադիրին: Ոռոգման սեզոնի հետ կապված անհանգստացած են նաեւ կառավարության անդամները` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայի շուրջ անգամ օրեր առաջ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել:
Այդ խորհրդակցության ժամանակ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է ջրամբարների լցվածության վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ, նա հայտարարել է, որ Հայաստանի ջրամբարները թերլցված են: Այսպես` ջրպետկոմի տվյալներով` այսօրվա դրությամբ ջրամբարները լցված են 39 տոկոսով: Մինչդեռ 2017 թվականին դրանք լցված են եղել 47.3 տոկոսով: Իսկ ահա 2016 թվականին, որը համարվում էր ջրառատ տարի, դրանք լցված են եղել 58 տոկոսով: Ստացվում է, որ 2016 թվականի համեմատ մենք ջրամբարներում ունենք 19 տոկոսով պակաս ջուր: Հայտնի է, որ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի հողօգտագործողներ իրենց հողատարածքները ոռոգում են Ախուրյանի ջրամբարի ջրով: Իսկ եթե այս տարի Ախուրյանի ջրամբարը բավարար քանակությամբ ջրով չլցվի, ապա մի քանի հարյուրի հասնող գյուղացիներ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ գյուղացին ոչ միայն մտածում է գյուղմթերքն իրացնելու, այլեւ մինչ այդ էլ հողատարածքը ոռոգելու մասին:
Պարզվում է` ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիր է մշակել ջրպետկոմը: Ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը հույս ունի, որ այդ ծրագրով հնարավոր կլինի մեղմել ջրամբարների թերլցվածությունը: Իսկ ջրպետկոմն առաջարկում է հորատել նոր խորքային հորեր, իսկ հները, որոնք ունեն նորոգման կարիք, վերանորոգել, բացի այս` գյուղացիներին ջրով ապահովելու եւս մեկ տարբերակ` տեղադրել շարժական պոմպակայաններ: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է այս աշխատանքները ավարտել, որպեսզի ոռոգման սեզոնին պատրաստ լինեն ջրամատակարարումն ապահովելու համար: Իսկ թե սա էլ հերթական հանձնարարականների նման սեւով գրված կմնա սպիտակի վրա կամ իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը:
Հակառակ դեպքում գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար ստիպված են լինելու Սեւանա լճից օգտվել: «Եթե այս տեմպով շարունակվի, ապա ստիպված ենք լինելու դիմել ԱԺ, որպեսզի համաձայնություն տան Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել»,- զգուշացրեց ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը: Բայց նրա այս հայտարարությունը խիստ զայրացրել է մի քանի բնապահպանների:
Հիշեցնենք, որ նույն պաշտոնյան անցած տարի դարձյալ այս խնդրով դիմել էր ԱԺ: Նրա խոսքերով` լրացուցիչ ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի մի քանի գյուղերի հողատարածքների ոռոոգմանը, ինչպես նաեւ Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների ընդլայնմանը: Իսկ կառավարության մշակած նախագծի համաձայն` նախատեսվում էր Սեւանից ջրառի ծավալները տարեկան 170 միլին խմ-ից հասցնել 270 խմ-ի:
Բայց բնապահպանների պնդմամբ` Սեւանա լճից տարեկան լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելն է: Նրանք համոզված են` իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին: Ավելին` լրացուցիչ ջրառը արդեն 4 անգամ չի նպաստում ոռոգման խնդիրների լուծմանը: Անցած տարի եւս եղան բազմաթիվ գյուղացիներ, որոնք ոռոգման ջրի համար բողոքեցին` ճանապարհ փակելով:
Չի բացառվում, որ այս տարի եւս ջրպետկոմը գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու քողի տակ ԱԺ-ից կպահանջի Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: «Բայց այս պահին դեռ վաղ է խոսել այս մասին, քանի որ հիդրոմետի տվյալներով` ապրիլն անձրեւաշատ է լինելու: Հակառակ դեպքում, այդ քայլը պետք է արվի»,- խոստովանեց Հարությունյանը:
Իսկ մինչ այդ, պարզվում է, ջրպետկոմը «պլան B» ունի. խորքային հորեր հորատել եւ հները վերականգնել: Մյուս կողմից խորքային հոր հորատելը եւ հները վերականգնելը կապված է մեծ գումարների հետ: «23 նոր հերատվող խորքային հորեր հորատելն ու 14 հատը վերականգնելը գնահատվել է 1 մլրդ դրամ: Եւ մոտ 200 մլն դրամ կծախսվի` շարժական պոմպակայան ձեռք բերելու համար: Այն հնարավորություն կտա առուներից, լճակներից ջուրը պոմպակայանով մղել շարժակայան դեպի հողօգտագործողների հողերը: Այս պահին նախագծողները տեղում ուսումնասիրում են` ավելի հստակ թիվ ունենալու համար»,- ներկայացրեց ջրպետկոմի նախագահը:
Ապա հավելեց, որ նշված խնդիրները լուծելու նպատակով դիմելու են կառավարություն եւ գումար պահանջեն: Ըստ ջրպետկոմի գնահատականի` ոռոգման առումով ամենառիսկայինը Արմավիրի եւ Արագածոտնի մարզերն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից: Իսկ ջրամբարի իջման տակ գտնվող հողերի ալտերնատիվ ջրապահովվածությունը խորքային հորերն են: Նշենք, որ Արմավիրի մարզում թվով շուրջ 400 խորքային հոր կա, որոնք, ջրպետկոմը այժմ ստուգում է, եւ դրանցից որը ունի նորոգման կարիք, վերանորոգում է։
Բայց մինչ ջրպետկոմը կառավարությունից գումար պահանջի, խորքային հոր հորատի, գյուղացիները փորձում են իրենց սեփական միջոցներով հորեր հորատել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ իրենց հողատարածքների մոտ հորեր են հորատում, որպեսզի ոռոգեն դաշտերը: Խոսքը խորքային փոքր հորերի մասին է: Նկատենք, որ 10 մետր խորության մեկ խորքային հոր հորատելն արժի մոտ 200 հազար դրամ, այդ թվում նաեւ խողովակները: Իսկ էլեկտրական պոմպերը սկսվում են 50 հազար դրամից: Էլ չենք խոսում դաշտը ջրելու էլէներգիայի վարձի մասին, որը նույնպես մեծ թիվ է կազմում: Նույն Արմավիրի մարզի գյուղացին սրանից 6-7 տարի առաջ ոռոգման ջրի համար չէր վճարում, հիմա ստիպված է: Իսկ կառավարությունը դեռ նոր է սկսում քայլեր անել հարցի լուծման ուղղությամբ: Արդյո՞ք կհասցնի լուծել հարցը. չէ՞ որ մի քանի օրից նոր կառավարություն է ձեւավորվելու: Իսկ մինչ նորերը հարմարվեն ու ծանոթանան խնդիրներին, ժամանակ է պետք:
Սյունէ Համբարձումյան