«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հայաստանյան առեւտրային բանկերը հայց են ներկայացրել երկու դատավորի դեմ` պահանջելով նրանց սնանկ ճանաչել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բանկը պահանջում է սնանկ ճանաչել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին:
Հարկադրված հայցը դատավորի դեմ
Եվ այսպես` մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականի փետրվարի 2-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի դեմ դատական հայց է ներկայացրել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Դատավոր Ուզունյանը բանկից գումար է վերցրել` մոտ 5 միլիոն դրամ, բայց չի կարողացել վճարել, արդյունքում բանկը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով նրան սնանկ ճանաչել: Նշենք, որ սնանկության գործով դատավոր է նշանակվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, իսկ ահա սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արտակ Մարտիրոսյանը:
Ու հիմա եթե դատավոր Սուքոյանը որոշում կայացնի եւ բավարարի բանկի հայցը` իր գործընկեր Ուզունյանին սնանկ ճանաչելով, ապա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գույքի վրա արգելանք կդրվի, աճուրդի կհանվի նրան պատկանող գույքը, որի վաճառքից հետո բանկը կտիրանա իրեն հասանելիք 5 միլիոն դրամին:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Սամվել Ուզունյանի հայտարարագրից տեղեկացավ, որ վերջինիս ընտանիքը նախորդ տարի ավելացրել է իր անշարժ գույքը եւս 4-ով: Ուզունյանի կինը` Ալլա Հարությունյանը, 2016թ. ձեռք է բերել առանձնատուն եւ 3 հողամաս: Առանձնատունը գնվել է 380 միլիոն դրամով, իսկ հողամասերը` համապատասխանաբար` 9,8 եւ 3 միլիոն դրամով:
Դատավորի կնոջ հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ այս անշարժ գույքը վերջինս անձամբ չի գնել, այլ ստացել է որպես նվիրատվություն կամ օգնություն, որն էլ կազմել է իր եկամուտների մի մասը: Տարեկան եկամուտների մնացած մասը գոյացել է 330 հազար դրամ կենսաթոշակից: Իսկ դրամական միջոցներ վերջինս չի ունեցել:Ինքը` դատավորը, հայտարարագրել է 3 միլիոն դրամական միջոցներ եւ 19 միլիոն 861 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից: Ասել է, թե դատավորը իր անունով ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը հանրությանը առավել հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ի գործով դատավոր նշանակվելու արդյունքում, սակայն 2016 թվականին նրա անվան շուրջ աղմկալի տեղեկություններ տարածվեցին: Բանն այն է, որ 2016 թվականին Սամվել Ուզունյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահն էր, սակայն ավելի ուշ հրաժարականի դիմում գրեց եւ նշանակվեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ասել է, թե իշխանությունների համար այդքան ծառայություններ մատուցած դատավորը հիմա պարտքերի պատճառով ընկել է դատարանի դռները:
Բայց Սամվել Ուզունյանը միակ դատավորը չէ, որին բանկը պահանջում է սնանկ ճանաչել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը» հայց է ներկայացրել ընդդեմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դեմ: Այս գործով դատավորը Կարինե Պետրոսյանն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատավոր Մելքումյանն էլ իր հերթին 5 միլիոն դրամի վարկ է վերցել, ավելի ուշ չի վճարել, եւ բանկը կրկին նրա դեմ հայց է ներկայացրել դատարան:
Ուսունասիրելով դատավոր Մելքումյանի հայտարարագիրը` պարզեցինք, որ նա ունի 2 միլիոն դրամ եւ 10 հազար դոլար, վերջինիս կինը` Ռոզա Մելքոնյանը, ունի 20 միլիոն դրամ 25 հազար դոլար եւ 500 եվրո: Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Կենտրոնի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ նկատողություն էր հայտարարվել, բացի այդ` նա 6 ամիս զրկվել է աշխատավարձի 25 տոկոսից: Այս ամենի պատճառն այն է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչն էլ բավարարվել էր:
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանից հետաքրքրվեց, թե ինչ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, որ բանկը հարկադրված դիմել է դատարան` իրեն սանկ ճանաչեն, ի պաասխան` դատավորը ասեց, որ այդ մասին չի ցանկանում խոսել. «Չեմ ցանկանում այդ մասին որեւէ բան ասել, միայն կարող եմ ասել, որ այդ գումարը ամբողջությամբ մարված է»: Մեր այն հարցին, որ այդ գործը վարույթ է ընդունվել, եւ դեռ վճիռ չկա, ավելին` ինչո՞ւ նախկինում չի մարել, որ բանկը հարկադրված է եղել դիմել դատարան, դատավորը նշեց, որ չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել:
Իսկ ահա դատավոր Սամվել Ուզունյանին գտնելու մեր փորձերն անցան ապարդյուն. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Դատական համակարգը սպասում է
Մինչ այդ, նկատենք, որ դատական համակարգում խիստ մտահոգված են դատավորներին սնանկ ճանաչելու այս հայցերով: Բանն այն է, որ դատավորները վճիռ են կարդում հանուն Հայաստանի Հանրապետության, ուստի այդ դեպքում, մեղմ ասած, ճիշտ չի ընկալվում փաստը, որ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնող դատավորը սնանկ ճանաչվի: Հիմա դատական համակարգում սպասում են վճիռներին, որից հետո դատավորների ճակատագրի մասով որոշում կկայացնեն:
Քնար Մանուկյան