Նոր բացահայտումներ Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու գործով . ինչ է պատմում քույրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ծեծված քաղաքացուն Հրազդան քաղաքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործով բացահայտումները շարունակվում են: Հիշեցնենք` կալանավոր Էդգար Ասատրյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2018թ.-ի հունվարի 1-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության Հրազդանի աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել բաժին` պահանջելով ցուցմունք տալ կատարվածի մասին, այնուհետեւ ծեծել: Նշենք, որ միջադեպի օրը ոստիկանության Հրազդանի բաժնում է եղել նաեւ Էդգար Ասատրյանի քույրը` Քրիստինա Ասատրյանը, որին օրերս կանչել են հատուկ քննչական ծառայություն, որպեսզի նա ցուցմունք տա ոստիկանների գործողությունների մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցաքննությունից հետո զրուցեց Քրիստինա Ասատրյանի հետ: Մեզ հետ զրույցում Քրիստինան պատմեց, որ իրականում վերոնշյալ օրը անծանոթ մարդիկ են ծեծել իրենց, որից հետո ոստիկանները եկել են ու բռնություն կիրառելով` տարել բաժին. «Երբ եղբորս քաշքշելով տանում էի, ես բղավում էի, թե ինչու եք եղբորս ծեծում, ինձ ոստիկաններից մեկը ապտակեց, աչքս կարմրած էր, այդ մասին անգամ դատաբժիշկն է հաստատել: Երբ մեզ տարան Հրազդանի բաժին, Վաղո անունով ոստիկանը մոտեցավ եւ սկսեց հարցնել, թե ով է ծեծել, եղբայրս ասեց, թե չգիտի եւ ինքը բողոք չունի: Ինչ ասեմ, եղբորս նկատմամբ այնպիսի բռնություն կիրառեցին, ուշագնաց եղավ, շտապօգնություն կանչեցին: Եղբորս մենակ ասում էին` գրի՛, գրի՛, եղբայրս էլ ասում էր` չեմ գրի: Մայրս հիվանդ կին է, եթե ես առանց Էդգարի տուն գնայի, ինքը տեղում կմնար: Ախր, խիղճը ուր մնաց, որ մենք մեքենայի ակ փոխենք, մեզ գան, մոտենան անծանոթները, ծեծեն, ոստիիկանները պետք է գային, օգնեին, բայց մի բան էլ եկան, մեզ բռնության ենթարկեցին: Ոստիկան Վաղոն ինձ ասում է, որ քննիչը գա, գրի, որ եղբայրդ խփել է ոստիկան Գառնիկի քթին, որ իրենց վրա չեպե չլինի, դրանից հետո ախպորդ կթողենք, կգնա: Իրենք գրել են, ես ստորագրել եմ, անգամ չգիտեմ, թե ինչ են գրել»:

Քրիստինա Ասատրյանի խոսքով` ինքը ողջ ընթացքում եղբոր հետ է եղել եւ վստահաբար պնդում է, որ ոչ թե ինքն ու եղբայրն են միմյանց ծեծել կամ ինչ-որ ամուսիններ, այլ անծանոթներ են իրենց ծեծել.«Ինչ ասեմ, այսպես մեզ խափեցին, մեր ընտանիքի հաց տվողին փակեցին: Հայրս կռվի մասնակցած ազատամարտիկ, ոտքը կորցրած մարդ է: 12 տարեկանից եղբայրս է պահում մեր տունը: Եթե ես իմանամ` եղբայրս վատ բան է արել, կասեմ` հա՛, տարեք, դատեք, բայց ես իր հետ եմ եղել, ախր ոնց կարելի էր` մեզ էլ ծեծեցին, մեզ վրա ծիծաղեցին ու մեզ թողեցին այսպես: Ես խնդրում եմ բոլոր խղճով մարդկանց` արդար քննեք այս գործը, կտեսնեք` եղբայրս բան չի արել, իրեն են ծեծել ու տարել, կալանավորել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս