Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հուլիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ahval գործակալությունը, այս մասին է գրում է գերմանական Der Spiegel-ը:
Գերմանիայի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը հուլիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, ով այդ ժամանակ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:
Der Spiegel-ը հրապարակել է Հեսսեն երկրամասի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցներից մեկի սղագրությունը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանն անձամբ էր ղեկավարում բողոքի ակցիաները:
Հեսսենի ոստիկանությունը լսում է, թե ինչպես է 2016 թվականի հուլիսի 1-ին՝ 23:30-ին կապի մեջ մտնում Էրդողանը՝ խոսելով Քյուլունքի հետ: «Ինչպե՞ս եք, պարոն նախագահ»,- հարցնում է նրան պատգամավորը: Այնուհետև զեկուցում է Բեռլինում քննարկվող բանաձևի դեմ բողոքի ակցիաների մասին՝ հավելելով. «Սպասում եմ ձեր հրահանգներին»:
Ի պատասխան Էրդողանն ասում է, որ կկապվի Քյուլունքի հետ և բարի գիշեր է մաղթում նրան:
Գերմանական պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցի բովանդակությունը ապշեցրել է Հեսսենի ոստիկանությանը, որոնք արձանագրել են, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Անկարան Հայոց ցեղասպանության բանաձևին և դրա ընդունման դեմ Բեռլինում կազմակերպվելիք ցույցերին, որ դրանցով հետաքրքրվում է անձամբ երկրի նախագահը:
Der Spiegel-ը հայտնում է, որ ներկայում հետաքննություն է իրականացվում՝ պարզելու Քյուլունքի կապը Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ այն բանից հետո, ինչ 2017 թվականին տեղեկություններ էին հայտնվել, որ պատգամավորը գումարներ է տրամադրում թուրք-գերմանական ազգայնական Osmanen Germania խմբավորմանը: Համաձայն տեղեկատվության՝ գումարներն օգտագործվել են քրդական խմբերի դեմ զինամթերք գնելու համար: