«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղվծել: Իսկ այդ խմբի անդամները՝ 15 հոգի, պետք է բացահայտեն մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փաստերը բացահայտելուց հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը երկամսյա ժամկետով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Համաձայնեք` վարչապետի որոշումը, մեղմ ասած, տարօրինակ է: Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Ասենք ավելին` զարմանալի զուգադիպությամբ` այդ իրական սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, նույն Կարեն Կարապետյանի կուսակից ընկերները: Ու հիմա ակնհայտ ճշմարտությունները պարզելու համար հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու իմաստն անհասկանալի է: Մեկ զավեշտալի փաստ եւս. այդ խմբում պետք է ընդգրկվեն նաեւ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները եւս, իհարկե, իրենց համաձայնությամբ:
Ասել է, թե իրենք իրենց դեմ պետք է «ցուցմունք տան»: Վատ չի հնչում: Բայց վարչապետն այս քայլին է գնացել հավանաբար կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` ցույց տալու համար, թե ինքն էլ գործ է անում: Միայն թե, դատելով այն հանգամանքից, որ այդ սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, Սերժ Սարգսյանի մերձավորները, հազիվ թե վարչապետին հաջողվի ինչ-որ բան անել այդ ուղղությամբ:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: