Պետական բաժնեմաս ունեցող բուժհաստատությունների անձնակազմի նշանակումն այլևս տնօրենի գործառույթը չի լինի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. Այսուհետ պետությանը պատկանող բաժնեմաս ունեցող բուժհաստատությունների բժշկական անձնակազմի ընտրությունը կկատարվի միայն մրցույթով՝ նախկինում ընկերության տնօրենի կողմից նշանակման փոխարեն: Սրա կարգավորման նպատակով նախագիծ է մշակվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Կառավարության «Հարյուր%` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և կառավարության 2011 թ., հունիսի 10–ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» անունը կրող նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել որակյալ և բանիմաց բժշկական մասնագետների ապահովում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների բժշկական սպասարկման որակը և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:

Թեպետ այս ընկերությունների կադրերի ընտրության գործընթացը կարգավորվում էր կառավարության 2011 թ. հունիսի 11–ի N22 արձանագրային որոշմամբ, սակայն իրականում ավագ բուժաշխատողների սահմանված կարգով աշխատանքի ընդունումն իրականացնում է բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը՝ գլխավոր տնօրենը, և փաստացի այդ որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են, կամ չկա դրա վերահսկողության մեխանիզմներ, ինչն առավել քան անթույլատրելի է:

Նշենք, որ կարգը տարածվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների՝ բուժքույր, մանկաբարձ, ֆելդշեր, ատամնատեխնիկ, ընտրության կարգի նկատմամբ: Բացառություն են համարվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում, կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատակային կրթություն ստացած բժիշկ–մասնագետների նշանակման կարգը: Նախագծի հեղինակների համոզմամբ՝ հնարավոր կլինի կարգավորել վերոնշյալ ընկերությունների բուժանձնակազմի աշխատանքի ընդունման հետ կապված հարաբերությունները, բացառել պետական մասնակցությամբ բուժհիմնակների գործադիր մարմինների կողմից կամայական որոշմամբ կադրեր ընտրելու հնարավորությունը, ինչպես նաև՝ նոր կարգի սահմանումը հնարավորություն կտա բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնել:

Հավելենք, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2018 թ. հունվարի 18–ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածի` «Առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի» 11–րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս