«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Հակոբյանը հայտնել է. «Ապրիլի 9-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լինելու է պաշտոնաթող նախագահի կարգավիճակում: Ձեզ հետաքրքրող մյուս հարցերը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, մասնավորապես «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով»»:
Իհարկե, Սերժ Սարգսյանը պաշտոնաթող ղեկավարի կարգավիճակում կմնա ընդամենը 8 օր, եւ այդ ընթացքում թեկուզ արդեն որպես պաշտոնաթող նախագահ նրա սպասարկումն ապահովելու են. Սարգսյանն ունենալու է համապատասխան մեքենա, թիկնազոր եւ այլն: Բայց թե կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու այդ օրերին պաշտոնաթող Սարգսյանը, պարզ չէ: Ենթադրվում է` այդ ընթացքում նա «աշխատանքի կգնա» ՀՀԿ գրասենյակ եւ արդեն ապրիլի 17-ին, երբ ԱԺ-ն նրան ընտրի վարչապետ, կվերադառնա Բաղրամյան 26, որը վարչապետի գրասենյակն է դառնալու:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: