Պաշտոնյաների պատժվելուն քիչ մնաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Սա կարեւորություն է ներկայացնում հատկապես 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեքստում:

Այդ ժամանակ կատարված փոփոխություններով քրեականացվեց ապօրինի հարստացումը: Եվ քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին, իսկ մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը: Եվ առաջին անգամ ուսումնասիրման թեմա են դառնալու հենց մինչ մարտի 30-ը ներկայացրած հայտարարագրերը, որոնց հիման վրա էլ պետք է որոշվի՝ պաշտոնյան ապօրինի՞ է հարստացել, թե՞ ոչ:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում ապօրինի հարստացումը, եւ ինչ պատիժ է սահմանված:

Այն պաշտոնյաները, որոնք ներկայացնում են առանձին հայտարարագրեր, համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար: Այս դեպքում պատիժ կարող է սահմանվել 3-6 տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ էական չափ է սահմանվել 5 մլն դրամը գերազանցող շեմը, եւ միայն դրանից վերեւ կարելի է խոսել ապօրինի հարստացման մասին:

Ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանում քննարկվել է դեռեւս 2016 թվականի դեկտեմբերին: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԵՄ-ն ՀՀ-ի առաջ դրեց կոռուպցիայի դեմ պայքարի պահանջ` նախազգուշացնելով, որ կդադարեցնի տարբեր ծրագրերի անվան տակ ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը: Հետո արդեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում, անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացմանը, արդարադատության նախարարությանը հանձնարարել էր մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ: Իհարկե, այսպիսի փոփոխությունները կարող ենք ողջունելի քայլ համարել, սակայն ինչպես այլ նախաձեռնությունների պարագայում, այս դեպքում եւս հանրային անվստահություն եւ թերահավատություն է առկա: Ի վերջո, ինչպես է տեղի ունենալու վերահսկողությունը, քանի որ գաղտնիք չէ, որ հայրենի պաշտոնյաները սովոր են իրենց հսկայական ունեցվածքի միայն փոքր հատվածը ներկայացնել:

Հենց դա են փաստում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը, երբ միլիոնատեր, անգամ միլիարդատեր պաշտոնյաներն իրենց պատկանող բիզնեսները երբեւէ չեն ներկայացնում այդ փաստաթղթերում: Ստացվում է՝ հուլիսի 1-ից հետո ոչ ոք չի կարող ապօրինի հարստանալ:

Օրենսդրությամբ նաեւ նշված է, թե ով պետք է վերահսկի այդ ամենը: Բանն այն է որ այդ ամենը պետք է քննի վարույթն իրականացնող մարմինը, այսինքն՝ հատուկ քննչական ծառայությունը, որը պետք է ունենա ապացույցների բավարար համակցություն: Եթե անգամ պաշտոնատար անձը լռի, այն կկարողանա քրեական գործի վարույթը շարունակել: Իսկ եթե անձը չկարողանա հիմնավորել, որ գույքը կամ դրամական միջոցները վաստակել է օրինական ճանապարհով, ապա կենթարկվի քրեական պատասխանատվության:

Ընդ որում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որը վերաբերում է պաշտոնատար անձանց հայտարարագիր ներկայացնելուն: Ըստ այդմ, պաշտոնյաների ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաեւ պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի եւ եկամուտների հայտարարագրեր, իսկ պաշտոնյայի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում, իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս:

Բացի այդ` ընտանիքի անդամները եւս պատասխանատվություն են կրելու հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Առաջին հայացքից ամեն ինչ իդեալական է եւ դա այլ երկրների պարագայում հույս կներշնչեր, թե բազմաթիվ պատժվողներ են լինելու, սակայն մեր իրականությունում թերեւս կարող ենք բավարարվել, մեկ-երկու մանր ձկներով, իսկ խոշորները կշարունակեն անարգել հարստանալ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս