Արդեն հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: Պայթյունի հետեւանքով մահացել է 3 մարդ, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայտնի դարձավ, որ նրանք «Halo trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:
«HALOTrust» կազմակերպությունը հաստատում է, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։
Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALOTrust» կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո։