2018թ. մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացան ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:
Ընտրությունների արդյունքում Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ ընտրվեցին Վահագն Ալավերդյանը, Մարտիկ Այվազյանը, Վոլոդյա Բալասյանը, Արթուր Բեգինյանը, Աշխեն Դավթյանը, Ալիկ Էլարյանը, Լուսինե Մատինյանը, Արման Նազարյանը, Խալաթ Պապյանը: Ազատամուտի ավագանու ընտրություններից ավելի քան երկու շաբաթ է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի` tavush, mtad.am, «Համայնքներ» բաժնի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» խորագրի տակ Ազատամուտ համայնքի ավագանու հին կազմն է զետեղված: Ավագանու հին կազմից միայն 3 հոգի` Ալիկ Էլարյանը, Լուսինե Մատինյանը եւ Մարտիկ Այվազյանն են մարտի 11-ին ընտրվել ավագանու անդամ:
Նշենք, որ Տավուշի մարզխորհրդի նիստերում մարզպետարանի ղեկավարները քննադատում են մարզի համայնքների ղեկավարներին, որ նրանք չեն թարմացնում համայնքների ինտերնետային կայքերը, դրանցում զետեղված է հնացած տեղեկատվություն: Մարտի 11-ից բավական ժամանակ է անցել, դժվար չէր լինի մարզպետարանի ինտերնետային կայքում Ազատամուտի ավագանու նոր անդամների անունները զետեղելը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ