ՀՅԴ-ում հավաստիացնում են, թե ներկուսակցական որեւէ խնդիր առկա չէ, եւ Գերագույն մարմնի կազմի ռադիկալ փոփոխությունը կապված է միայն կազմը երիտասարդացնելու ցանկությամբ: Ինչպես հայտնի է՝ մարտի 23-25-ը տեղի ունեցած Գերագույն ժողովի ժամանակ նոր կազմ է ընտրվել, որի 9 հոգանոց անդամներից 6-ը նոր անդամներ են եղել: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ԳՄ նոր կազմում չեն ընգրկվել ո՛չ գործադիր, ո՛չ էլ օրենսդիր մարմիններում գործունեություն ծավալող ՀՅԴ ներկայացուցիչները, ովքեր նախորդ ԳՄ կազմերում եղել են: Խոսքը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի մասին է, ով նաեւ ԳՄ ներկայացուցիչն էր, եւ ում փոխարինել է Արսեն Համբարձումյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղվան Վարդանյանը նշել էր, թե այս փոփոխությունները կապված են միայն սերնդափոխության ցանկությամբ:
Մամուլում քննարկվող տարբեր տեղեկությունների համաձայն` Աղվան Վարդանյանը, ով այլեւս ԳՄ ներկայացուցիչը չէ, տեղ է գրավելու ապրիլի 17-ից հետո ձեւավորվելիք նոր կառավարության կազմում: Մասնավորապես նրան է տրվելու մշակույթի նախարարի պորտֆելը, իսկ նրա փոխարեն էլ պատգամավորական մանդատ կստանա Սպարտակ Սեյրանյանը, ով նախկինում զբաղեցնում էր կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը: Ստացվում է՝ ԳՄ նոր կազմում չեն ընդգրկվել արդեն իսկ պաշտոն զբաղեցնող դաշնակցականները:
Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նոր ընտրված ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարել է, թե իրենց կողմից արված այս փոփոխություններն ամենեւին էլ կապված չեն հնարավոր պաշտոնների հետ՝ կրկնելով Աղվան Վարդանյանի խոսքերը: «Ծանոթ եմ նման հրապարակումներին, պետք է ասեմ, որ շատ հեշտությամբ եք մարդկանց պաշտոնների նշանակում եւ ազատում: Նրանք ԳՄ անդամներ ընտրվելու համար թեկնածու առաջադրված չեն եղել, ես նշեցի, որ նրանք օրենսդիր եւ գործադիր մարմիններում են ներառված, եւ չի ստացվում կուսակցական աշխատանքները լիարժեք կատարել: Որոշվել է, որ այս ժամանակահատվածի համար կուսակցական աշխատանքների նման վերաբաժանում պետք է լինի»,- նշել է Համբարձումյանը, իսկ հարցին՝ նախորդ ԳՄ-ի աշխատանքից դժգո՞հ են եղել, Համբարձումյանը հայտարարեց. «Նախորդ ԳՄ-ի աշխատանքը դրական է գնահատվել»:
Հետաքրքիր է, որ Դաշնակցությունում երիտասարդանալու մասին որոշումը համընկել է Սերժ Սարգսյանի՝ երիտասարդ լիդերների պատրաստելու հայտարարության հետ: Իշխող ուժի կոալիցիոն գործընկերը որոշեց ազատվել իր «ծերակույտից» հենց Սարգսյանի հայտարարությունից հետո: Եվ 9 հոգուց բաղկացած ԳՄ-ի 6 անդամի երիտասարդական թեւից լինելն ամենեւին էլ չի կարող պատահական լինել: Ինչու միայն հիմա Դաշնակցությունը որոշեց երիտասարդանալ: Սակայն դաշնակցականներն այս որոշումը կրկին չեն կապում կոալիցիոն գործընկերոջ հետ՝ հայտարարելով, թե իրենք կաշկանդված չեն այս կամ այն որոշումների հարցում:
«Կոալիցիոն գործընկեր լինել չի նշանակում, որ մեր քայլերն ու գործողությունները պայմանավորված են ՀՀԿ-ի անելիքներով: ՀՅԴ-ի ԳՄ-ն միշտ ենթարկվել է փոփոխությունների: Այս դեպքում փոփոխություններն ավելի զգալի են, տեսանելի են, բայց սա ՀՅԴ-ի մեջ միշտ եղել է: ՀՅԴ-ն ունի շուրջ 128-ամյա պատմություն եւ վստահեցնում եմ, որ ցանկացած երիտասարդ ՀՅԴ-ի դպրոցն անցնելիս այնքան գիտելիք ու փորձ ձեռք բերելու առիթ է ունենում, որ միանգամայն բավարար է պետական աշխատանքներ իրականացնելու համար: Այս առումով շատերը ՀՅԴ-ից օրինակ վերցնելու առիթ պետք է ունենան», – նշել է նա` թերեւս նաեւ ակնարկելով, թե իրենք Սերժ Սարգսյանի դպրոցի կարիքը չունեն:
ՀՅԴ նոր Գերագույն մարմնի անդամները սակայն չեն շտապում Սերժ Սարգսյանին անփոխարինելի համարել: Նրանք երեկ հայտարարել են, թե քաղաքական զարգացումները երբեք անձերով չեն պայմանավորել: «Կեղծ քաղաքական օրակարգ է վարչապետի թեկնածուի արծարծումը, քանի որ այն վերապահված է քաղաքական մեծամասնությանը, եւ որպես կոալիցիայի կողմ՝ մենք հարգանքով կվերաբերվենք քաղաքական գործընկերոջ կողմից կայացված որոշմանը», – նշել է նա, սակայն ընդգծել` եթե Սերժ Սարգսյան քաղաքական գործչի հանդեպ չունենային դրական մոտեցում, ամենայն հավանականությամբ, կոալիցիային մաս չէին կազմի:
Հետաքրքիր է, որ այս ընթացքում Դաշնակցության անդամներից միայն բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն է բացահայտ հայտարարել, որ հենց Սերժ Սարգսյանին է տեսնում վարչապետի պաշտոնում: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել էր. «Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե՛: Եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի»:
Նաիրա Հովհաննիսյան