Վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետն անտեղյակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիր-Երեւան երթուղու վարորդները օրվա մեծ մասը չեն աշխատել: Նրանք գործադուլ են արել: Ըստ վարորդների` պատճառն այն է, որ գծատերերը բարձրացրել են «օրվա պլանի» չափը: Բանն այն է, որ նախկինում նրանք աշխատանքային օրվա ավարտին երթուղին շահագործողին վճարել են 15 հազար դրամ: Իսկ հիմա գծատերը պահանջում է վճարել ավելի քան 20 հազար դրամ: Բայց վարորդների պնդմամբ` նրանք պարզապես չեն կարող պահանջված գումարը վճարել, որովհետեւ մեքենաները լիցքավորելու գազի գինն է թանկացել, ուղեւորահոսքն է նվազել: Ինչն էլ իր հերթին ազդել է նրանց աշխատավարձի չափի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդների իրականացրած գործադուլի պատճառով երեկ առավոտյան Արմավիր քաղաքի մի շարք քաղաքացիներ ստիպված են եղել դեպի Երեւան աշխատանքի, դասի գնալ ու հետ վերադառնալ տաքսիներով: Նկատենք, որ վերջին ամիսներին ավտոբուսների, միկրոավտոբուսների վարորդները հաճախակի են բողոքի ակցիաներ անում, բայց, փաստորեն, ապարդյուն:
Արմավիր-Երեւան երթուղին շահագործում է «Գալակտիկա Տրանս սերվիս» ընկերությունը:

Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրն է Մուշեղ Խաչատրյանը, ում մասնակցությունը դադարեցված է: Իսկ ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Հավանաբար ընկերությունը խնդիրներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի նկատմամբ մի քանի անգամ նշանակվել են վարչական տուգանքներ: Բանն այն է, որ ընկերության կողմից սպասարկվող թիվ 207 Երեւան-Արմավիր միջմարզային երթուղում խախտվել են չվացուցակով հաստատված միկրոավտոբուսների մեկնման ժամերը, ինչի համար տնօրենը տուգանվել է 60 հազար դրամով:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ: Սակայն վերջինս հրաժարվեց խոսել` նշելով, որ ոչնչից տեղյակ չէ. «Ես տեղյակ չեմ, չեմ կարող խոսել հեռախոսով: Ինձ խանգարում եք»: Նկատենք, որ Ռուբեն Խլղաթյանը մշտապես անտեղյակ է իր ղեկավարած քաղաքում տեղի ունեցող իրադարձություններից: Նա, ինչպես միշտ, ուխտի ականջում քնած է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս