Դատապարտյալները սպասե՞ն ներման. համար առաջին բանտապետը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հետ խոսել են դատապարտյալների հուզող ամենակարեւոր հարցի մասին:

-Պարո՛ն Հովհաննիսյան, դատապարտյալները տեւական ժամանակ է, ինչ ներման խնդրագիր են ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ սպասում են նրա որոշմանը: Վարչությունը այն մարմինն է, որը կատարելու է ներման որոշումը: Այդ հարցի շուրջ չե՞ք խոսել Սերժ Սարգսյանի հետ:

-Ո՛չ: Նման հարցով չենք զրուցել:

-Այսինքն` Ձեզ հանձնարարական կամ ցուցակ չի՞ տվել Սերժ Սարգսյանը, թե ովքեր պետք է ներում ստանան:

-Այն, ինչ հրապարակվել է մամուլում, դա է, դրանից դուրս որեւէ այլ հարց չի քննարկվել:

-Այսինքն` դատապարտյալները ներման չսպասե՞ն:

-Ես նման բան չասացի, որ չսպասեն, ուղղակի ես ասացի, որ այդ հարցը նախագահի մոտ չի քննարկվել, ինձ հետ չի քննարկվել այդ հարցը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս