Ռոբերտ Աբաջյանը ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս նահատակներից մեկն է: Նա զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Պատմում են, որ Ռոբերտը կռվել է մինչեւ վերջ, վիրավորվելուց հետո շարունակել է պայքարել, երբ իր մոտ այլեւս փամփուշտ չի մնացել, չի հանձնվել: Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Ռոբերտ Աբաջյանը նռնակն ափի մեջ է թաքցրել, ձեռքերն առաջ պարզել` իբր հանձնվում է, թույլ տվել մոտենան ու իր հետ միասին նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին:
2016թ. մայիսի 8-ին Ռոբերտ Աբաջյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվում է, թե ինչ պայմաններում են աժմ ապրում հերոսների ընտանիքները։ Մեզ հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Գեւորգ Աբաջյանը, պատմեց. «Օժանդակություն ցուցաբերել են միայն անհատներ, պետության, մասնավորպես պաշտպանության նախարարության կողմից ոչ մի օժանդակություն չի եղել, միայն պանթեոնի ծախսերն են հոգացել։ Կարծում եմ, որ պետությունը պետք է օժանդակություն ցուցաբերի այն ընտանիքներին, որոնք զոհեր են ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Իմ ընտանիքը ֆինանսապես ապահոված չէ, ես թոշակառու եմ, տղաներս թողել են ծնողներին, իրենց երեխաներին եւ մեկնել են Ռուսաստան՝ աշխատելու»:
Ապա հավելեց. «Բացի այդ, գրեթե երկու տարի է անցել, Ղարաբաղից որեւէ պաշտոնյա չի հայտնել ցանկություն` գալու, իմանալու, ճշտելու, թե իր հերոսի ընտանիքը, ծնողները ինչպե՞ս են ապրում, ի՞նչ պայմաններում են ապրում։ Միայն հերոսի կոչում տվեցին ու պրծան դրանով»,- ասաց նա:
ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ