Տատիս պես քաղքենի և հարսներին չհավանող կնոջ դեր եմ խաղում․ Պաուզա Անո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նարինե Ոսկանյանը, ով հանրության լայն զանգվածներին ավելի հայտնի է Պաուզա Անո բեմական անվամբ, հանդես է գալու «Ազիզյաններ» սիթքոմի չորրորդ եթերաշրջանում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ մինչեւ «Սուպեր մամա 2» ֆիլմում նկարահանվելը շուրջ երեք տարի հումորային նախագծերում չէր ներկայացել:

«Սիթքոմը միշտ դիտել եմ եւ ծանոթ եմ սյուժեի զարգացումներին: Հիմա ես մարմնավորում եմ Մարիի ապագա սկեսրոջ կերպարը՝ գյումրեցի կնոջ: Ինձ այս կերպարում գրավեց այն, որ նա շատ նման է հորական տատիկիս: Նա էլ շատ հարուստ էր եւ քաղքենի, խիստ էր, ավանդապաշտ, չէր հավանում հարսներին եւ մշտապես ինտրիգներ էր սարքում»,-ծիծաղելով նշեց դերասանուհին:

Հարցին, թե սիթքոմի շրջանակում իմպրովիզներ անելու հնարավորություն տրվո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այնքան լավ են սցենարները գրում, որ դրա կարիքը չի զգացվում: Ամեն դեպքում, եթե լավ իմպրովիզ է լինում, քննարկում ենք»:

Դերասանուհուն դուր է գալիս աշխատելը նոր սերնդի ներկայացուցիչների հետ. «Մենք տարիքային տարբերությունը հաշվի չենք առնում, բոլորս կարծես մի ընտանիք լինենք, շփվում ենք ինչպես հավասարը հավասարի հետ, ինձ դուր է գալիս այս թիմը»,-ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք՝ ըստ Նարինեի` 1990-ականների հետ համեմատած՝ հումորի որակը Հայաստանում բարձրացե՞լ է, թե՞ իջել. «Կարծում եմ՝ բարձրացել է, այդ աճը չնկատել հնարավոր չէ: 90-ականների հումորի մեջ ցինիզմ կար, հիմա այդ հումորն ավելի հավաք է ներկայացվում: Ես այն դերասանուհիներից չեմ, որոնք ասում են՝ այժմյան հումորի որակը լավը չէ: Ես այդպես չեմ կարծում: Հիմա այնքան տաղանդավոր երիտասարդներ կան… Մեզնից էլ տաղանդավոր»,-շեշտեց դերասանուհին:

Վերադառնալով սիթքոմին՝ նա խոստացավ, որ «Ազիզյանների» նոր եթերաշրջանը տարբերվելու է սյուժեի սրընթաց զարգացումներով. «Ի դեպ, սիթքոմում ավելացել են նոր կերպարներ, իսկ թե կհաջողվի իմ կերպարին բաժանել իր տղային Մարիից, թե ոչ, դիտեք, եւ կտեսնեք»,- եզրափակեց նա:

Անի Անտոնյան




Լրահոս