Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:

Արցախի առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ականի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987 թ.) վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են: «Նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների անդամահատում, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ»,-տեղեկացրին նախարարությունից:

Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան: Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքեր Ղազանչի տեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս