Սերժ Սարգսյանի իշխանությունը հետեւողականորեն նախապատրաստվում է ապրիլից լրատվամիջոցների առաջ փակել բոլոր դռները` այդպես Հայաստանում սահմանափակելով խոսքի եւ մամուլի ազատությունը: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծում գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու դրույթից հետո կառավարությունը, հանձին ՀՀ արդարադատության նախարարության, մեկ այլ նորամուծություն է հորինել: Հիմա էլ օրենսդրական հիմքեր են ստեղծվում, որպեսզի Երեւանի քաղաքապետն ավագանու նիստերին արգելի լրագրողների ներկայությունը: Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ սահմանված է, որ քաղաքապետարանում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են «Երեւանի ՏԻՄ նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակմամբ դիտելու եւ ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ»: Օրենսդրական այս նախաձեռնությունը, թերեւս, պատական չէ: Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի ամոթալի նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկար փորձեց, բայց չկարողացավ սահմանափակել լրագրողների ներկայությունն ավագանու նիստերին: Այդ քայլին դիմելու համար նա չուներ իրավական հիմքեր: Եւ հիմա Դավիթ Հարությունյանը որոշել է օգնության հասնել կուսակցական գործընկերոջը` օրինագծում ներառելով լրագրողների դեմ իրավական սահմանափակումներ ենթադրող դրույթներ: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ իշխանությունները մտադրված են ապրիլից, երբ նոր Սահմանադրության պարագայում ձեւավորվի նոր իշխանությունը, սահմանափակումներ մտցնել լրատվական դաշտում` լրագրողների առաջ փակելով դռները. այդպես է ցանկանում ապագա վարչապետ Սերժ Սարգսյանը: Եւ հիմա կատարվում են նրա ցանկությունները: Մեկ նկատառում էլ. իշխանությունները միջազգային ասպարեզում հանդես են գալիս որպես ժողովրդավարության ջատագովներ, բայց իրականում ոտնահարում են ժողովրդավարական արժեքները, խոսքի ազատությունը:
Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: 2014-2016թթ. ընթացքում «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարն այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պողոսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմել է Պողոսյանին, սակայն նա հայտարարել է, թե ոչնչից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը գնում, եթե կոնկրետ ձեւակերպումները լինեն, ես կմեկնաբանեմ, եթե դա կոնկրետ, այսպես ասած, իմ աշխատելու ընթացքի հետ է եղել»,- ասել է նա:
Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կիրագործի ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, այդ մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե վիզաների ազատականացմանը կարելի է սպասել առնվազն մեկ ու կես տարի անց: «Եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տեւում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տեւել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է եւ իրականություն չդառնա», – նշել է նա:
Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաեւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Բայց հետաքրքիր է այն փաստը, որ ապրիլի 9-ից 17-ը, այսինքն՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետի պաշտոնակատարը չեն ունենա երկրի կառավարման լիազորություններ: Այդ օրերին երկրի փաստացի ղեկավարը լինելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ փորձել է պարզել, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից 17-ը. որտե՞ղ է գնալու աշխատանքի: Չէ՞ որ վարչապետի նոր նստավայր՝ Բաղրամյան 26, նա կարող է վերադառնալ միայն այդ պաշտոնը ստանձնելու դեպքում: Ս. Սարգսյանի համար միակ աշխատավայրը մնում է իր ղեկավարած ՀՀԿ գրասենյակը: «Այն գործունեությունը, որ պարոն նախագահն անում է որպես կուսակցության ղեկավար, կատարում է Մելիք-Ադամյան 2-ում: … Սարգսյանն ինքն իր գրաֆիկն է որոշելու եւ տնօրինելու իր օրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՕՐՈՒԵԼԻ «1984»-Ը ՀԻՇԵԼՈՎ
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որում առաջարկել է լրացուցիչ կանոնակարգումներ մտցնել հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման խնդրում: Ըստ այդմ, օպերատիվ-հետախուզական մարմինները դատական ակտի պարագայում իրավունք են ստանում հսկել նաեւ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները: Ու հիմա նախագծում առաջարկվում է սահմանափակում մտցնել, թե այդ հսկողությունը պետք է լինի ոչ թե ցանկացած քրեական հանցագործության պարգայում, այլ եթե խոսքը վերաբերում է միայն ահաբեկչությանը, կամ ՀՀ պետական, ռազմական անվտանգության դեմ հանցագործությունների կանխմանը կամ բացահայտմանը:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե կառավարությունը փորձել է որոշակի սահմաններ գծել օպերատիվ-հետախուզական գործունեությամբ զբաղվող մարմինների համար` թույլ չտալով, որ ամեն մի հանցագործության դեպքում վերահսկեն անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարների խոսակցությունները:
Բայց արի ու տես, որ չնայած այս ձեւակերպումներին, կարող են անարգել գաղտնալսվել ընդդիմադիր գործիչների ու նրանց հետ ուղղակի եւ անուղղակի առնչություն ունեցող քաղաքացիների հեռախոսները: Ի վերջո, իրավապահները հեշտությամբ կարող են ընդդիմադիրների գործունեությունը որակել որպես պետության անվտանգության դեմ հանցագործության նախապատրաստություն, եւ իբր դրանք կանխելու համար օրենքով սահմանված կարգով վերահսկողություն սահմանեն:
Այդ երեւույթի դառը փորձն ունենք. 2008թ. նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների հեռախոսազրույցները դատարանի որոշմամբ գաղտնալսվել էին: Իսկ որպես պատրվակ նշվել էր, թե ընդդիմադիրներն իբր պետության անվտանգության դեմ հանցագործություններ, պետական հեղաշրջում են նախապատրաստում: Ընդդիմադիրների «հանցագոծությունն» էլ, հիշում եք, հետընտրական բողոքի ցույցերն էին՝ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքները, որն իշխանությունները որակել էին պետական հեղաշրջման նախապատրաստվելու փորձ: Այս բոլոր փաստերը բացահայտվեցին Մարտի 1-ի գործի շրջանակներում:
Դրանից հետո կարելի է վստահաբար պնդել, որ իշխանությունները նույնկերպ վարվել են նաեւ հետագայում ընդդիմադիր մյուս գործիչների նկատմամբ, քաղաքական լարված իրավիճակներում: Դե, իրենց գործողություններն էլ պատճառաբանել են, թե իբր նպատակ են ունեցել կանխել պետության անվտանգության դեմ հանցագործությունները: Ճիշտ եւ ճիշտ Օրուելի հայտնի «1984» վեպի նմանությամբ: