ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Նույն օրը հրաժարական կտա նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը: Բայց թե՛ Կարապետյանը, թե՛ կառավարության մյուս անդամները մինչեւ վարչապետի ընտրությունը, այսինքն՝ ապրիլի 17-ը, համարվելու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Ստացվում է՝ Հայաստանն ապրիլի 9-ից մինչեւ 17-ը չի ունենա լիարժեք լիազորություններով ղեկավար՝ վարչապետ: Նոր նախագահն էլ կունենա շատ սահմանափակ, սիմվոլիկ լիազորություններ: Այդ ընթացքում Հայաստանը կհայտնվի առանց ղեկավարի կարգավիճակում:

Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Սակայն փաստացի նա ապրիլի 9-ին հրաժարական է տալու երկրի ղեկավարի պաշտոնից, իսկ նոր պաշտոնին էլ կարող է անցնել միայն ապրիլի 17-ից, երբ արդեն ընտրված կլինի խորհրդարանի կողմից: Իսկ ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանն այդ միջանկյալ հատվածում: Փաստացի նա այլեւս չի հանդիսանալու երկրի ղեկավար, հետեւաբար նախագահական աշխատանքի չպետք է այցելի: Իհարկե, թեկուզ արդեն որպես պաշտոնաթող նախագահ նրա սպասարկումն ապահովելու են. Սարգսյանն ունենալու է համապատասխան մեքենա, թիկնազոր եւ այլն: Բայց հետաքրքիր է՝ որտե՞ղ է նա ապրելու պաշտոնաթողությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում՝ նախագահական առանձնատանը, ուր բնակվում է դեռ 90-ականների սկզբից, երբ ստանձնել էր պաշտպանության նախարարի պաշտոնը, թե՞ այլ վայրում: Նշենք, որ 2008թ. Քոչարյանն իր լիազորությունների ավարտից հետո շարունակեց բնակվել Պռոշյան փողոցում տեղակայված կեցավայրում, մինչեւ տեղափոխվեց իրեն հատկացված վայրը: Եւ Սերժ Սարգսյանն էլ այդ մեկ շաբաթը կլինի «կենվորի» կարգավիճակում, մինչեւ դառնա վարչապետ ու կրկին իրավունք ստանա բնակվել կառավարական կեցավայրում:
Սակայն փաստացի ապրիլի 9-ից հետո ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ապրիլի 9-ից հետո որպես կուսակցության ղեկավար ինչ է անելու Սերժ Սարգսյանը: «Որպես կուսակցության ղեկավար նա ընտրվել է մինչեւ 2022 թվական: Մի՛ անհանգստացեք, Սարգսյանը որպես կուսակցության ղեկավար այսօր էլ է ծանրաբեռնված կուսակցության գործերով», – նշեց նա` նկատելով նաեւ, թե հենց երեկ երեկոյան տեղի է ունեցել կուսակցության նիստ, որը եւս Սարգսյանը վարել է որպես կուսակցության ղեկավար:
«Այն գործունեությունը, որ պարոն նախագահն անում է որպես կուսակցության ղեկավար, կատարում է Մելիք-Ադամյան 2-ում, իսկ այն գործունեությունը, որը կատարում է որպես երկրի նախագահ, կատարում է Բաղրամյան 26-ից: Կուսակցության գործադիր նիստը վարելու ժամանակ նա լինելու է կուսակցությունում, իսկ թե որ ժամին, ոնց, ինչպես է լինելու, Սարգսյանն ինքն իր գրաֆիկն է որոշելու եւ տնօրինելու իր օրը», – հավելեց Շարմազանովը:
Մեկնաբանելով լուրերը, թե Սարգսյանի աշխատասենյակը կուսակցությունում վերանորոգում են, ՀՀԿ մամուլի խոսնակը հերքեց` ասելով, թե տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը մշտապես էլ այցելել է կուսակցություն, եւ այնպես չէ, որ միայն նոր պետք է վերանորոգեին: «Որպես կուսակցության նախագահ նա իրականացնելու է կուսակցության նախագահի գործառույթները, քննարկելու է կուսակցականների հարցերը, նիստեր է հրավիրելու, ղեկավարելու է մեր նիստերը: Անելու է այն, ինչ անում է վերջին տարիների ընթացքում», – հավելեց նա:
Իսկ ի՞նչ է սպասվում ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, եւ ինչպիսի կառավարման համակարգ կունենանք ապրիլի 17-ից հետո: Չնայած Կարեն Կարապետյանը որպես վարչապետի պաշտոնակատար լիազորություններ ունենալու է, սակայն ոչ այնպիսին, որոնք բնորոշ են լինելու ապրիլի 17-ին ընտրված վարչապետին: Բանն այն է, որ նոր ընտրվող վարչապետին տրվող բոլոր լիազորությունները ենթադրող օրենքներն ուժի մեջ են մտնելու հենց ապրիլի 9-ից: Հրաժարական տված կառավարությունը` վարչապետից մինչեւ նախարարներ, կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ եւ կառաջնորդվեն նախկին Սահմանադրության նորմերով, որը, ի տարբերություն նորի, չի նախատեսում վարչապետի կողմից ուժային կառույցների վերահսկողություն: Հետեւաբար այդ շրջանում որպես վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ոչ մի լիազորություն չի ունենալու:
Եվ չնայած ապրիլի 9-ից Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները կսկսեն գործել, եւ երկիրը նոր նախագահ կունենա, սակայն նա եւս այդ շրջանում գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի: Եվ ստացվում է, որ ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածում երկիրը փաստացի ղեկավարելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա էլ այդ օրերին պետք է առաջադրի վարչապետին՝ որպես իշխող մեծամասնության ներկայացուցչի:
Նշենք նաեւ, որ նոր նախագահը պաշտոնավարելու է Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենքում՝ կառավարության ընդունելությունների տանը, որը վերածվելու է նախագահական նստավայրի. այդ փաստն ամրագրված է նաեւ օրենսդրությամբ: Իսկ նոր վարչապետի աշխատավայրը լինելու է Բաղրամյան 26-ի հայտնի շենքը՝ ներկայիս նախագահականը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նոր վարչապետն առանձին աշխատասենյակ կունենա նաեւ կառավարության գլխավոր մասնաշենքում՝ երրորդ հարկում, երբ կառավարության նիստերն անցկացնելու համար այցելի այնտեղ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՇՏԱՊ ՆԻՍՏ
Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությանը մնացել է կարճ ժամանակ. ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի լիազորությունները, կառավարությունը, Սահմանադրության համաձայն, հրաժարական է տալու: Ու թերեւս առաջիկա հրաժարականն է պատճառը, որ կառավարությունում արդեն ճամպրուկային տրամադրություններ են: Օրինակ` կառավարության երեկվա նիստը տեւեց ընդամենը 30 րոպե: Ավելին` երեկվա նիստում ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին եւ հանձնարարեց, որ նա այդ հանձնարարականը կատարի մինչեւ ապրիլի 16-ը: Ասել է, թե Կարեն Կարապետյանը ցանկանում է, որ իր հանձնարարականը կատարվի վարչապետության օրոք, այլ ոչ թե հետագայում փոխանցվի փոխարինողին: Իսկ երեկվա նիստում, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, թեեւ 43 հարց էր ընդգրկված, սակայն մեծամասնությունը կա՛մ չզեկուցվող էր, կա՛մ գաղտնի: Եւ այդպես կառավարությունն «արագի մեջ» սկսեց ու ավարտեց իր աշխատանքը: Ենթադրվում է՝ նույն պատկերը լինելու է նաեւ առաջիկա երկու շաբաթների ընթացքում:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՉԿԱ
Առաջինից երկրորդ ընթերցում կրկին փոփոխություններ են կատարվել «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես այս օրենքով է սահմանվում արարողակարգային ավագությունը: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում ըստ ավագության առաջին հնգյակում նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնն էր ամրագրված, ապա լրամշակած տարբերակում այն հանվել է: Բացի այդ` որպես առանձին ավագության աստիճան առանձնացված չէ նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը. սա եւս հանվել է ցանկից: Բայց ավագությամբ առաջին տեղի հարցն այսպես է որոշված՝ «ըստ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տեւողության հերթականությամբ»: Ու հիմա հարց է՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանն է լինելու արարողակարգով առաջինը, թե՞ Վաչե Գաբրիելյանը, որ փաստացի փոխվարչապետն է: Այս ընթացքում կատարվել է նաեւ մեկ այլ փոփոխություն. նախկինում ամրագրված էր, որ վարչապետը, որպես կանոն, դիմավորում եւ ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար: Փոփոխված դրույթում այս լիազորությունը տրվում է նաեւ նախագահին: Հավելենք, որ առաջարկված փոփոխություններով լրամշակված նախագիծը խորհրդարանում կքննարկվի այսօր մեկնարկող արտահերթ նիստում:

 

 

ՄԱՍԱՄԲԸ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նախօրեին 10.5 տարվա ազատազրկման դատապարտված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին մասամբ է քաղբանտարկյալ համարում։ news.am-ի հարցին՝ Սէֆիլյանին համարո՞ւմ է քաղաքական բանտարկյալ, Մարուքյանը պատասխանել է. «Այն մասով, որ իր գործունեությունը կապված է քաղաքական գործունեության հետ, այո՛, համարում եմ: Որ մասով որ կապված չի, էդ մասով գիտեք, որ տարաձայնություններ ունենք։ ժամանակին խոսվել է դրա մասին։ Զինված պայքարի հայտարարությունները չեմ կարող համարել քաղաքական գործունեություն»։

 

 

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ
ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Լամբերտո Զանյերը հայտարարել է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում: «Այս հարցին ավելի ճիշտ կլինի, որ պատասխանեն ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունն ու Մինսկի խումբը, բայց իմ կարծիքով` անգամ ամենաձգձգված հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում եւ համառություն»,-նշել է գերագույն հանձնակատարը:

 

 

ՊՊԾ-Ն` ԱԱԾ-Ի ԿԱԶՄՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով առաջինից երկրորդ ընթերցում «Կառավարության կառուցվածքի մասին» օրինագծում կատարված փոփոխությունները, հայտարարել է, որ պետական պահպանության ծառայությունը պետք է գործի ազգային անվտանգության ծառայության կազմում: Նախարարն ասել է, որ նախկինում կար խորհուրդ, որը քննում էր գնումների հետ կապված բողոքները, որը կառավարության կառուցվածքից, ենթակա մարմիններից դուրս էր: Ըստ նրա` նախատեսում են նախարարության ենթակա մարմին` գնումների հետ կապված բողոքները քննող անձանց: «Կառավարությունը կսահմանի այդ անձանց թիվը»,-ասել է Դ. Հարությունյանը:

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ
«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով «Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների» գործով կայացած դատավճիռը, հիշեցնում է ԵԽԽՎ 1900 բանաձեւի համապատասխան դրույթը ու պնդում` Սէֆիլյանը եւ մյուսները քաղբանտարկյալ են. «Քաղբանտարկյալ համարվում են այն մարդիկ, ում կալանավորումը տեղի է ունեցել անարդար ընթացակարգերի պատճառով, որտեղ նաեւ երեւում է իշխանությունների քաղաքական շարժառիթը»: Լ. Զուրաբյանը հիշեցրել է նաեւ, որ դատավարության ընթացքում Սէֆիլյանը զրկված է եղել ցուցմունք տալու, հարցեր ուղղելու եւ պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորությունից: Նրա համոզմամբ` դատավճիռը հետեւաբար օրինական չէ. «Ինձ չի հետաքրքրում` իշխանությունը որ դեպքում է նեղանում, որ դեպքում ներում է կամ չի ներում: Մեզ հետաքրքրում է իրավական մոտեցումը: Կոպտագույն խախտում է. պաշտպանության կողմը չի ունեցել հավասար իրավունքներ: Դա արդեն նշանակում է, որ ոչ մի բան չի կարելի ապացուցված համարել»,-ասել է Զուրաբյանը:




Լրահոս