ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` Հայաստանն ու Եվրոպական միությունը քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։ Հատկապես 2017 թվականին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո առավել շատ սկսեց խոսվել վիզաների ազատականացման մասին: Սակայն իրականում դա այնքան էլ հեշտ եւ արագ կատարվող գործընթաց չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Երկարատեւ բանակցություններից հետո 2014 թվականին Հայաստանին, ի վերջո, հաջողվել էր դյուրացնել վիզաների ստացման ընթացակարգերը, ուժի մեջ էր մտել նաեւ Ռեադմիսիայի համաձայնագիրը: Վերջին տարիներին Հայաստանը միացել է նաեւ «Հորիզոն 20-20», COSME ծրագրերին, մեկնարկել են, սակայն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը դեռեւս չի սկսվել եւ առկախված վիճակում է։
Երեկ լրագրողների հետ զրույցում վիզաների ազատականացմանն էր անդրադարձել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծեց, որ եվրոպական երկրներում վիզաների ազատականացման վերաբերյալ մտավախությունը պայմանավորված է Եվրոպայում ձեւավորված իրավիճակով, մասնավորապես, միգրանտների հոսքով, ինչի պատճառով Եվրոպան զգուշավոր է եւ շահագրգիռ, որպեսզի ազատականացումը չբերի չարաշահումների: «Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա: Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ-ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել: Այդ տեսակետից կարեւոր է բոլորի հետ աշխատել», – նկատել էր պաշտոնյան:
Սակայն կան մի շարք պայմաններ, որոնց պետք է բավարարել վիզաների ազատականացման մասին խոսակցությանն անցնելու համար: Այս մասին բազմիցս նշել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Վիզաների ազատականացումը պահանջում է հսկայական, իսկապես ջանասիրաբար աշխատանք մեր հայ գործընկերների կողմից: Եվրոպացի քաղաքացիները պետք է տեսնեն, որ դուք շահագրգռված եք դեպի Եվրոպա ազատ մուտքով: Ես անձամբ հավատում եմ ազատ ճամփորդության հնարավորությանը Եվրոպայում, ես հավատում եմ, որ այդ օրը կգա նաեւ հայաստանցիների համար, հետեւաբար՝ համբերություն, ջանասեր աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ եմ մաղթում», – նշել էր նա` հավելելով՝ եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, եթե բոլոր անհրաժեշտ տարրերն առկա լինեն, եւ ԵՄ անդամ երկրները համոզված լինեն, որ ժամանակը եկել է, ապա դա տեղի կունենա, եւ ոչ ոք չի հետաձգի այն ինչ-ինչ անձնական պատճառներով:
Իսկ որքան կարող է տեւել գործընթացը, եւ ինչ պետք է անի Հայաստանը: Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ամեն ինչ սկսվում է վիզաների ազատականացման երկխոսությունով: «Այսինքն` այդ փուլը պետք է ֆորմալ անցնենք, որպեսզի առանց վիզայի մուտքի իրավունք ստանանք ԵՄ: Գործընթացը կարող է ավելի երկար լինել, կարող է ավելի կարճ տեւել: Դա կախված է նաեւ այն պայմաններից, որ Հայաստանը կատարում է, եւ նրանից, թե որքանով է ԵՄ-ն քաղաքական կամք դրսեւորում, որպեսզի այդ փուլն արագ անցնենք», – նշեց նա:
Նավասարդյանը հավելեց, թե այդ փուլից հետո արդեն սկսվում են բուն բանակցությունները՝ դրանք պրակտիկ կիրառելու քայլերին միտված: Սակայն Նավասարդյանն ընդգծեց, թե որեւէ երկրի դեմ լինելու դեպքում այդպես էլ կարող է իրականություն չդառնալ: «Այդ երկու փուլն իրար հետ, եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տեւում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տեւել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է եւ իրականություն չդառնա», – ընդգծեց Բորիս Նավասարդյանը:
Փորձագետի խոսքով` կան պարտավորությունների ստանդարտ ցանկ եւ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է կատարվեն: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը, հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, աշխատանքային իրավունքներին եւ այլն: «Պարտադիր օրենսդրական կարգավորումներ են պետք, աշխատանքային իրավունքներ, պետք է երկիրն ապահովի իր քաղաքացիների իրավունքները: Եթե ապահովում է, դա նշանակում է, որ պատճառները, որ իրենք անօրինական են միգրացիայի դիմում, նվազում են, ու դա հիմք է դառնում վիզաների ազատականացման համար», – եզրափակեց մեր զրուցակիցը:
Ընդգծենք, որ վերջին շրջանում ԵՄ-ն շատ զգուշավոր է դարձել վիզաների ազատականացման հարցում: ԵՄ-ն քայլ առ քայլ է գնում այդ ուղղությամբ: Ի սկզբանե Մոլդովան է եղել, ապա Վրաստանը, հետո՝ Ուկրաինան: Ընդ որում, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինային ու Վրաստանին մի քանի տարի պահանջվեց՝ իրենց քաղաքացիների համար Եվրամիության տարածք ազատ մուտք գործելու հնարավորություն ստեղծելու համար: Այդ ճանապարհին Կիեւը եւ Թբիլիսին ավելի քան մեկ տասնյակ օրենքներ ընդունեցին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՉԱՆՉԵՐԸ ԳՑԵԼ ԵՆ
Երեկ Դավիթ Հարությունյանը ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն` ավագանու նիստերին արգելված է լրագրողների ներկայությունը: «Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերը առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու եւ ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երեւանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ»,- նշված է նախագծում: Իսկ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ից՝ ՀՀ նորընտիր նախագահի լիազորությունները ստանձնելու օրվանից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, անդրադառնալով այս օրինագծին, ասաց. «Դավիթ Հարությունյանը սպասարկում է Սերժ Սարգսյանի շահերը` ինչքան որ իրենից պահանջեն։ Օրինագիծը ամբողջովին հակասում է տեղական ինքնակառավարման մասին օրենքին, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենիքն եւ Երեւանի ավագանու կանոնակարգին։ Այդ նիստերը պետք է լինեն հրապարակային. հրապարակային նշանակում է պարզ, մարդկանց համար մատչելի, մարդկանց ներկայությամբ: Դավիթ Հարությունյանը փայլուն հասկանում է այս ամբողջը ու որոշել է օրենքի մեջ նման փոփոխություններ կատարել, որովհետեւ իր պատվիրատուները այդպես են պատվիրել իրեն։ Սա տեղական ինքնակառավարման, ժողովրդավարության, բացության, թափանցիկության, հանրային մասնակցության հետ որեւէ կապ չունցող բան է»։ Ըստ Բարսեղյանի` այս նախագիծն ամենեւին էլ զարմանալի չէ: «Սա արվում է` իշխանության վարքը, գործողությունները հանրությունից հետզհետե փակելու նպատակով, այլ նպատակ այստեղ չկա։ Իրենք կարծում են, որ իրենց գործողությունները հանրության համար թափանցիկ չպետք է լինեն, բայց աջ ու ձախ խոսում են թափանցիկությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ժողովրդավարությունից, բայց օրենքների մեջ կատարում են թափանցիկությունը սահմանափակող գործողություններ,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով,-ես հարց ունեմ իրենց, ինչու՞ պետք է Երեւանի ավագանու նիստերը փակ լինեն, իսկ Գյումրու, կամ Լճաշենի ավագանու նիստերը` բաց, ի՞նչ սկզբունքով։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը ասում է, որ Երեւանն էլ է համայնք, ամենափոքրիկ գյուղն էլ է համայնք, մնացած բոլոր քաղաքներն էլ համայնք են։ Սա նշանակում է, որ կառավարության նիստերը փակելուց հետո էդ մարդիկ չանչերը գցում են քաղաքների ավագանու նիստերը փակելուն։ Ընդհանրապես ամեն ինչ ուզում են փակած լինեն։
Դեռ լրագրողները մի կողմ, լրագրողներին հանգիստ թողնենք, բոլոր քաղաքացիները գործող օրենսդրությամբ իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու նիստերին: Ուրիշ բան, որ փակում եւ չեն թողնում ներկա գտնվել, եւ շատ քաղաքներում մարդիկ օգտվում են այդ իրավունքից, բացառություն է միայն Երեւանը»։

ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «Ժողովուրդ» օրաթերթին երեկ տված բացառիկ հարցազրույցում հնչեցրել է շատ ուշագրավ մտքեր` ապագա կառավարության կառուցվածքի եւ իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ: Հաշվի առնելով Կարայանի հայտարարությունների առանձնահատկությունը` ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ` առանց որեւէ խմբագրման:
– Պարո՛ն Կարայան, Ձեզ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ Կարեն Կարապետյանը:
– … (լռություն):
– Չեք ցանկանո՞ւմ մեկնաբանել:
– … (համակ լռություն: Միայն արագացնում է քայլերը):
– Իսկ Սերժ Սարգսյանը, ըստ Ձեզ, անփոխարինելի՞ է:
– … (շարունակվում է համակ լռությունը): Այդ ընթացքում Կարայանը հասել է ծառայողական մեքենային, ապա` «շրխկ», լսվում է մեքենայի դռան ձայնը, եւ Կարայանը հեռանում է:
Հ.Գ. Ի դեպ, Սուրեն Կարայանը երեւի առանձնահատուկ է ընկալել «լռությունը ոսկի է» արտահայտությունը եւ որոշել է այսկերպ հարստանալ: Մանավանդ, որ նրա պաշտոնական հայտարարագրի համաձայն` բավական համեստ ունեցվածքի տեր անձնավորություն է. Կարայանը չի հայտարարագրել որեւէ անշարժ կամ շարժական գույք: Փոխարենը նա 2017թ. տարեսկզբին ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար, որը տարեվերջին ավելացել է` դառնալով 58 հազար: Իսկ նրա կինն էլ հայտարարագրել է 25 հազար դոլար:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Ազգային Ժողովը միաձայն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Ըստ փոփոխության՝ լրագրողներն այլեւս ստիպված չեն լինի խնդրելու դատավարության կողմերից որեւէ մեկին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի դատական նիստը տեսա/լուսանկարահանելու համար: Բացի այդ, այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմնի ներկայացուցիչը համաձայնություն չի տալիս տեսա/լուսանկարահանել դատական նիստը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այս օրենքի նախագծով առաջին անգամ ուղիղ պարտավորություն է սահմանվում պետական մարմնի ներկայացուցչի համար ողջամտորեն հիմնավորելու դատական նիստը տեսա/լուսանկարահանման դեմ իր առարկումը: Նշենք, որ նախագծին կողմ է քվեարկել 96 պատգամավոր:




Լրահոս